ՀՐԱՏԱՊ․ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ․ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը. (լրացվող)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

ՀՐԱՏԱՊ․ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ․ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը. (լրացվող)

03։11

Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը մի քանի ռազմական ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, որը հղում է անում ծովային անվտանգության հարցերով զբաղվող բրիտանական Ambrey ընկերության հաղորդագրությանը։

«Եմենի հութիներն անօդաչու թռչող սարքեր են ուղարկել Իսրայելի ուղղությամբ»,- ասվում է զեկույցում։

Այդ գրոհների հետևանքով Իսրայելում տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել:

03։03

Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածը ինքնապաշտպանություն է՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԱՄՆ-ը պետք է հեռու մնա, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։

«Իրանի ռազմական գործողությունը օրինական պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա է իրագործվել՝ ի պատասխան Դամասկոսում դիվանագիտական կառույցների վրա սիոնիստական ռեժիմի հարձակման։ Թեման կարելի է լուծված համարել», - հայտարարել է իրանական դիվանագիտական առաքելությունը և հավելել․ - «Եթե իսրայելական ռեժիմը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանի պատասխանը շատ ավելի դաժան կլինի»։

X-ում հրապարակված այդ հայտարարությունում պաշտոնական Թեհրանը նաև պնդել է․ - «Սա հակամարտություն է Իրանի և իսրայելական հանցավոր ռեժիմի միջև, որից ԱՄՆ պետք է հեռու մնա»։

 

02:34

Եվրամիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ Իրանի անընդունելի հարձակումը, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար», - X-ում գրել է Բորելը։

 

Իրանի հարձակումը դատապարտել և Իսրայելին աջակցություն է հայտնել պաշտոնական Լոնդոնը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իրանի հարձակումն Իսրայելի դեմ անխոհեմ է որակել և շեշտել, որ Միացյալ Թագավորությունը «կշարունակի պաշտպանել Իսրայելի անվտանգությունը և տարածաշրջանի մեր բոլոր գործընկերներին»։

Պաշտոնական Փարիզը ևս վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը: «Նման աննախադեպ գործողությունների դիմելով, Իրանը նոր սահմանագիծ է անցնում իրավիճակի ապակայունացման իր գործողություններում և մեծացնում ռազմական էսկալացիայի վտանգը»,- նաև հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Ստեֆան Սեժուրնեն շաբաթ օրը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և վերահաստատել Ֆրանսիայի համերաշխությունն ու «Իսրայելի անվտանգությանը նվիրվածությունը»։

Նիդեռլանդները հայտարարել է, որ Իրանի հարձակումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում «շատ մտահոգիչ է»: վարչապետ Մարկ Ռյուտեն X-ում գրել է, որ ավելի վաղ Նիդեռլանդները և «մյուս երկրները բարձրաձայն և հստակ ասել են Իրանին զերծ մնալ Իսրայելի վրա հարձակվելուց»:

02։05

Լիբանանը, Իրաքը, որոնք գտնվում են Իրանից արձակված անօդաչուների թռիչքի հավանական ուղու վրա, փակել են իրենց օդային տարածքը:

Իրանի և Իսրայելի օդային տարածքները բաց են միայն ռազմական ինքնաթիռների համար։

01։41

Թեհրանը սպառնում է պատասխանել այն երկրներին, որոնք կբացեն իրենց տարածքը, այդ թվում՝ օդային, Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար։

«Թեհրանը կոշտ կարձագանքի ցանկացած երկրի, որը կբացի իր օդային տարածքը կամ տարածքը՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների համար»,- Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։

Մոհամմադ Ռեզա Աշտիանի

01։28

Իսրայելը միասնականության կոչ է անում

Իսրայելի արտգործնախարարը միասնականության կոչ է անում։

«Մենք բոլորս պետք է պահպանենք մեր միասնությունը որպես ժողովուրդ և որպես երկիր՝ մեր առջև ծառացած մեծ մարտահրավերների առջև: Միայն միասին մենք կհաղթենք», - X-ում գրել է Իսրայելի դիվանագիտության ղեկավարը:

 

1։21

Նեթանյահուն ռազմական շտաբում արտահերթ նիստ է գումարել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում գտնվող ռազմական շտաբում արտահերթ նիստ է գումարել, հայտնել է նրա գրասենյակը՝ «ոխերիմ թշնամի Իրանի կողմից արձակված անօդաչուների ու ռազմական գործողությունների սրացման պայմաններում»։ CNN-ը իր հերթին հաղորդում է, որ նախագահ Բայդենը շուտով ելույթով կդիմի ԱՄՆ ժողովրդին։

1։15

Վաշինգտոնը հայտարարում է՝ կաջակցի Իսրայելի ժողովրդի պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից

Վաշինգտոնը հայտարարում է՝ Միացյալ Նահանգները «Իսրայելի ժողովրդի կողքին է և կաջակցի նրանց պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը, վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը դաշնակից Իսրայելին, նախագահ Բայդենի խոսքերն է մեջբերել՝ «Իսրայելի անվտանգությանը մեր աջակցությունը երկաթյա է»։

ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը Դելավեր նահանգի Ռեհոբոթ քաղաքից վերադառնալուն պես առաջիկա ժամերին խորհրդակցություն կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների, ԱՄՆ պաշտպանության նախարարի, պետքարտուղարի մասնակցությամբ։

1:08

Իրանը ընդհանուր առմամբ մոտ 100 անօդաչու թռչող սարքեր և թևավոր հրթիռներ է արձակել. Channel 12 TV

Իսրայելում ամենաբարձր վարկանիշ ունեցող Channel 12 հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Իրանը ընդհանուր առմամբ մոտ 100 անօդաչու թռչող սարքեր և թևավոր հրթիռներ է արձակել իսրայելական թիրախների ուղղությամբ, և որ որոշները խոցվել են Սիրիայի կամ Հորդանանի երկնքում:

1:04

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակել Իսրայելում կոնկրետ թիրախների դեմ, փոխանցում են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով էլիտար ուժերի հայտարարությանը:

00:53

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, նույնիսկ ուղիղ հարձակման. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձով է հանդես եկել՝ վստահեցնելով, որ երկիրը պատրաստ է Իրանի ուղիղ հարվածներին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, նույնիսկ ուղիղ հարձակման: Մեր պաշտպանական համակարգերը ընդարձակ են։ Իսրայելի պետությունն ուժեղ է, Իսրայելի պաշտպանության բանակն ուժեղ է, հասարակությունն ուժեղ է»,- Haaretz իսրայելական պարբերականի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Նեթանյահուն։

Իսրայելի առաջնորդն ընդգծել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մյուս երկրների աջակցությունը՝ կոչ անելով հանրությանը հետևել Թիկունքի հրամանատարության ուղեցույցներին:

«Ովքեր մեզ ցավ են պատճառել, մենք նրանց ենք ցավեցնում»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը՝ հավելելով․- «Մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք վճռականորեն»։

00։48

Հորդանանի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է խոցել իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ ինքնաթիռ, որը խախտում է իր օդային տարածքը, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել են տարածաշրջանային անվտանգության երկու աղբյուրներ:

Նրանք նշել են, որ բանակը նույնպես գտնվում է բարձր զգոնության վիճակում, և ռադիոլոկացիոն համակարգերը վերահսկում են անօդաչու թռչող սարքերի գործունեությունը:

00։45

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենը Սպիտակ տանը խորհրդակցություն կանցկացնի իր ազգային անվտանգության թիմի հետ Մերձավոր Արևելքի իրադարձությունների վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։

00։34

Ինքնաթիռների թռիչքներին հետևող Flight Radar 24 պորտալը տեղեկացնում է, որ տարածքում բացակայում են քաղաքացիական ինքնաթիռները։

 

Իսրայելը քիչ առաջ հայտարարել է, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել իր ուղղությամբ։ Պաշտպանության բանակը հավաստիացրել է, որ պաշտպանական համակարգերը պատրաստ են դրանք ոչնչացնելու կամ ազդանշաններ հնչեցնելու համար, որոնք վտանգված տարածքների բնակիչներին կհրամայեն պատսպարվել:

Անօդաչու թռչող սարքերի թռիչքի ժամանակը կարող է տևել մի քանի ժամ, ճեպազրույցում ասել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Դանիել Հագարին։

  • Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ վրեժ կլուծի Իսրայելից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար: Այդ գրոհի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի զինվորականներ, այդ թվում՝ երկու գեներալ:
  • ԱՄՆ նախագահն զգուշացրել էր Իրանին չգնալ նմանատիպ գործողությունների՝ ասելով, որ կօգնեն Իսրայելին։
  • Իսրայելը չի ստանձնել Դամասկոսում Իրանի ներկայացուցչության վրա հարձակումը։
 
***
 
Մի շարք իսրայելական ԶԼՄ-ներ հայտնում են, որ Իրանը անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը։ Նշվում է, որ ԱԹՍ-ների թռիչքը դեպի Իսրայել կտևի մի քանի ժամ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մարտական պատրաստության են բերվել. տասնյակ ինքնաթիռներ երկնքում են, հայտարարել է ՑԱՀԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին:
 

«Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման և պաշտպանական համակարգերը մարտական պատրաստության են բերվել. տասնյակ ինքնաթիռներ լիարժեք պատրաստության վիճակում երկնքում են: Մեր ռազմավարական գործընկերների, առաջին հերթին` ԱՄՆ-ի հետ, իրականացնում ենք իրավիճակի գնահատում, Միացյալ Նահանգների հետ համակարգված աշխատանք ենք տանում»,- ասել է նա:

Իսրայելական աղբյուրները հաղորդում են, որ Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ և փակել է Թեհրանի օդային տարածքը` մինչև իշխանություններից հատուկ կարգադրություն ստանալը:

Թեմայի այլ նորություններ