Նավալնին Գերմանիայից չի խնդրի քաղաքական ապաստան ու կվերադառնա ՌԴ բուժումից հետո
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Նավալնին Գերմանիայից չի խնդրի քաղաքական ապաստան ու կվերադառնա ՌԴ բուժումից հետո

Նավալնին Գերմանիայից չի խնդրի քաղաքական ապաստան ու կվերադառնա ՌԴ բուժումից հետո

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեքշաբթի օրը առաջին անգամ իր թունավորումից հետո հրապարակել է լուսանկար հիվանդանոցից, ուր նստած է անկողնում՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով:

Instagram-ում հրապարակված լուսանկարը ուղեկցվում է գրառմամբ.

«Ողջույն, ես Նավալնին եմ: Ես բոլորիդ կարոտել եմ: Դեռ գրեթե ոչինչ չեմ կարող անել, սակայն երեկ ամբողջ օրը կարողացել եմ շնչել ինքնուրույն: Լիովին ինքնուրույն, առանց որևէ կողմնակի օգնության...»:

Ալեքսեյ Նավալնին Գերմանիայում ապաքինվում է Ռուսաստանում թունավորումից հետո: Ըստ Նյու Յորք Թայմսի, նա կարողացել է արդեն խոսել գերմանացի մի դատախազի հետ իր թունավորման կապակցությամբ և նշել, որ պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան ապաքինվելուց անմիջապես հետո: Դրա մասին, ըստ Նյու Յորք Թայմսի, տեղեկացրել է գերմանական կողմի բարձրաստիճան իրավապահ մի պաշտոնյա:

Նավալնին երկար ժամանակ թունավորումից հետո գտնվել է բժշկական կոմայում: Բեռլինի Շարիտե հիվանդանոցի բժիշկները վստահ չէին , թե ինչ վիճակում է նա լինելու գիտակցության գալուց հետո: Սակայն իրավապահ ոլորտի աղբյուրները հայտնում են, որ Նավալնիի գիտակցությունը լիովին վերականգնվել է, և նա ամբողջապես գիտակցում է, թե որտեղ է գտնվում, և ինչ է տեղի ունենում իր շուրջը:

Այս տեղեկությանը նախորդել էր Գերմանիայի կառավարության հայտարարությունը, որ Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաներում անցկացված հետազոտությունը հաստատել է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է հատուկ թունավոր նյութով հայտնի որպես «Նովիչոկ», որը ազդում է մարդու նյարդային համակարգի վրա: Դա համընկնում է Բեռլինի եզրակացությանը, որը ևս մեկ անգամ փաստում է Նավալնիի թունավորման հարցում ռուսական պետության ներգրավվածության մասին: Պաշտոնական Բեռլինը կոչ է անում Մոսկվային պարզաբանումներ տրամադրել այս կապակցությամբ:

Ըստ Նյու Յորք Թայմսի, գերմանական ոստիկանությունը շարունակում է պահպանել Նավալնիի անվտանգությունը հիվանդանոցում: Վերջինս հրաժարվել է համագործակցել ռուսական կողմի՝ համատեղ հետաքննություն իրականացնելու առաջարկի շրջանակում, սակայն ապաքինվելուց հետո նախատեսում է վերադառնալ Ռուսաստան: Գերմանական իրավապահ մարմինների աղբյուրները նշել են, որ նա չի պատրաստվում ապաստան խնդրել գերմանական կառավարությունից:

Ռուսական կողմն անմիջապես չի արձագանքել ֆրանսիական և շվեդական լաբորատորիաների արդյունքներին: Նրանք պնդում են, որ որևէ ապացույց չկա, որ պարոն Նավալնին թունավորվել է՝ առաջ քաշելով մի շարք այլ կարծիքներ, ներառյալ արյան մեջ շաքարի ցածր մակարդակն ու դեղամիջոցի չափից շատ օգտագործումը:

Նավալնիի թունավորման գործն իր ազդեցությունը թողեց արտաքին քաղաքական ոլորտում և հատկապես ռուս-գերմանական հարաբերությունների վրա: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով, ըստ Նյու Յորք Թայմսի, առնվազն շաբաթը մեկ հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, թունավորումից ի վեր չի զրուցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղարկել է երկուշաբթի օրը իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ հանդիպումը ժամանակացույցի պատճառով:

Հնչում են նաև Հյուսիսային հոսանք 2 գազամուղի նախագիծը դադարեցնելու կոչեր, սակայն, ըստ վերլուծաբանների, Գերմանիայի կանցլեր Մերկելը եղել է այս նախագծի ջատագովներից մեկը, ուստի դրա դադարեցումը քիչ հավանական է: Բացի այդ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը հետախույզ Սկրիպալի թունավորումից հետո, անմիջապես պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ և արտաքսեց տասնյակ ռուս դիվանագետների, գերմանական կողմը, ըստ Նյու Յորք Թայմսի, ակնարկում է, որ Նավալնիի թունավորման հարցը ռուս-գերմանական երկկողմանի խնդիր չէ: Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սկրիպալի, ով ևս թունավորվել էր Նովիչոկ նյութով, Նավալնին Ռուսաստանի քաղաքացի է:

Գերմանիայի պաշտոնական շրջանակներն այժմ դիտարկում են հնարավոր պատժամիջոցների կիրառում Եվրամիության բոլոր անմդամների կողմից, ներառյալ, ճանապարհորդության արգելքը և ակտիվների սառեցումը ֆիզիկական անձանց նկատմամբ՝ շեշտելով, որ այսպիսով կընդգծվի ԵՄ վերաբերմունքը եվրոպական արժեքներին: Դրա հետ մեկտեղ, գերմանական աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի վարքագծի դեմ ուղերձը չպետք է լինի ի հաշիվ շարունակվող բանակցությունների Ուկրաինայի և Սիրիայի հարցերում, որտեղ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում, հաղորդում է Նյու Յորք Թայմսը:

Աղբյուր՝ amerikayidzayn.com

Թեմայի այլ նորություններ