Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    22 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում: Պետական այցով Բուլղարիա  ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այս մասին հայտարարեց այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևի հետ հանդիպման արդյունքներով՝ լրատվամիջոցների համար արված հայտարարության ժամանակ։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծեց, որ Բուլղարիան Հայաստանի համար վստահելի գործընկեր է տարածաշրջանի փոխկապակցվածության բարձրացման ոլորտում:

«Մերօրյա Հայաստանը և Բուլղարիան կապված են փոխգործակցության համար անհրաժեշտ միջազգային իրավական արդյունավետ գործիքակազմով, առկա են երկկողմ հարաբերությունների առավել խորացման համար անհրաժեշտ բոլոր ձևաչափերը և մեխանիզմները: Ցանկանում եմ գոհունակությունս հայտնել կայուն քաղաքական երկխոսության և երկկողմ հարաբերություններում գրանցվող հաջողությունների առնչությամբ»,- ասաց Խաչատուրյանը: Նա կարևորեց երկու երկրների՝ տնտեսական, առևտրային և ներդրումային ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը։

«Բուլղարիան նաև այն բարեկամական դուռն է, որը բաց է դեպի Եվրոպա հայկական արտադրանքի արտահանման համար: Հայկական կողմը հետաքրքրված է երկու երկրները միավորող ենթակառուցվածքների բարելավմամբ և զարգացմամբ, այդ թվում նաև՝ երկու մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատմամբ: Այդ համատեքստում հաջող օրինակ էր ամառային ամիսներին Երևանից Բուլղարիայի ծովափնյա քաղաքներ ուղիղ չվերթների իրականացումը: Բարձր եմ գնահատում նաև բուլղարական կողմի աջակցությունը Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման գործընթացին»,- ասաց Հայաստանի նախագահը:

Վահագն Խաչատուրյանը առանձնահատուկ կարևորեց համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և բազմաթիվ այլ բնագավառներում: «Գոհունակություն եմ հայտնում նաև կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի ոլորտներում համագործակցության համապատասխան ծրագրերով հաստատված միջոցառումների, այդ թվում՝ հայաստանցի ուսանողների՝ Բուլղարիայի բուհերում կրթության արդյունավետ կազմակերպման համար: Վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք նաև նոր ազդակ հաղորդել և՛ խորհրդարանական դիվանագիտությանը, և՛ Տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին»,- նշեց Խաչատուրյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանին և Բուլղարիային միավորում են ինչպես ընդհանուր արժեքները և մշակութային մտերմությունը, այնպես էլ համատեղ՝ հանուն ազատության և անկախության հերոսական պայքարի պատմության էջերը: ՀՀ նախագահը երախտագիտություն հայտնեց բուլղարական պետությանը և բուլղար ժողովրդին՝ մեր հայրենակիցներին տրամադրած ապաստանի, հոգածության, խաղաղ ապրելու, զարգանալու և միևնույն ժամանակ ազգային ինքնությունն ու դիմագիծը պահպանելու հնարավորության, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ բուլղարական իշխանությունների հոգատար վերաբերմունքի և հայ համայնքին շարունակաբար տրամադրվող աջակցության համար:

Խաչատուրյանը հավաստիացրեց, որ որպես Հայաստանի նախագահ՝  շարունակելու է ջանքերը հայ-բուլղարական համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

ՀՀ նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանն ու Բուլղարիան ստորագրեցին հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատի ստեղծման մասին հուշագիր: Այն ստորագրեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի նախագահ Վասիլ Վելևը:

Գագիկ Մակարյանի խոսքով՝ նման պալատի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է տնտեսության և գործարարության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունը խթանելու նպատակով:

«Նախատեսված ուղղությունները ծածկում են տնտեսության այն ճյուղերը, որոնք և՛ բուլղարական, և՛ հայկական կողմի համար կարևոր են։ Մասնավորապես, մեքենաշինություն, կոմպոզիտային նյութերի արտադրություն, առևտուր, պահածոներ դեղագործական խնդիրներ, տուրիզմ, կանաչ էկոնոմիկա և այլն»,- նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։ 

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը և Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիան հանդես կգան որպես հիմնադիրներ։ Հիմնադրման գործընթացում կընդգրկվեն բուլղարական և հայկական ընկերություններ։ Հոկտեմբերի 19-ին Բուլղարիայում կկայանա բիզնես ֆորում, որի շրջանակներում մեքենաշինության և կոմպոզիտային նյութերի արտադրման ոլորտներում աշխատանքներ կանցկացվեն։

«Բուլղարիան մեզ հետաքրքիր է որպես տրանսպորտային կարևոր լոգիստիկ կենտրոն, որպես կոմպոզիտային նյութեր արտադրող, որոնք օգտագործվում են ճանապարհաշինության, նավաշինության, ատոմային էներգետիկայի, ընդհանուր էներգետիկայի ոլորտներում։ Բուլղարիան ունի նաև կոռուպցիայի դեմ պայքարելու տարրեր»,- ասաց Մակարյանը։ 

Նրա խոսքով՝ Բուլղարիան Հայաստանից պահածոներ ներմուծելու կարիք ունի։ Հայաստանը կարող է մեքենաշինության ոլորտում որոշ պատվերներ տեղակայել։ Մակարյանի համոզմամբ՝ բուլղարական կողմը հետաքրքրված է նաև տուրիզիմի, դեղագործության և այլ ոլորտներով։ 

Ըստ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանից արտահանման ծավալների 6 տոկոսը բաժին է ընկնում Բուլղարիային։ Հայաստանն էլ ներմուծում է որոշ սարքավորումներ, հագուստ։ 

«Կարծում եմ՝ ապագայում կավելանա Բուլղարիայի դերակատարումը։ Կան ոլորտներ, որոնք շատ համահունչ են երկու երկրների շահերի համար: Այդ ոլորտներից են մեքենաշինությունը, կոմպոզիտային նյութերի արտադրությունը, աշխատուժի փոխանակումը։ 2018 թվականի ապրիլին Հայաստանի և Բուլղարիայի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կնքվել է համաձայնագիր աշխատուժի փոխանակման մասին։ Այժմ մտադիր ենք ակտիվացնել այդ ուղղությունը»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։ 

Բուլղարիան կարևորում է հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատումը։ Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ պետական այցով Սոֆիա ժամանած Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների համար հայտարարության ժամանակ։

«Մեզ համար կարևոր է կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Առանց կայունության չի կարող լինել բարգավաճում։  

Մենք նաև սատարում ենք Հայաստանի և ԵՄ հարաբերություններին»,- ասաց նախագահ Ռադևը։

Նա միջազգային հարաբերությունների ներկայիս դժվարին պայմաններում իսկական արժեք անվանեց հայ-բուլղարական բարեկամությունը՝ ընդգծելով․ «Մենք, առաջնորդվելով մեր ժողովուրդների ցանկությամբ, պարտավոր ենք խորացնել ժամանակի փորձությունը անցած բարեկամության և համագործակցության վրա խարսխված կապերը»։

Բուլղարիայի նախագահը խոսեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք կարող ենք և պետք է շատ ավելին անենք` երկկողմ հարաբերությունների հսկայական ներուժը զարգացնելու համար: Սա նշանակում է էլ ավելի ուժեղ փոխգործակցություն առևտրի, տնտեսության, ներդրումների, տրանսպորտի, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում»,- ասաց նա:

Ռադևը կարևորեց նաև համատեղ տնտեսական և առևտրի պալատի ստեղծման մասին հուշագրի ստորագրումը` ընդգծելով, որ այն կնպաստի երկու երկրների բիզնեսի զարգացմանն ու մերձեցմանը։

Հայաստանի և Բուլղարիայի նախագահները ստորագրեցին նաև երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին համատեղ հայտարարություն` կարևորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում նման խորհրդանշական այցը, որը պետք է լրացուցիչ խթան հաղորդի երկկողմ կապերին։ 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ և Բուլղարիայի նախագահների հանդիպումը։ Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Թեմայի այլ նորություններ