Կապանի օդանավակայանին հարակից տարածքում հակառակորդն ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացնում. քաղաքապետը հերքում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    85%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Կապանի օդանավակայանին հարակից տարածքում հակառակորդն ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացնում. քաղաքապետը հերքում է

Կապանի օդանավակայանին հարակից տարածքում հակառակորդն ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացնում. քաղաքապետը հերքում է

Կապանի օդանավակայանին հարակից տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է, ասֆալտապատման աշխատանքներ չեն ընթանում: Այդ մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկմանն ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ հերքելով տարածվող լուրերը: 

Նա հայտնեց, որ հակառակորդը պարզապես տեխնիկա է մոտեցրել ճանապարհի հարթեցման համար: «Մենք բազմաթիվ խոչընդոտներ էինք ստեղծել, որ նրանք չմոտենան Ախքենդ կոչվող բնակավայրին, որը Կապանին շատ մոտ է»,- ասաց Փարսյանը:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև սյունեցիները, կրել անդառնալի կորուստներ՝ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքի մարզի բնակավայրերի պաշտպանության ընթացքում: Այդ մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: 

Նա նշեց, որ հոկտեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում հրավիրել էր խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ առաջարկելով անցնել ինքնապաշտպանության, Սյունիքի մարզի ինքապաշտպանական մարտերի համակարգող նշանակվել էր Արտակ Դավթյանը: 

«Գեներալ Դավթյանից ցուցում ստացանք զբաղեցնել մեզ համար շահավետ դիրքեր: Մենք ընտրեցինք այն բնագիծը, որը հեռու էր մեր բնակավայրերից՝ այդպիսով անվտանգության գոտի ապահովելով: Թեժ մարտեր ընթացան Կապանում, մասնավորապես՝ Դավիթ Բեկի, Ուժանիսի, Կենտրոնական և Ներքին Հանդի հատվածներում, եղան զոհեր, բայց մի մետր անգամ հետ չնահանջեցինք՝ պահպանելով այդ բնագծերը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք շարունակեցինք կանգնած մնալ մեր զբաղեցրած դիրքերում՝ ապահովելով բնակավայրերի անվտանգությունը, սակայն դեկտեմբերի 17-ին անսպասելի հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից թողնել բնագծերը և հետ գալ ՀՀ սահմանների վրա: Կապանցիների համար դա լուրջ խնդիրներ է առաջացրել»,- ասաց քաղաքապետը:

Փարսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ՝ թշնամին Սյունիք բնակավայրից գտնվում է 100 մետր, Կապանից՝ 1 կմ հեռավորության վրա, և այդ բնագծերը զիջելով՝ Կապան համայնքը և մի շարք բնակավայրեր դարձել են թիրախ թշնամու համար:

Կապանի քաղաքապետն ասաց, որ կան խնդիրներ նաև ճանապարհների անվտանգության հետ կապված, մասնավորապես՝ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն, Կապան-Ագարակ հատվածների: «Կապան-Գորիսը և Կապան-Ճակատենը գործում են, իսկ Կապան-Ագարակը ստիպված ենք եղել չօգտագործել, քանի որ անցել է թշնամու վերահսկողության ներքո, և դեռևս որևէ կարգավորում չկա: Կա, իհարկե, այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, հիմնանորոգման կարիք ունի և մի քանի անգամ երկար է, իսկ ձմռան ամիսներին նույնիսկ անանցանելի է դառնում»,- պարզաբանեց Փարսյանը:

Քաղաքապետը նշեց, որ երեկ բանակցություններ են վարվել Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչների միջև, առաջարկ է եղել երկկողմանի հետ քաշել դիրքերը սահմանից՝ մոտ 150 մ՝ ապահովելով անվտանգության գոտի՝ զերծ պահելով զինծառայողներին շփումներից և հնարավոր կոնֆլիկտի առաջացումից: «Մեր ՊՆ-ից առաջարկեցին այդ մոտեցումը համակարգային դարձնել՝ ամբողջ սահմանագծի երկայնքով, քանի որ տեղեր կան, որտեղ իրենք են դիրքերը սահմանին մոտեցրել»,- ասաց նա

Փարսյանը վստահեցրեց, որ Կապանի բնակչության մոտ խուճապ չկա, սակայն առկա է անհանգստություն և լարվածություն: «Չեն պատկերացնում՝ ինչ է սպասվում: Ինձ անընդհատ հարցնում են ապագայի մասին, ես չունեմ այդ հարցի պատասխանը, բայց հավատացած եմ, որ ամեն ինչ պետք է անել՝ ապահովելու մեր բնակչության անվտանգությունը»,- նշեց Կապանի քաղաքապետը:

Ազգային ժողովում սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանից հետաքրքրվեց՝ ինչ կարող են անել քաղաքական գործիչները, որ սահմանամերձ համայնքներում վախի մթնոլորտը վերանա և մարդիկ վստահ ապրեն։

«Կարևոր եմ համարում, որ ամբողջ սահմանի երկայնքով տեղակայվեն սահմանապահներ՝ թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից։ Եվ սահմանապահների ետևում չլինեն կանոնավոր զորքեր, սա շատ կարևոր է, այսինքն՝ սահմանապահների ետևում լինի ապառազմակականացված գոտի։ Դրանով իսկ կապահովագրենք, որ բախումներ չլինեն»,-պատասխանելով պատգամավորի հարցին՝ նշեց Գևորգ Փարսյանը։

Կապանի համայնքապետը նաև կարևորեց սահմանամերձ համայնքերում ապրող տղամարդկանց զինելը։ «Դուք՝ որպես պատգամավորներ, նաև կարող եք հանդես գալ մի օրենսդրական նախաձեռնությամբ՝ կապված մեր գյուղացի բոլոր տղամարդկանց զինելու հետ։ Այդպես լրացուցիչ վստահություն ձեռք կբերեն մեր գյուղացիները, մեր քաղաքացիները։ Այսօրվա դրությամբ որսորդական խանութից զենք ձեռք բերելու հետ կապված որոշակի ընթացկարգային խնդիրներ կան։ Դա կարելի է հեշտացնել»։

Փարսյանը նաև առաջարկեց, որ պատգամավորները հորդորեն պաշտպանության նախարարությանը ուշադրություն դարձնել Սյունիքի մարզին։ «Մենք իրականում դրա կարիքը ունենք՝ թե՛ զենք-զինամթերքի տեսքով, թե՛ մարդկային ռեսուրսի տեսքով, կանոնավոր բանակի տեսքով»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նշեց՝ ամեն ինչ անելու են, որ առաջարկված նախագծերը արագ քննարկվեն և իրագործվեն։

Թեմայի այլ նորություններ