Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (23.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    26%
    33 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    81%
    12 կմ/ժ
  • Լոռի 18°C
    95%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    93%
    6 կմ/ժ
  • Արարատ 29°C
    45%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    26%
    33 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    26%
    33 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    71%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    80%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.3008
  • Ռուբլի = 4.41473
  • Դոլար = 388.501

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (23.04.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (23.04.2021)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օրվա աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով.

Cover

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։

Cover

Ապրիլի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Նամակում վերջինիս ուշադրությունն է հրավիրվել Ադրբեջանի կողմից բռնության և հակահայկական ատելության քարոզի ու ռազմատենչ գաղափարախոսության վրա, ինչը սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և սեփական հայրենիքում ապրելու իր իրավունքի, այլև ողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար։ Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանի տարածքային պահանջները և սպառնալիքները՝ ուժի կիրառմամբ ստեղծելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», սնանկ են թե´ պատմության և թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից։

Cover

Ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 212114 դեպք, որոնցից 192281-ն` առողջացած, 3984-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 14854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955515 թեստավորում: Երեկ կատարվել է 4015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 715 նոր դեպք: Ունենք 1123 առողջացած և 15 մահվան դեպք:

Cover

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը։

Cover

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրգործով ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին ասաց Հովսեփյանի պաշտպանը: Նա կասկածվում է Սյունիքում խուլիգանություն կազմակերպելու մեջ։ Պաշտպանը բողոքարկել է Հովսեփյանի ձերբակալման որոշումը, բողոքը կքննվի այսօր։

Cover

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային դիմագրավելու նպատակով ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ և ԱՀ Նախագահի համապատասխան գրությունների համաձայն՝ իրականացվել է աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց: ԱԽ գրասենյակի համապատասխան վարչության պետ Գրիգորի Սահակյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորվել է 2 գումարտակ և 3 առանձին վաշտ, այդ թվում՝ գրոհային, որոնք անցել են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ: 

Cover

Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Cover

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի որոշումը։

Cover

Ապրիլի 24-ին՝ ժամը 9։00-11։00-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի՝ պայմանավորված պաշտոնական և օտարերկրյա պատվիրակությունների այցելություններով։ [ՀՀ կառավարություն]

Cover

Քննչական կոմիտեն խուլիգանություն հոդվածով մեղադրանք է առաջադրել Գորիսի փոխքաղաքապետին։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան։ ՔԿ-ից հայտնել են, որ այս պահին Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով կա ձերբակալված 23 քաղաքացի։

Cover

Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության լուծում չստանալու օբյեկտիվ փաստը, այլև ամեն կերպ փորձում է սրել երկու ժողովուրդների թշնամանքը: Օրինակ, երբ նա բացում է այսպես կոչված «ռազմավարների պուրակը», զառանցական հայտարարություններ է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն առաջին Ղարաբաղյան պատերազմի զինվորների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության պայմանագրի մասին: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում]

Cover

Այսօր Հադրութի շրջանում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն: Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին: [ԱՀ ԱԻՊԾ]

Cover

Մեղրիում ու Ագարակում վարչապետի դեմ բողոքի ակցիաների գործով Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է խուլիգանության հոդվածով։ Նրա պաշտպանը հայտնել է, որ նոր խափանման միջոցի մասին ՔԿ-ն չի հայտնել։ Մեղադրանքն առաջադրվելուց հետո համայնքի ղեկավարը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ նրա համար հստակ չէ մեղադրանքի էությունը: Պաշտպանի խոսքով՝ թեև իրենց միջնորդությանը, կոմիտեից հրաժարվել են պարզաբանել մեղադրանքը։

Cover

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով 19 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 9-ին՝ ՀՀ ՔՕ 258-րդ (խմբ․՝ խուլիգանություն) հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է: [Քննչական կոմիտե]

Cover

ՀՀ ԱԳՆ և Քաղավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր՝ 19:15-ին, վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։ [ՀՀ քաղավիացիայի կոմիտե]

Cover

Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է շնորհիվ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության: Արցախում խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարացման հարցը կարող է ավելի մանրամասն քննարկվել մանդատի ժամկետի ավարտին մոտ, բայց այս պահի դրությամբ Ադրբեջանը ոչ մի նշան չի ցույց տալիս, որ տարածաշրջանում կայունություն հնարավոր է առանց խաղաղապահների։ [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ria.ru-ին]

Cover

Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի։ [Էմանուել Մակրոնի նամակը՝ Արմեն Սարգսյանին]

Cover

ԼՂԻՄ տարածքը հստակ սահմաններով ընդունված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որ դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի զավթված տարածքները։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, մի կողմ դնելով կեղծ լուրերն ու էմոցիաները, ակնհայտ է, որ ՀՀ արտաքին քաղաքական որոշումները համապատասխանել են ՌԴ հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն և բնույթին։ Բավարար է միայն նշել Սիրիայում խաղաղության պահպանման առումով ՌԴ հետ համատեղ Հայաստանի մասնակցությունը: Եվ եթե նույնիսկ մեր հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն առաջանա, ապա միայն՝ խորացման և զարգացման ուղղությամբ։ [ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՌԻԱ Նովոստիին»] 

Մեկնարկել է ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Այսօր 21:42 - Ազատության հրապարակից մեկնարկել է ջահերով ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Կազմակերպիչները հրապարակում այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։

Cover

Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության, այլև հայ ժողովրդի անվտանգության համար։ Հայ ժողովրդի՝ արդարության և ճմշարտության համար պայքարը հավաստում է, որ ոչ երիտթուրքական կառավարության բիրտ ուժը, ոչ Թուրքիայի հաջորդական կառավարությունների ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկելու դրա հետևանքների վերացման ուղղությամբ։ [ՀՀ ԱԳՆ]

Cover

Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը, նա ազատ արձակվեց: Այս պահի դրությամբ ունենք տեղեկություն, որ ներկայացվել է միջնորդություն՝ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: [Փաստաբան Գոհար Պապոյան]

Cover

Այսօր 23:30 - ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենն Էրդողանի հետ հեռախոսազրուցում ասել է, որ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ճանաչելու է որպես ցեղասպանություն։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրուցի բովանդակությանը տեղյակ աղբյուրներին։

Օրվա ուշագրավ և կարևոր իրադարձությունների ամփոփ լրահոսը մեկ հոդվածով կազմեց Անդրանիկ Ավետիսյանը

Թեմայի այլ նորություններ