ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    14%
    4 կմ/ժ
  • Շիրակ 30°C
    25%
    6 կմ/ժ
  • Լոռի 25°C
    67%
    2 կմ/ժ
  • Տավուշ 29°C
    55%
    10 կմ/ժ
  • Արարատ 36°C
    22%
    3 կմ/ժ
  • Սյունիք 32°C
    36%
    12 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    14%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 25°C
    42%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    14%
    4 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    26%
    9 կմ/ժ
  • Արցախ 32°C
    40%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 389.1006
  • Ռուբլի = 4.40292
  • Դոլար = 388.242

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով երկու պատվիրությունների մասնակցությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն շրջանակ:  

Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի:

Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը միտված է տարածաշրջանում իրավիճակի սրմանն ու նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելուն: Այս համատեսքտում շեշտվել է այդ գործելակերպի դատապարտման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման և եռակողմ հայտարարություններով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հրամայականը:  

Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան:   

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեության անհրաժեշտությունն ադրբեջանական կողմի սադրանքների կանխման, խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման գործում։ 

Արարատ Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության կանխման նպատակով միջազգային համապատասխան գործիքակազմի գործարկումն ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության ուղարկման անհրաժեշտությունը:  

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի ընկերներ, գործընկերներ,

Նշեմ, որ մեր այսօրվա հանդիպումն անցել է վստահության և անկեղծության մթնոլորտում:

Մենք քննարկել ենք երկկողմ համագործակցությանը և, իհարկե, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը վերաբերող հարցեր:

Արձանագրել ենք, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և շարունակվում է ակտիվ քաղաքական երկխոսությունը: Գոհունակությամբ նշել ենք մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առկա սերտ փոխգործակցությունը, որի հետագա խորացմանն ուղղված է ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների երկամյա ծրագիրը: Անդրադարձ ենք կատարել նաև ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր համագործակցությանն առնչվող հարցերի:

Ընդհանուր առմամբ գոհունակություն ենք հայտնում միջպետական համագործակցության զարգացման դրական դինամիկայի կապակցությանբ մեր միջպետական հարաբերությունների հոբելյանական անցյալ տարում, երբ մենք նշում էինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Մասնավորապես, մի ​​շարք միջոցառումներ են անցկացվել, որոնք կոչված էին նշանավորելու պատմական տարեթվերի կարևորությունը մեր երկրների համար։

Պատրաստ ենք շարունակել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգմացմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Բնականաբար, մենք նաև քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանների անվտանգության, տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների երեք հայտարարությունների իրականացման ընթացքը, իսկ որոշ կետերի մասով՝ դրանց դրույթների չկատարման փաստը:

Հարգելի գործընկերներ,

Իմ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասում լարված իրավիճակի և, ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, որը շարունակվում է արդեն ավելի քան երեք ամիս։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Այդ կապակցությամբ, 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Ինչպես հայտնի է, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որում հիշատակվում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, կրում է իրավաբանորեն պարտադիր բնույթ։

Մենք ակնկալում ենք ներգրավված բոլոր կողմերի գործուն քայլերը՝ ուղղված իրենց կողմից ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարմանը և Լաչինի միջանցքով տեղաշարժի ռեժիմի վերականգնմանը՝ խստորեն հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Ցավոք, Լաչինի միջանցքի շրջափակումը եռակողմ պայմանավորվածությունների խախտման միակ դեպքը չէ։ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դրսևորում էր այս տարվա մարտի 5-ին Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի ոստիկանության անձնագրային վարչության երեք աշխատակիցների սպանությունը։ Կարևոր է փաստել, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 6-ի իր տեղեկագրում հստակ արձանագրել է, որ այդ միջադեպն իրականացվել է Ադրբեջանի կողմից։

ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կոչված է ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովմանը և նորմալ կենսագործունեության վերականգնման համար պայմանների ստեղծմանը: Միաժամանակ, տագնապալի է վերջին երկու տարուց ավել ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի գյուղերի օկուպացիան, մինչ օրս Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ անձանց պատանդառությունը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների և խաղաղ բնակիչների սպանությունը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ահաբեկմանն ուղղված գործողությունները:

Ընդ որում, դեռ չի իրագործվել միջազգային մեխանիզմը, որը ևս ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մասնավորսպես 7-րդ կետում. այն է՝ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը պետք է իրականացվի ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո: Ավելին, Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է Լեռնային Ղարաբաղի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքների վերաբնակեցման ծրագիր՝ փորձելով տարածաշրջանից ընդհանրապես վերացնել հայկական հետքը:

Մեր գնահատականը մնում է նույնը. Լեռնային Ղարաբաղի հայերի հետ նրանց իրավունքների և անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցի քննարկման փոխարեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտում և ցեղասպանություն: Որևէ կերպ չարժեզրկելով ՌԴ մեր գործընկերների դերը 2020թ. լիակատար հրադադարի ռեժիմի հաստատման գործընթացում, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո հումանիտար աղետի կանխման գործում, ստեղծված իրավիճակն ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և իրավունքների երաշխիքների մեխանիզմների ապահովման և դրանցում միջազգային մասնակցության անհրաժեշտությունը: Հրամայական է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը և Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Այս հարցում հուսով ենք համագործակցել ՌԴ հետ:

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղում գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, որոնք զավթել է 2021թ. մայիսի 12-ին, նոյեմբերի 17-ին և 2022թ. սեպտեմբերին իրականացված ագրեսիաների արդյունքում։ Ավելին, չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին` այդ երկրի ղեկավարությունն այժմ փաստացի հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին՝ այն անվանելով ադրբեջանական հող։

Ադրբեջանի ուղիղ սպառնալիքներն արտացոլվել են այս երկրի նախագահի վերջին հայտարարություններում, ըստ որոնց «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու» և Հայաստանը չի կարող խաղաղ ապրել 29 000 կմ² տարածքում, եթե չընդունի Ադրբեջանի պայմանները:

Մենք ելնում ենք նրանից, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել այնպիսի լուծման, որը երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկաս: Կրկին վերահաստատում եմ մեր հանձնառությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2021թ. նոյեմբերի 26-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարմանը։

Եզրափակելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել՝ ավանդաբար ջերմ ընդունելության և անկեղծ շփման համար։

Սերգեյ Վիկտորի, սպասում ենք Ձեզ Երևանում Ձեզ հարմար ժամանակ:

Շնորհակալություն:

Թեմայի այլ նորություններ