Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար. Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    73%
    13 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    59%
    26 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    77%
    10 կմ/ժ
  • Արարատ 27°C
    70%
    7 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    58%
    11 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    73%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    73%
    13 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    65%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42665
  • Դոլար = 387.883

Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար. Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 25-ին Վատիկանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները ջերմությամբ են վերհիշել շուրջ մեկ տարի առաջ Էդգար Պենյա Պառայի այցը Հայաստան։

Կողմերը բարձր են գնահատել պատմական առնչությունների և ընդհանուր արժեքների վրա խարսխված Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերությունները, անդրադարձ կատարել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի:

Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումները տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հասնելու վերաբերյալ: 

Անդրադառնալով հումանիտար խնդիրներին` նախարար Միրզոյանն ընդգծել է Ադբրեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: 

Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է․

«Ձերդ Վսեմություն Կարդինալ Պառոլին,

Խորապես զգացված ենք Սուրբ պատարագը նախագահելու, Երևանի ու Վատիկանի եղբայրական հարաբերությունների 30-ամյակը մեզ հետ միասին նշելու Ձեր որոշման համար։ Շնորհակալ եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ Ձեր ոգեշնչող խոսքերի և մեզ ուղղված մաղթանքների համար։

Ձերդ Երանելիություն,

Հոգևոր հայրեր և քույրեր, 

Տիկնայք և պարոնայք,

Շնորհակալ ենք այստեղ ներկա գտնվելու համար՝ միասին աղոթելու Մարիամ Աստվածածնի վեհաշուք սրբապատկերի առջև՝ Հայաստանում խաղաղության համար։

Չնայած հակամարտություններին և հատկապես վերջերս հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը: 

Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։

Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող փոխգործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։

Ի թիվս այլոց, 2015թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատցուված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ:

Եվ ահա, կարդինալ, պետական քարտուղարի նախագահությամբ այսօրվա արարողությունը քրիստոնեությունը 301թ․-ին որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է։

Նշեմ նաև, որ Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում միջեկեղեցական շարունակական երկխոսությունը, և ես ուրախ եմ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի, հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների, Մխիթարյան  հայերերի և Անարատ հղության հայ քույրերի ներկայությամբ։ Երախտապարտ ենք Ձեր աջակցության և նվիրական ջանքերի համար։

Ձերդ Վսեմություն,

Տիկնայք և Պարոնայք,

Այս կարևոր տարին հիանալի հնարավորություն է ընձեռում նշելու մեր ձեռքբերումներն ու վկայակոչելու մեր ընդհանուր արժեքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա շարունակի հարատևել  և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ։

Շնորհակալություն»։

Թեմայի այլ նորություններ