«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում. Թագուհի Թովմասյանը հանդիպել է լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում. Թագուհի Թովմասյանը հանդիպել է լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում.  Թագուհի Թովմասյանը հանդիպել է լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ

Լրագրողին հավատարմագրած պետական մարմնին հնարավորություն կտրվի դադարեցնելու լրագրողի հավատարմագրումը, եթե վերջինս խախտի այդ կառույցի աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները: Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկա օրենսդրությամբ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող այդ հիմքերի դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Դրա համար անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում են առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Մինասյանը:

Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ այս փոփոխությունն ազատ խոսքը լռեցնելու, լրագրողների գործունեությունը սահմանափակելու նպատակ ունի:

Վերոնշյալ օրենսդրական առաջարկը քննարկելու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանն ապրիլի 15-ին հանդիպել է լրագրողական հանրույթի ներկայացուցիչների հետ: Նա նշել է, որ քննարկմանը չեն մասնակցում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները եւ օրինագծի հեղինակները, թեպետ մասնակցության հրավեր եղել է: Թագուհի Թովմասյանը մտահոգիչ է համարել, որ լրագրողական կազմակերպությունների հետ խնդիրը չի քննարկվել:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի համոզմամբ՝ այդ փոփոխությամբ պետական մարմինները կարող են կամայական որոշումներ կայացնել: Նրա կարծիքով՝ նախագծում պետք է հստակ սահմանվեն հավատարմագրման հիմքերը, որ լրագրողի համար իր վարքագիծը կանխատեսելի լինի եւ իմանա, թե որ դեպքում կարող է զրկվել հավատարմագրումից:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ սա իրականացվող փուլային գործընթացի մի մասն է: Նա հավելել է, որ առաջարկվող կարգավորումը որեւէ աղերս չունի միջազգային մոտեցումների հետ: Աշոտ Մելիքյանը կարծիք է հայտնել, որ հավատարմագրումից զրկում կամ դադարեցում չպետք է լինի մեր օրենսդրության մեջ:

Խոսելով պետական մարմինների գործունեության սկզբունքային տարբերությունների մասին՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշել է, որ հավատարմագրումը նպատակահարմար է միայն Ազգային ժողովում՝ հաշվի առնելով այդ կառույցի գործունեության առանձնահատկությունները, հատուկ պահպանման ռեժիմը: Զեկուցողը կարեւորել է ԱԺ հավատարմագրման կարգում ինքնակարգավորման մեխանիզմների ներառումը, աշխատակազմի եւ լրագրողների երկխոսությունը: Նշվել է, որ հավատարմագրված լրագրողներն իրենց շարքերից պետք է ընտրեն կարգի խախտման հարցերով զբաղվող մարմին: Նա հավելել է, որ կարգը պահպանելու պարտավորություններ պետք է ունենան ոչ միայն լրագրողները, այլ նաեւ՝ պատգամավորները եւ կարծիք հայտնել, որ պետք է լուծվի Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի գործունեության հարցը:

Լրատվամիջոցների խմբագիրներն ու ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են հայտնել օրինագծի կարգավորումների առնչությամբ, կարեւորել մասնագիտական կազմակերպությունների հետ հարցի մանրամասն քննարկումը: Կարծիք է հնչել, որ կարգավորումը չի համապատասխանում Սահմանադրության դրույթներին եւ հակասում է մեր երկրի վավերացրած միջազգային պարտավորություններին: Օրենսդրական խնդիրների լուծման համատեքստում կարեւորվել է լրագրողական կազմակերպությունների եւ պետական կառույցների արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է եղել հավատարմագրման ներկա գործընթացի արդյունավետության հարցին:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կարեւորել է էթիկայի նորմերի երկկողմ պահպանումը եւ տեղեկացրել, որ նախաձեռնել է Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման գործընթաց: Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր խմբագրություն պետք է մշակի եւ հրապարակի էթիկայի այն կանոնները, որոնց հենց ինքն է հետեւելու: «Սա ինքնակարգավորման լավագույն միջոցն է»,-ասել է հանձնաժողովի նախագահը:

Թագուհի Թովմասյանն առաջարկել է ստորագրահավաք կազմակերպել, դիմել հեղինակներին՝ խնդրելով հետ վերցնել նախագիծը, ինչպես նաեւ դիմել Կառավարությանը՝ բացասական եզրակացության խնդրանքով: Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ քննարկումների արդյունքում պետք է գտնել երկու կողմի համար ընդունելի տարբերակ:

Թեմայի այլ նորություններ