Հայաստանում ընտրություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերող երկրների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները ընտրությունների առթիվ հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարարության մեջ ասվում է. «Այս կիրակի հայ ժողովուրդը նոր խորհրդարան ընտրելու նպատակով մասնակցելու է ընտրությունների: Մենք՝ միջազգային հանրության գործընկերներս, խրախուսում ենք բոլոր մասնակիցներին ապահովել, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված ընդհանուր բարձր նշաձողը:
Այդ նպատակով մենք շարունակում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին՝ աջակցելու արժանահավատ ընտրական գործընթացի թափանցիկ և արհեստավարժ եղանակով կայացմանը։
Խրախուսում ենք բոլոր կողմերին աջակցել հարգալից և խաղաղ միջավայրի ապահովմանը, որը կնպաստի ընտրողների իրավունքների ազատ կամարտահայտմանը՝ երկրի ապագայի համար այս կարևոր փուլում: Մենք մնում ենք հավատարիմ գործընկերներ՝ նպաստելու Հայաստանում բոլորի խաղաղությանն ու բարեկեցությանը»:
Հայտարարությանը միացած կողմեր՝
- Դեսպան Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակություն
- Դեսպան Ջոն Գալագեր, Երևանում բրիտանական դեսպանատուն
- Դեսպան Լին Թրեյսի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն
- Դեսպան Ֆուկուշիմա Մասանորի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն
- Դեսպան դոկտ․ Միխայել Յոհաննես Բանցհաֆ, Երևանում Գերմանիայի դեսպանություն
- Դեսպան Նիկոլաս Սխերմերս, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանություն
- Դեսպան Պատրիկ Սվենսոն, Հայաստանում Շվեդիայի դեսպանություն
- Պրն. Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ
- Դեսպան Ստեֆանո Լազարոթո, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն»: