Արդեն երրորդ օրն է՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    34%
    26 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    76%
    9 կմ/ժ
  • Արարատ 27°C
    66%
    3 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    57%
    10 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    34%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    92%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    34%
    26 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    80%
    15 կմ/ժ
  • Արցախ 21°C
    65%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.2007
  • Ռուբլի = 4.42687
  • Դոլար = 387.883

Արդեն երրորդ օրն է՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում

Արդեն երրորդ օրն է՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և բողոքի ակցիա են իրականացնում

Կրթական պրոցեսը խաթարվեց հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագծով նախատեսվում է Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միացնել Հայկական պետական մանկավարժական համալսարանին։ Այդ օրվանից համալսարանի ուսանողները բողոքի ակցիա սկսեցին՝ նշելով՝ 90-ամյա պատմություն ունեցող բուհը չի կարող այսպիսի ավարտ ունենալ, և մինչև վերջ կանգնելու են իրենց համալսարանը պաշտպանելու հարցում ու ավարտելու են այն համալսարանը, որն ընդունվել են։ 

Որ երեք բուհերը միացնելու նախագիծ կա, երեկ չհերքեց նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Ըստ նրա՝ ոչ ոք ոչ մի տեղ չի տեղափոխվում, որ համալսարանն ընդունվել են, այնտեղ էլ շարունակելու են կրթությունը։ Միավորման դեպքում լինելու է ընդամենը մի փոփոխություն՝ երեք ռեկտորի փոխարեն բուհերը կառավարելու է մեկ ռեկտոր։ 

Ուսանողների խնդիր-բողոքները լսելու և բուհի աշխատակազմի հետ քննարկումներ ունենալու նպատակով այսօր բուհում տեղի է ունեցել համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, երեք բուհերի ռեկտորները և ուսանողները։

Նիստի ընթացքում բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը, նախ, անդրադարձավ այսօր առավոտյան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը: «Հանդիպման ժամանակ նախարարն ինձ փոխանցեց բուհերը միացնելու վերաբերյալ նախագիծը։ Դեռ մանրամասնորեն չեմ հասցրել ծանոթանալ և ուսումնասիրել նախագծի որոշումը, բայց արդեն փոխանցել եմ մեր աշխատակազմին, և մենք ավելի լավ ուսումնասիրելուց հետո ավելի հիմնավոր տեսակետ կարտահայտենք»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ կոչ անելով քննարկման ընթացքում զերծ մնալ քաղաքական հայտարարություններից։ 

Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում հրավիրված գիտական խորհրդի ընդլայնված նիստը անցավ թեժ մթնոլորտում՝ վանկարկումներով ու պաստառներով: Ուսանողների մի մասը ներսում էր, մյուսներն էլ ներքին հեռարձակմամբ նիստին հետևում էին միջանցքներում ու բակում:

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է այս համալսարանը միավորել Մանկավարժական համալսարանի և Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ, ինչն արդեն մի քանի օր Բրյուսովում բողոքի ցույցերի պատճառ է դարձել:

Ընդլայնված նիստին հրավիրվել էին նախարար Վահրամ Դումանյանն ու փոխվարչապետ, Բյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Նրանք չէին եկել, քննարկմանը մասնակցում էր նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նա նշեց,  որ նախագիծը դեռ աշխատանքային, սաղմնային փուլում է, ուղարկվել է արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ իրավական առումով խնդիրներ ունի, թե ոչ: Եվ եթե այն վերջնական տեսքի բերվի, անպայման քննարկվելու է շահագրգիռ կողմերի հետ:

Իրենց բողոքները և բուհի ճակատագրի վերաբերյալ ունեցած հարցերը, նախ, բարձրաձայնեցին բուհի դասախոսները՝ հայտարարելով՝ նախարարի բացակայությունն իրենց նկատմամբ արհամարհական վերաբերմունք է, և իրենց «այդպիսի նախարար պետք չէ»։ Նրանք անդրադարձան Մանկավարժական համալսարանին՝ նշելով՝ «առողջ կորիզը փորձում են միացնել այդ բուհին»՝ շեշտելով՝ չնայած չեն ուզում նսեմացնել իրենց գործընկերներին։

Կողմերը իրենց փաստարկներն ու հակափաստարկներն էին բերում: Համալսարանի ներկայայացուցիչները վկայակոչում էին բուհի զարգացման տեմպերն ու դրական արդյունքները, ընդգծում որակի հասնելու համար տարբեր բուհերում միևնույն մասնագիտությունների մրցակցության կարևորությունը, նախարարի տեղակալն էլ արձագանքում էր։

Թռչունյանն ուշադրություն էր հրավիրում, որ մասնավորապես Բրյուսովի համալսարանը միջազգային վարկանշավորման ցանկերում կամ ընդգրկված չէ, կամ շատ ցածր տեղում է: Ընդդիմախոսները պնդում էին, որ կան օբյեկտիվ պատճառներ, կամ` որ վարկանշավորման այդ համակարգերն ուղենիշ չպետք է լինեն: Ամեն դեպքում, կողմերից ոչ մեկը չփոխեց դիրքորոշումը: Ավելին, նիստի ավարտին ռեկտորն ընթերցեց գիտական խորհրդի պատրաստած հայտարարությունը, որտեղ ուսանողներն ու աշխատակիցները սկզբունքային անհամաձայնություն են հայտնում երեք համալսարանները միավորելու կառավարության որոշման նախագծին:

Հնչեցված ելույթներում բուհի դասախոսները ԿԳՄՍ փոխնախարարին մի քանի հարցեր ուղղեցին՝ ի՞նչ սկզբունքով են «քանդում իրենց տունը», նախաձեռնել իրական գործընթաց համալսարանի կրթական գործընթացը բարձրացնելու համար, այս քայլը ինչպե՞ս է նպաստելու մանկավարժական կրթության արդիականացմանը։ Համալսարանի այլ դասախոսների կարծիքով էլ՝ Բրյուսովը պետք է դառնա այն հիմքը, որի շուրջ պետք է միավորվեն մյուս բուհերը։ 

Բրյուսովի անվան համալսարանը այլ բուհերի հետ միավորելու հարցը օրակարգում էր հայտնվել դեռ տարիներ առաջ, երբ այսօրվա ռեկտորը կրթության և գիտության փոխնախարարն էր: Կարինե Հարությունյանը այն ժամանակ միավորմանը դեմ չէր արտահայտվում:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, լսելով հարցեր ունեցող դասախոսների ելույթները, դրանց պատասխանեց ընդհանուր։ Նկատենք, եթե դասախոսները ելույթ էին ունենում առանց ընդհատումների, ապա փոխնախարարի խոսքը պարբերաբար ընդհատում էին թե՛ դասախոսները, թե՛ դահլիճում ներկա գտնվող ուսանողները, որոնք կա՛մ ծիծաղում էին, կա՛մ էլ ինչ-որ դժգոհություններ արտահայտում։ 

«Եթե բուհերի միավորումը կայանա, ոչ մի հաստիք չի կրճատվելու։ Կրթության զարգացման ռազմավարության ծրագիրը քննարկվել է 6 ամսվա ընթացքում։ Բոլորս գիտենք, որ այսօր բարձրագույն կրթական համակարգում որակյալ կրթության խնդիրներ ունենք։ Մեր համակարգը այնպիսին է, որ մրցունակությունը չի չափվում Հայաստանով միայն։ Եթե մենք ուզում ենք մաս կազմենք համաշխարհային գլոբալ բուհական համակարգի չափանիշներին, ապա պետք է ունենանք որոշակի չափանիշներին համապատասխան բուհ։ Բարձրագույն կրթությունն առանց գիտության անհնար է պատկերացնել։ Մրցունակ բուհեր ունենալու համար պետք է վարկանշային տարբեր աղյուսակներում հայտնվենք։ Ինչ վերաբերում է բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրմանը․ գիտեք, որ պետական բուհերը պարբերաբար հավատարմագրում են անցնում, այստեղ խնդիրը միայն հավատարմագրման գործընթացը չէ, մենք ուզում ենք այն, ինչ ունենք, ունենանք ավելի լավը»,- նշեց փոխնախարարը։ 

Ուսանողների այն արձագանքին, թե փոխնախարարը միայն շատ լավ «համոզում է», Թռչունյանը արձագանքեց․ «Համոզելու որևէ խնդիր չկա։ Գաղտնի քննարկումներ տեղի չեն ունենում։ Բուհերը միացնելու նախագիծը քննարկվելու է սահմանված կարգով։ Մենք այդ նախագիծն ուղարկել ենք նաև ՀՀ արդարադատության նախարարություն, որպեսզի հասկանանք՝ իրավական առումով սա որքանո՞վ է ճիշտ»։ 

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյանն էլ անդրադարձավ դասախոսներից մեկի պնդմանը, թե դեռևս մի քանի օր առաջ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստին խոսվել էր, որ չկա նման որոշման նախագիծ․ «Փոխվարչապետը, նիստի ընթացքում նախագիծ ասելով, նկատի է ունեցել կրթության զարգացման 2030 թվականի ռազմավարության որոշումը։ Այդ որոշումը դրված է եղել հանրային քննարկումների հարթակում, որը բաց է յուրաքանչյուր անձի համար, իսկ Կառավարության որոշումը նախագիծ չէ։ Այն քննարկվել է Կառավարության ներսում, տարբեր կարծիքներ լսելով՝ պետք է վերամշակվեր և նոր փոխանցվեր բուհին։ Հիմա նախագիծը փոխանցվել է բուհին, բայց դե պետք է հաշվի առնվեն բոլորի կարծիքները, հետո նախագիծը վերամշակվի»։ 

Գիտական խորհրդի նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև համալսարանի ուսանողական խորհրդի ներկա և նախկին նախագահները, որոնք պնդեցին՝ չեն ուզում դուրս գալ իրենց համալսարանից՝ ընդգծելով՝ իրենց պայքարը շենքը չէ, այլ, որ Բրյուսովի անվան համալսարանը շարունակի կոչվել իր անունով․ «Վ․ Բրյուսովի պետական համալսարանը պետք է մնա իր նվաճումներով և այն ոգով, ինչը մենք սովորում ենք այստեղ։ Մենք պետք է ավարտենք Բրյուսովի համալսարանը»։

Բուհի ուսանողներից մեկի ծնողը նույնպես հարց ուղղեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանին՝ հետաքրքրվելով՝ ո՞ր բուհի համար են այսուհետ իրենք վճարելու ուսման վարձավճարը․ «Ես վճարում եմ, որպեսզի նա սովորի Բրյուսովի անվան համալսարանում, այսուհետև ո՞ր համալսարանի համար եմ վճարելու։ Միավորումը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Ի՞նչ է նշանակում կրթության գիտությունների ինստիտուտ»։

Փոխնախարարը արձագանքեց՝ ասելով՝ դա անվանման տարբերակներից մեկն է, որը երեկ հնչեցրել է ԿԳՄՍ նախարարը, սակայն դեռևս վերջնական տարբերակ բուհերի միավորման դեպքում չկա․ «Իսկ ուսանողը սովորելու է այնտեղ, որտեղ սովորում է և վճարելու է այն մասնագիտության համար, որն ընտրել է»։ Հարցին՝ որ բուհն է ավելի առաջատար՝ Մանկավարժակա՞նը, թե՞ Բրյուսովը, Թռչունյանը նկատեց. «Քանի որ ես բոլոր բուհերն եմ համակարգում, չեմ կարող առանձնացնել որևէ բուհ, իրավունք չունեմ։ Պետք է հստակ ցուցանիշներով խոսել»։ 

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանն էլ հետաքրքրվեց՝ իսկ ո՞րն է այն ցուցանիշը, որը նախարարությունը հաշվի է առել նման որոշում կայացնելուց: «Փորձում եմ լռել, բայց չի ստացվում։ Ասում են՝ եթե այդքան լավն է, ինչո՞ւ է այդքան մեռած։ Եթե Մանկավարժականը լավ համալսարան է, ինչո՞ւ է 15 մասնագիտությունների գծով ունենում 0 ընդունելիություն: Մենք ունենք անգլերեն ուսուցչի մասնագիտություն, իրենք էլ, բայց իրենց մոտ 20-25 հոգի է ընդունվում, մեզ մոտ՝ 150: Ես չեմ հասկանում՝ ա՞յս ցուցանիշն ենք հաշվում»։ Փոխնախարարը արձագանքեց. «Միայն մեկ ցուցանիշը որոշիչ չէ»։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 14-ի առավոտյան ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ  ընթացել է կառուցողական բովանդակային զրույց:

Նախարարությունից փոխանցեցին, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցել է ոլորտը համակարգող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որովհետև Նախարար Դումանյանը չի կարողացել մասնակցել նիստին՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով պայմանավորված:  

Գիտական խորհրդի նիստի ընթացքում գիտական խորհրդի անդամները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված էր.

«Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները իրենց սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում Բրյուսովի և ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու Կառավարության որոշման նախագծին։

ԿԳՄՍ նախարարության կողմից այդ նախագիծը կայացվել է առանց համալսարանի ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և այլ աշխատակիցների կարծիքը հաշվի առնելու և քննարկելու։ Նախագիծը նախապես չի տրամադրվել համալսարանին՝ առաջարկություններ և դիտողություններ անելու նպատակով։ Համալսարանը դրա մասին տեղեկացել է պատահաբար՝ հոկտեմբերի 11-ին բուհի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։ Նախագիծը շրջանառվել է համալսարանից գաղտնի։ Նախագիծը համալսարանին տրամադրվել է մեր կողմից հարցի բարձրացումից հետո՝ հոկտեմբերի 14-ին։

Անընդունելի է հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի կողմից լրագրողների հետ հանդիպմանը հայտարարած այն պնդումը, թե բուհերի միավորման մասին դեռ օգոստոսին է ասվել համալսարանի ռեկտորին։ Նախարարը ասել է, որ բուհում ամենաբարձր պաշտոնը բովանդակային առումով ոչ թե ռեկտորին է, այլ կրթություն տվող պրոֆեսորադասախոսական անձնակազմինը, մինչդեռ հարցի վերաբերյալ ո՛չ դասախոսական կազմի, ո՛չ ուսանողների հետ հանդիպում չի եղել։ Նախարարությունը այս առումով խախտել է պատշաճ վարչարարություն իրականացնելու սահմանադրական պահանջը, քանի որ չի ապահովել շահառուների լսված լինելու իրավունքը, ինչի արդյունքում ընդունվելիք որոշումը չի կարող համարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։

Անհրաժեշտ էր ներկայացնել միավորման հստակ հիմնավորումը, կրթության որակի արդյունավետության բարձրացման մեխանիզմները։ Լիազոր մարմինը և հիմնադիրը չեն պահպանել սահմանադրական համաչափության սկզբունքի երեք տարրերը։ Համալսարանը այլ բուհերի հետ միավորելը բարոյական առումով ունի մի շարք խոցելի կետեր։ Արդյո՞ք արդարացի է պատմության գիրկն ուղարկել նման հեղինակություն վայելող և առաջատար դիրք գրավող համալսարանը։

Բուհի գիտական խորհուրդը կոչ է անում դադարեցնել ապակառուցողական գործընթացը։ Մենք պատրաստ ենք հիմնավորել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանը Հայաստանի լավագույն համալսարաններից է։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում այս գործընթացի շարունակության դեպքում օգտագործել բոլոր միջոցները՝ բուհին վերահաս կործանումից փրկելու համար»։ 

Այնուհետև գիտական խորհրդի անդամները քվեարկեցին, թե ովքեր են կողմ նշված հայտարարությանը, ովքեր՝ դեմ։ Դեմ քվեարկողներ չկային։ Նիստն ավարտվեց։ 

Թեմայի այլ նորություններ