Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը. Նիկոլ Փաշինյան: Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    77%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    88%
    10 կմ/ժ
  • Լոռի 16°C
    96%
    7 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 19°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    76%
    4 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    77%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    77%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    82%
    13 կմ/ժ
  • Արցախ 21°C
    67%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.40415
  • Դոլար = 387.973

Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը. Նիկոլ Փաշինյան: Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը. Նիկոլ Փաշինյան: Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը: Մայր օրենքն արդեն 29 տարեկան է:

1995 թվականի հուլիսի 5-ին երկրի Հիմնական օրենքի նախագիծը ներկայացվեց համաժողովրդական հանրաքվեի: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր, որն ամրագրում էր ազատ, անկախ և ժողովրդավար Հայաստանի հիմնադրույթները:

2005-ին, կրկին հանրաքվեով, Մայր օրենքը փոփոխվեց ու լրացվեց, ընդլայնվեցին խորհրդարանի լիազորությունները:

Իսկ 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով մեր երկիրը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք:

Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից: Սահմանադրությունը հիմնական օրենք կոչում են, որովհետև ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրենքներից է, որ սովորաբար ընդունվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, այսինքն՝ այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դեմ» քվեարկում օրենքին, ժողովուրդն է քվեարկությամբ ընդունում կամ մերժում այդ մայր կամ հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:

Այսպիսի իրավակարգավորումներ են գործում նաև Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեր երկրում քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է հանդես գալիս սահմանադիրի դերում:

Ինչո՞ւ է այսպես և ո՞րն է սրա տրամաբանությունը: Սահմանադրություն ընդունելով և Սահմանադրության օգտին քվեարկելով՝ քաղաքացին և քաղաքացիների հավաքականություն ժողովուրդը նախ հայտարարում է, որ ստանձնում է պետություն ունենալու պատասխանատվությունը, պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը: Իսկ բուն Սահմանադրության տեքստում ժողովուրդն արտահայտում է իր պատկերացումը, թե ինչպիսին է պատկերացնում այդ պետությունը, նրա կառավարումը, ինչպիսին պետք է լինի այն ընդհանուր առմամբ և ինչ նախագիծ կյանքի կոչելու վրա ենք աշխատելու բոլորով:

Եվ երրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրության տեքստում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած և կառուցած պետության մեջ իրենց ապրելու կանոնները՝ քաղաքացի-պետություն հարաբեությունների, քաղաքացի-օրենք հարաբերությունների, քաղաքացի-քաղաքացի հարաբերությունների, մարդ-մարդ հարաբերությունների, մարդ-բնություն հարաբերությունների կանոնները: Սահմանադրությունը, ըստ այդմ, քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների և պարտականությունների մասին:

Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան ևայդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո:

Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը: Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում:

Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում: Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին:

Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:

Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:

Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը:

Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար և մենք չպետք է շեղվենք այս նպատակից:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
 
Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը:
 
Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին:
 
Մեր Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը, որովհետև այն նորմերի կամ սահմանումների, ձևակերպումների և հայտարարությունների համահավաք փաստաթուղթ չէ, այլ պետություն-հասարակություն-քաղաքացի հարաբերությունների ներդաշնակության և համակեցության գրված ու չգրված կանոնները երաշխավորող Մայր օրենք:
 
Միևնույն ժամանակ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը:
 
Այս առումով Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, և մասնավորապես պետական պաշտոնյաներն իրենց գործունեության մեջ պետք է ելակետ ունենան հենց սահմանադրականության գաղափարը, որը հանդես է գալիս որպես կողմնորոշիչ, որպես ուղեցույց՝ մեր իղձերի ու երազանքների Հայաստանը կերտելու ճանապարհին:
 
Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության կարևորագույն տոնի կապակցությամբ, մաղթում տոկունություն և ամրություն, Հայաստանի Հանրապետությանը զարգացում, հզորություն և բարգավաճում»,-  ասված է ուղերձում:
 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ,

Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը:

29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ու հռչակելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չնայած որոշ կենտրոնների ու խմբերի կողմից պարբերաբար փորձ է կատարվում ժողովրդից խլել իր այս սահմանադրական անքակտելի իրավունքը, սակայն վերջին իրադարձությունները կրկին ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը՝ ապացուցելով, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ և որպես ժողովրդավարական հստակ ուղեգիծ որդեգրած քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ համամիտ եմ ձեզ հուզող մի շարք մտահոգությունների հետ, որ չնայած Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին՝ դեռևս տարբեր ոլորտներում առկա են որոշ օրենսդրական բացեր, որոնք հաճախ անհարմարություն, երբեմն էլ՝ օրենքի առաջ պաշտպանված չլինելու զգացում են պատճառում շատերիդ:

Շնորհավորելով Սահմանադրության օրը՝ ուզում եմ կրկին շեշտել ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու մեր հաստատակամությունն ու վստահեցնել, որ Ազգային ժողովն իր օրինաստեղծ գործունեության ճանապարհին որևէ ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ, արժանապատիվ ու հարմարավետ դարձնելու համար»:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։ Դրանում ասված է․

«Հարգելի´ հայրենակիցներ,

Հուլիսի 5-ին նշվում է մեր կարևորագույն տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։

Սահմանադրությունն առանցքային դերակատարություն ունի մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման ու մարդու արժանապատվության անօտարելիության ապահովման հարցում։

Իրավական պետության կայացման ճանապարհին առաջնահերթ է պետության կողմից հիմնարար իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորումն ու դրանց վերաբերելի սահմանադրական կառուցակարգերի իրացման պրակտիկայի կատարելագործումը։

Վստահ եմ՝ չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից։ Ուստի առաջնահերթ է բոլորիս ջանքերի մեկտեղումը` մարդու իրավունքների ու արժանապատվության երաշխավորման և Սահմանադրությամբ սահմանված արժեքների ապահովման հարցում։

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված հասարակական համակարգի կայացում»:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

29 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, ընդունելով Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքը՝ մենք մեր կամքն ու վճռականությունն արտահայտեցինք՝ ընթանալու ժողովրդավարական արժեքներով իրավական պետություն կառուցելու ճանապարհով։ Մայր օրենքը, անխոս, երկրի զարգացման, կայացման, ներքին ու արտաքին կայունության երաշխավորն է եղել և կա՛։

Սահմանադրության բացառիկ առաքելությունն է միավորել հասարակության բոլոր շերտերը՝ անկախ սեռից, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, քաղաքական ու կրոնական հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից և այլ հատկանիշներից՝ հանուն ազատության, պետականության և ժողովրդավարության, հանուն իրավունքի գերակայության և մարդու երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքի:

Իր գոյության գրեթե երեք տասնամյակների ընթացքում Մայր օրենքը զարգացել ու բարեփոխվել է՝ պետության կայացմանն ու ամրապնդմանը զուգահեռ։ Սահմանադրության բարեփոխումներն իրապես արդյունավետ են, երբ քաղաքական դերակատարների փոխհամաձայնությունից բացի, առկա է նաև դրանց լիարժեք ընկալման և աջակցության հավաստումը հասարակության կողմից։

Այո´, Սահմանադրությունը չունի մեզ հուզող բոլոր հարցերի ուղիղ պատասխանները, բոլոր խնդիրների լուծումները, սակայն այն պարունակում է դրանց լուծման բանաձևերը և բոլորիս համար հավասար հնարավորություն է ստեղծում՝ մեր ունակություններին համապատասխան կերտելու ազատ քաղաքացու մեր սեփական պատկերը:

մեն ազգ ու ժողովուրդ չէ, որ սեփական Սահմանադրությունն ունենալու իրավունք է վաստակել: Շատ ավելի քիչ են նրանք, որոնց պետականության գիտակցման ու պետական կացութաձևի հետ մերվել ու դրա անքակտելի մասն են կազմել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը: Մենք նույնպես պետք է գիտակցենք, որ Սահմանադրությունն ազատության ու պետականության հաղթանակն է ավտորիտարիզմի ու կամայականության նկատմամբ, ու ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում նույնպես ձևավորվեն Սահմանադրությունն զգացող հասարակություն և դրանով հռչակված սկզբունքներով անշեղորեն առաջնորդվող պետական ինստիտուտներ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն մեր ժողովրդին»:

Թեմայի այլ նորություններ