Սոչիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սոչիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը

Սոչիում կայացել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը

Սոչիում է Թուրքիայի արտգործնախարարը: Մևլյութ Չավուշօղլուն ադեն տետատետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հանդիպման մանրամասները դեռ չեն հայտնում։ Այս պաին ընթանում է ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստը, որը նախապատրաստում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը եկող տարի։

Թուրքական կողմը ընդգծում է, որ 2021-ը հոբելյանական տարի է լինելու երկու երկրների միջև հարաբերությունների համար։ 1921-ի մարտի 16-ին, հիշեցնենք, Մոսկվան ու Անկարան ստորագրել են Մոսկովյան պայմանագիրը, որով բոլշևիկյան Ռուսաստանը հրաժարվել էր ցարական Ռուսաստանի տարածքից և Թուրքիային հանձնել, այդ թվում` Ղարսը, Արարատը, Էրիվանյան գուբերնիայի արևմտյան հատվածը, նույն այս պայմանագրով Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին։ Երկու երկրներն այս պայմանագիրը համարում են դիվանագիտական հարաբերությունների սկիզբ։

Սոչիում ընդլայնված կազմով բանակցությունները սկսելիս Լավրովն օրակարգային հարցերը ներկայացնելիս հատուկ շեշտել է Ղարաբաղում և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը` ընդգծելով, որ ղարաբաղյան հարցն առաջնահերթ է դարձել երկու երկրների հարաբերություններում։

Եռակողմ համաձայնագրից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են, որ հարգում են միմյանց, որ համարում են միմյանց խոսքի և գործի մարդ։ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի լավ հարաբերությունները այսօր հերթական անգամ շեշտվել է ռուս-թուրքական բանակցություններին։ Նախօրեին ռուսական կողմի տարածած հայտարարության համաձայն` Լավրովն ու Չավուշօղլուն այսօր Սոչիում նախատեսում են մանրամասն քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր, մասնավորապես հնարավոր բախումների, ռիսկերի նվազեցման և կողմերին հումանիտար օգնություն տրամադրելու հետ կապված հարցեր։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է. «Ուշադրության կենտրոնում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կարգավորումը: Այս կենտրոնը դիտարկում ենք որպես հետկոնֆլիկտային կարգավորման օժանդակ տարր՝ ի լրումն ռուս խաղաղապահների առաքելության և այլ միջոցառումների։ Կենտրոնի խնդիրների մեջ, ինչպես հայտնի է, մտնում է իրավիճակի մոնիթորինգը տեսողական դիտարկման մեթոդներով, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտումների մասին տվյալների հավաքումը, ամփոփումը և ստուգումը»:

Հավելենք` Մոսկվան ու Անկարան մի շարք տարաձայնություններ ունեն եռակողմ համաձայնագրի հետ կապված․ Մոսկվան, մասնավորապես շեշտում է, որ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվում է ի լրումն ռուս խաղաղապահների առաքելությանը, Անկարան ու Բաքուն հայտարարում են, որ հրադադարը Ղարաբաղում վերահսկելու են ռուս և թուրք զինվորականները։ Բացի այդ, կան տարաձայնություններ նաև Հայաստանի տարածքով Նախիջևանը Ադրբեջանի մնացած տարածքի հետ կապող ճանապարհի հետ կապված․ Բաքուն ու Անկարան այս ճանապարհը կոչում են միջանցք և դրա կառուցումը կապում են Լաչինի միջանցքի հետ:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության տարածած երեկվա տեքստում կա նաև մեկ տող այն մասին, որ ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ: Պաշտոնական Մոսկվան, սակայն, գերադասում է շեշտել, որ այդ ահաբեկիչներին տարածաշրջան է բերել Թուրքիան։

Թեմայի այլ նորություններ