Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 89 տարեկան
▲ Դեպի վեր
  • Երեվան 30°C
    25%
    19 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    50%
    20 կմ/ժ
  • Լոռի 19°C
    62%
    5 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    73%
    12 կմ/ժ
  • Արարատ 31°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 25°C
    51%
    12 կմ/ժ
  • Արմավիր 31°C
    25%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 29°C
    25%
    17 կմ/ժ
  • Կոտայք 27°C
    46%
    19 կմ/ժ
  • Արցախ 24°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40898
  • Դոլար = 387.973

Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 89 տարեկան

Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 89 տարեկան

Ռիմա Դեմիրճյանի «Հիշատակ» գիրքում նկարագրված է բացառիկ մարդու՝  Կարեն Սերոբիչի լույս աշխարհ գալը․

«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս: Ծննդաբերությունը ծանր էր անցել: Երեխան ծնվել էր թեև խոշոր, սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի: Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային, չօգնեցին և, կորցնելով հույսերը, երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու, իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով: Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ: Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում: Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը: Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու: 1932 թ. ապրիլի 17-ն էր: Հրաշքով փրկված նորածինը՝ Կարեն Դեմիրճյանը, իսկ ծննդաբերողը՝ նրա մայրը՝ Լյուսյա Դեմիրճյանը»։

«Հոգևոր, մարմնավոր, մտավոր արատներից ազատ մարդ էր, ասել է թե՝ ազատ էր թաքուն կամ բաց ճիգից իր որևէ արատը սքողելու... Տասնամյակների իշխանությունը և տարիքը ի զորու չեղան այդ եզակի կառույցը խարխլել - իշխանությունը՝ կեցվածքի ամբարտավանությամբ, տարիքը՝ տարեցի վեհերոտությամբ, իր բաժին աշխարհի վերջի անթոթափելի երկյուղով և սրանից արտածվող ագահությամբ ու չարացածությամբ, որ ծերերի բերանը անեծքով է լցնում: Դեմիրճյանը մեծանում էր, բայց չէր ծերանում...»,- Հայաստանի Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանին այդպես է բնութագրել արձակագիր Հրանտ Մաթևոսյանը:
 
«Ուզում եմ, որ հպարտ ասենք, որ հայ ենք, որ ծաղկող հայրենիք ունենք, որի գիտությունը գիտություն է, մշակույթը` մշակույթ: Մեր Հայրենիքը կարող է թռիչքներ անել...»,- Կարեն Դեմիրճյան:
 
Կարեն Դեմիրճյանը կուսակցական և պետական գործիչ էր, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974–88 թթ.), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թ.), Հայաստանի Ազգային հերոս (1999 թ., հետմահու):
 

Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949-1954 թվականներին սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1961 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1954-1955 թվականներին աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955 թվականից՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն։ 1964-1972 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-1974 թվականներին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա՝ առաջին քարտուղար, 1991-1999 թվականներին՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։

Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։ 1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։

Կինը՝ Ռիմա Դեմիրճյան,

Որդիներ՝ Ստեփան Դեմիրճյան և Սամվել Դեմիրճյան։

Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։

Թեմայի այլ նորություններ