Skilling Chess. Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Skilling Chess. Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Skilling Chess. Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Նոյեմբերի 22-30-ը ընթանում է Chess24.com կայքի կազմակերպած արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100 000 եվրո է, հաղթողը ստանալու է 30 000 եվրո:

Մրցաշարին մասնակցում են աշխարհի լավագույն շախմատիստներից 16-ը: Առաջին երեք օրերը մրցաշարն ընթացավ շրջանաձև մրցակարգով. յուրաքանչյուր շախմատիստ մրցակցի հետ անցկացրեց մեկական պարտիա: Դրանց արդյունքներով լավագույն 8 շախմատիստները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆ փուլում:

Արոնյանը, որի արագ շախմատի վարկանիշը մրցաշարում 6-րդն է (2778) շրջանաձև մրցաշարը բավականին լավ սկսեց. առաջին օրը վաստակած 3 միավորով Լևոնը զբաղեցնում էր 6-րդ տեղը: Սակայն երկրորդ օրը հայ շախմատիստն ընդամենը 1.5 միավոր վաստակեց և նահանջեց 11-րդ հորիզոնական: Փոխարենը, Արոնյանը գերազանց անցկացրեց մրցաշարի երրորդ օրը՝ 5 հնարավորից վաստակելով 4 միավոր: Դա թույլ տվեց նրան վաստակած 8.5 միավորով բարձրանալ աղյուսակի 3-5-րդ հորիզոնականներ և ապահովել իր տեղը փլեյ-օֆֆ փուլում: Լրացուցիչ ցուցանիշներով Լևոնը 5-րդն էր, ընդ որում միայն կես միավորով հետ մնաց առաջին տեղը կիսած Մագնուս Կառլսենից և Հիկարու Նակամուրայից:

Այժմ, քառորդ եզրափակիչում Արոնյանը կհանդիպի շրջանաձև մրցաշարում 4-րդ տեղը զբաղեցրած ռուս Յան Նեպոմնյաշչու հետ: Օրեր առաջ այս երկու շախմատիստներն արդեն հանդիպել էին Chess.com կայքի կազմակերպած շախմատի առցանց աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում, և այդ անգամ հաջողությունն ուղեկցել էր Արոնյանին: Հետաքրիքր է, որ երկու շախմատիստների արագ շախմատի վարկանիշը նույնն է՝ 2778: 

Նոկաուտ փուլում մրցամարտերը բաղկացած են լինելու երկու փուլից, որից յուրաքանչյուրում շախմատիստները միմյանց հետ 4-ական պարտիա են անցկացրել արագ շախմատի կանոններով (15 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար): Հավասար արդյունքի դեպքում երկու պարտիա կանցկացվի կայծակնային շախմատի կանոններով (5+3), դրա հավասարության դեպքում էլ մեկ պարտիա՝ արմագեդոնի կանոններով (5 րոպե սպիտակներին, 4 րոպե սևերին, սպիտակները պարտավոր են հաղթել):

Քառորդ եզրափակչի մյուս զույգերը կազմել են Մագնուս Կառլսենն ու Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ուեսլի Սոն ու Թեյմուր Ռաջաբովը:

Հիշեցնենք, որ այս օրերին Արոնյանը մասնակցում է նաև նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 13-ը ընթացող chess.com կայքի կազմակերպած արագ շախմատի աշխարհի առցանց առաջնությանը, որտեղ ևս դուրս է եկել քառորդ եզրափակիչ ու պետք է հանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Մրցամարտի օրը դեռ հայտնի չէ:

Թեմայի այլ նորություններ