Անկախ ձեր մասնագիտությունից՝ դարձեք արհեստավարժ վարպետ. նախագահական նստավայրում անցկացվել է «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    46%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Լոռի 17°C
    63%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    59%
    14 կմ/ժ
  • Արարատ 21°C
    39%
    4 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    46%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    43%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    61%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.36365
  • Դոլար = 388.242

Անկախ ձեր մասնագիտությունից՝ դարձեք արհեստավարժ վարպետ. նախագահական նստավայրում անցկացվել է «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել «Աշկերտության զարգացումը Հայաստանում՝ շվեյցարական փորձի հիման վրա» ծրագրի շրջանակում կազմակերպված՝ «Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունը: Ծրագիրը, որն իրականացվում է «Միասին» հիմնադրամի և շվեյցարական GAN կազմակերպության հետ համատեղ՝ Ժնևի քաղաքապետարանի աջակցությամբ, նպատակ ունի մարզերի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար սահուն անցում ապահովել ուսումնական հաստատությունից աշխատաշուկա: Ծրագրում ընդգրկվել են 16 կրթական հաստատություններ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերից և ևս երկու կրթօջախ՝ Երևանից:

Ողջունելով ծրագրի իրականացումը և մրցանակաբաշխության կազմակերպումը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երիտասարդ սերնդի համար կարևոր է համարել տաղանդի բացահայտումն ու մասնագիտության մեջ արհեստավարժ դառնալը: «Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ասպարեզում տաղանդ ունի: Արհեստավարժությունն այն է, ինչին պետք է ձգտեք տարիների ընթացում: Տաղանդից դեպի պրոֆեսիոնալիզմ երկար ճանապարհ է: Այդ ճանապարհն, իհարկե, հեշտ չէ: Պետք է նվիրում, սեր ընտրած մասնագիտության հանդեպ, ինչպես նաև երկար տարիների կարգապահ աշխատանք,- ընդգծել է նախագահը՝ ավելացնելով. -Բացի տաղանդից և արհեստավարժությունից, սիրուց և նվիրվածությունից երրորդ բաղադրիչը կա՝ ուսուցիչ՝ վարպետ ունենալը»:

Կարևորելով վարպետի դերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տաղանդը, աշխատանքը, նվիրվածությունը բավարար չեն, եթե մարդ կյանքում նաև չգտնի իր ուսուցչին, նրան, ով, իր կյանքի փորձն ու նվիրվածությունը կփոխանցի. «Սա ճիշտ է բոլոր մասնագիտությունների համար: Ուսուցիչը կարևոր է՝ մաթեմատիկայում, երաժշտության, նկարչության մեջ: Վարպետը մեր ժողովրդի համար ամենաբարձր կոչումներից մեկն է՝ գուցե ամենաբարձրը: Ուզում եմ նորից կրկնել՝ անկախ ձեր մասնագիտությունից, դարձեք վարպետ, դարձեք արհեստավարժ վարպետ»:

Նախագահի խոսքով՝ մենք կարող ենք հպարտ լինել, քանի որ արհեստավարժությունը, արհեստները մեր ժողովրդի կյանքում մեծ տեղ են ունեցել. «Գյումրիում, օրինակ, գեղեցիկ բառ կա՝ ուստա, որը նշանակում է վարպետ: Գյումրին եղել է վարպետների քաղաք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ քաղաքն այդպիսին էլ մնա, կամ վերականգնենք այն՝ նաև ձեր միջոցով, զարգացնենք այն, ինչպես նաև մեր բոլոր բնակավայրերը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ևս բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է երիտասարդ մասնագետների մասնագիտական որակների և հմտությունների զարգացմանը. «Հանրապետության 8 մարզերում իրականացվել են վարպետաց դասեր, վերապատրաստումներ, որոնք հնարավորություն են տվել մեր երիտասարդներին դառնալ ավելի մրցունակ և ուսումնական հաստատությունից անցում կատարել աշխատաշուկա»:

Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութը ոգևորիչ է համարել նման միջոցառման անցկացումը. «Մեր այս աջակցությամբ հուսով ենք նպաստել, որ հաջողության հասած երիտասարդները պատրաստ լինեն իրենց ապագան վերցնել իրենց ձեռքն ու աջակցել Հայաստանի հաջող ապագային»:

Ծրագիրն իրականացնող՝ «Միասին» հիմնադրամի ղեկավար Աստղիկ Մարանջյանը ներկայացրել է ծրագրի ընթացքն ու արդյունքները. ««Լավագույն աշկերտ» մրցանակաբաշխությունն առաջին անգամ է տեղի ունենում ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Հուսով եմ՝ սա կդառնա ամենամյա միջոցառում: Այս սիմվոլիկ մրցանակաբաշխությամբ ուզում ենք ասել, որ ցանկացած մասնագիտության մեջ կարելի է ձգտել կատարելության, որակի և գերազանցության»:

Միջոցառման ընթացքում խրախուսվել են ծրագրի մասնակից բոլոր երիտասարդները, իսկ 10 լավագույնները խորհրդանշական մրցանակների են արժանացել: Շնորհակալագրեր են հանձնվել նաև ծրագրում ներգրավված կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և գործատուներին:

Թեմայի այլ նորություններ