Հայ ժողովրդին ցանկանում ենք փայլուն ապագա, ՀՀ-ին՝ խաղաղություն. Սիրիայի խորհրդարանականները այցելեցին Ծիծեռնակաբերդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    3 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    94%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    71%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27084
  • Դոլար = 388.5

Հայ ժողովրդին ցանկանում ենք փայլուն ապագա, ՀՀ-ին՝ խաղաղություն. Սիրիայի խորհրդարանականները այցելեցին Ծիծեռնակաբերդ

Հայ ժողովրդին ցանկանում ենք փայլուն ապագա, ՀՀ-ին՝ խաղաղություն. Սիրիայի խորհրդարանականները այցելեցին Ծիծեռնակաբերդ

Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավորները այսօր՝ ապրիլի 24-ին, այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավոր շեյխ Տալալ Ալ-Խալիլը, որը նաև Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ է, «Արմենպրես»-ին հայտնեց, որ իրենք եկել Հայաստան մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, քանի որ հայերն ու սիրիացիները բարեկամ ժողովուրդներ են, որոնց միավորում է անցյալի դարավոր պատմությունը:

«Եկել ենք, որպեսզի հայ ազգի հետ միասին կիսենք այդ մեծ վիշտը և նշենք Հայոց ցեղասպանության տարելիցը: Հայ ազգին ցանկանում ենք հաջողություն և փայլուն ապագա, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն», - նշեց սիրիացի պատգամավորը:
 

Սիրիական պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանը: Սիրիահայ գործիչը խոսեց ամբողջ արաբական աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների մասին՝ նկատի ունենալով այն փաստը, որ առայժմ արաբական երկրներից միայն Լիբանանը և Սիրիան են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Սիրիայի պարագայում ինքը վկան է այն ամենի, ինչ եղավ հայերի հետ: Ուրեմն իր խոստովանելը եղավ գործով խոսքից առաջ: Լիբանանի պարագայում Սիրիայի մասն է եղել եւ այժմ էլ իրար հետ սերտորեն կապված են: Մնացած արաբական երկրները պիտի խոստովանեն, երբ ավելի լավ ձևով ներկայացնենք իրենց մեր հարցը, և նրանք ավելի լավ իմանան հայերի իրավունքների մասին, որ շուրջ 1 մլն 700 հազար կամ նույնիսկ մեկուկեսից երկու միլիոն հայ Թուրքիայի զոհը դարձան, եւ ցեղասպանության ճանաչելը օգտակար կդառնա, որպեսզի երկրորդ անգամ չկրկնվեն այսպիսի մարդասպանությունները կամ ցեղասպանությունները: Ուրեմն մենք պիտի կարողանանք պաշտպանել ամբողջ մարդկությունը այդ վտանգից և ոճրից եւ ոչ միայն մեր զոհերի իրավունքը դարձնենք», - «Արմենպրես»-ին հաղորդեց Լյուսի Իսկանյանը:

Պատգամավոր Յասեր Ալ-Սալաման իր հերթին շեշտեց, որ իրենք մշտապես բարձրացնում են Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման հարցը ե՛ւ կառավարության, ե՛ւ ժողովրդի մակարդակով:

«Մենք ընդունել եւ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը եւ մինչև օրս էլ հաստատուն կանգնած ենք մնում մեր դիրքերում, շարունակում ենք աջակցել մեր ընդունած դիրքորոշմանը: Եւ զարմանալի չէ, որ Թուրքիայի կողմից այդպիսի գործողություններ են իրականացվել, քանի որ մենք ինքներս ականատես ենք եղել Թուրքիայի միջնորդությամբ տարբեր ահաբեկչական տարրերի ներգրավմանը և մեր երկիր ներխուժելուն, ինչը խիստ դատապարտելի է», - նշեց Սիրիայի խորհրդարանի պատգամավորը:

Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով: 2020 թ. փետրվարի 13-ին Սիրիայի Ժողովրդական խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը՝ շեշտելով, որ սիրիացի ժողովուրդը դարձել է այդ ոճրի ականատեսը, երբ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թուրք-օսմանցիների հրամանով տեղի ունեցավ 1,5 մլն հայերի կանխամտածված ցեղասպանությունը: Դրանից հինգ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 17-ին, Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստ էր գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Թեմայի այլ նորություններ