ՄԻՊ-ը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    100%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    28 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ՄԻՊ-ը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ

ՄԻՊ-ը ոստիկանությանը կոչ է անում ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցեր իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Կենտրոնի, Արաբկիրի, էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ: Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված թվով 35 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:

Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 7 անչափահաս անձինք, որոնցից մեկը՝ 13 տարեկան:

Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից:

Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա Ոստիկանության բաժնից ազատ է արձակվել:

Զանգվածային լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերի մշտադիտարկման արդյունքում և Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, հեռախոսազանգի իրավունքից օգտվելու և այլ իրավունքներ), անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:

Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին իրականացված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն ելքի և մուտքի գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ ճշգրիտ գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը:

ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են նաև վարչական ձերբակալման ենթարկված անձի հեռախոսազանգի իրավունքից օգտվելու խոչընդոտներ, որոնք Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ վերացվել են:

Ոստիկանության Կենտրոնական բաժին իրականացրած այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված փաստաբան Ալեքսան Թումասյանի հետ, ով տեղեկացրել է, որ չի մասնակցել բողոքի ակցիային, այլ Ոստիկանության ծառայողին ներկայացրել է, որ քաղաքացին հանդիսանում է իր վստահորդը՝ փորձելով պարզաբանում ստանալ քաղաքացուն վարչական ձերբակալման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ:

Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից որևէ օրինական պահանջ չներկայացնելը, անձանց ազատությունից զրկելու հիմքերը չպարզաբանելը, վերջիններիս նվազագույն իրավունքները չպարզաբանելը, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառումը կրում են շարունակական բնույթ:

Ելնելով վերոգրյալից՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ոստիկանությանը կոչ է անում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների իրացման հնարավորությունները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով:

Հավաքներին երեխաների մասնակցությանը և նրանց իրավունքների իրացման ապահովման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, իրականացվում է ինչպես աշխատակազմի մշտադիտարկման արդյունքների, այնպես էլ բողոքների ուսումնասիրություն` հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները, վերաբերելի միջազգային կանոններն ու պրակտիկան:

Այս նպատակով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգեբան-փորձագետը, այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ, որտեղ աշխատակազմի տեղեկություններով բերման ենթարկված անձանց մեջ եղել են նաև երեխաներ:

Այցերի ընթացքում առանձնազրույցներ են իրականացվել երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև՝ հավաքներին մասնակցած այլ անձանց հետ, ովքեր այցերի պահին գտնվել են ոստիկանության ստորաբաժանումների մոտակայքում:

Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է, որ ոստիկանության բաժիններ ներկայացված երեխաները հիմնականում եղել են 16-17, իսկ մեկը՝ 13 տարեկան: Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից:

Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից:

Առանձնազրույցների ընթացքում երեխաները հայտնել են, որ մինչև ոստիկանության բաժիններ հասնելը չի ներկայացվել և պարզաբանվել իրենց իրավունքները, այդ թվում՝ չեն տեղեկացրել, թե իրենց ոստիկանության, որ բաժին են տեղափոխում, ինչ հիմքով և նպատակով:

Որոշ երեխաներ նշել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն պարզաբանել նաև վարչական և քրեական ձերբակալման հասկացությունների տարբերությունները, իսկ տրամադրվող տեղեկություններն ոչ միշտ են իրենց համար հասկանալի եղել:

Օրինակ՝ 13 տարեկան երեխայի ընկալմամբ ինքը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել հավաքին մասնակցելու համար:

Առանձնազրույցների ընթացքում արձանագրվել է նաև, որ ոստիկանության ծառայողները երեխաներին, որոշ դեպքերում ծառայողական ավտոմեքենաներ են նստեցրել անհամաչափ ուժի գործադրմամբ, իսկ որոշների պնդմամբ՝ նաև ֆիզիկական ցավ պատճառելով:

Այցի պահին առանձնազրույցներին մասնակցած երեխաները գտնվում էին կայուն հուզական վիճակում:

Այնուամենայնիվ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության բաժիններում ոչ միշտ է հասանելի եղել երեխաների հուզական կայուն վիճակի ապահովման պայմաններ։

Մինչդեռ, պետության պոզիտիվ պարտավորությունները և միջազգային չափորոշիչները պահանջում են, որ իրավապահ մարմինների հետ շփվելիս երեխայի համար ապահովված լինի երեխայակենտրոն միջավայր՝ բացառելու ոստիկանական գործողության ցանկացած բացասական ազդեցությունը անչափահասի իրավունքների իրացման վրա։

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մշտադիտարկումները վկայում են նաև, որ անչափահասներին ոստիկանության բաժիններ տեղափոխելիս ոչ միշտ է կիրառվում տարբերակված, մասնավորապես, երեխայակենտրոն մոտեցում, ինչի հետևանքով արձանագրվում են երեխայի լավագույն շահի խախտման դեպքեր:

Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ երեխային առնչվող բոլոր հարցերում սկզբունքային նշանակություն ունի նրա լավագույն շահի ընկալումը իրավապահ մարմինների կողմից՝ որպես բացարձակ արժեք:

Այցերի և մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով Պաշտպանը գրություններ կհասցեագրի իրավասու պետական մարմիններին:

Թեմայի այլ նորություններ