ՀՀ-ում մինչև 2018 թ. գոյություն ունեցած և դեռ շարունակաբար գոյություն ունեցող էլիտան կապ չունի սեփական ժողովրդի հետ. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ-ում մինչև 2018 թ. գոյություն ունեցած և դեռ շարունակաբար գոյություն ունեցող էլիտան կապ չունի սեփական ժողովրդի հետ. վարչապետ

ՀՀ-ում մինչև 2018 թ. գոյություն ունեցած և դեռ շարունակաբար գոյություն ունեցող էլիտան կապ չունի սեփական ժողովրդի հետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական ինստիտուտների նկամամբ մարդկանց վստահության հարցին:

Նիկոլ Փաշինյան - Ընդիմությունն իրավունք ունի իր տեսակետներն արտահայտել, բայց ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ՝ հիմա մենք ընդդիմության տեսակետների վրա պետք է հիմնվե՞նք: Իսկ ո՞վ է ասում, լավ, կառավարությանը չեն վստահում, բայց դուք ունե՞ք ազդակ և ապացույց, որ ընդդիմությանը վստահում ե՞ն:

Պետրոս Ղազարյան - Ո՛չ: 

Նիկոլ Փաշինյան - Այդ եմ ասում, ընդդիմությանն ավելի շատ չեն վստահում: Ես դրա համար էլ ասում եմ, որ եկեք և ես չգիտեմ՝ կառավարությանն ինչքան չեն վստահում, ընդդիմությանն ինչքան չեն վստահում: Համենայն դեպս, եթե վիզուալ տեսարաններ համեմատելու լինենք, այսօր կառավարությանը շատ ավելի շատ են վստահում, քան ընդդիմությանը: Կամ եթե այդպես չէ՝ ասում եմ եկեք, գնանք արտահերթ ընտրություների, երաշխավորենք իրար հետ, ընդ որում, դա միայն կառավարությունը չասի, բոլորով իրար հետ երաշխավորենք մարդկանց ազատ կամարտահայտությունը, տեսնենք՝ ում ինչքան են վստահում: 

Պետրոս Ղազարյան - Ասում են՝ տեսեք, սգո երթի ժամանակ դուք վարչական լծակներ եք օգտագորել: 

Նիկոլ Փաշինյան - Ապացույց: 

Պետրոս Ղազարյան - Սա նշան չէ՞, որ կկեղծվեն: 

Նիկոլ Փաշինյան - Ապացույց: Չի կարող այդպիսի բան լինել: Դուք որևէ մեկին գիտե՞ք, որ ասել են երթի չգաս՝ աշխատանքից կազատվենք: Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի: Փոխարենն ընդդիմության հանրահավաքից մարդիկ կան, ովքեր արդեն հրապարակային դրա մասին հայտարարել են: Հիմա հարց կծագի՝ այս ընթացքում ինչո՞ւ չէինք խոսում այս նույն թեմաներից, որովհետև մարդիկ ասում են, որ կառավարությանը չեն վստահում՝ ընդդիմությա՞նն են վստահում: Մենք տվեցինք հնարավորություն, ընդ որում, մեզ անընդհատ մեղադրում են անհարկի մեղմ լինելու մեջ, մենք տվեցինք հնարավորություն, որ իրենք իրենց թեզն ապացուցեն: Իրենք չկարողացան իրենց թեզն ապացուցել և ընդհակառակը, ի հայտ եկավ մի նոր ճգնաժամ, ի հայտ եկավ մի նոր ճգնաժամ Հայաստանի Հանրապետությունում: Դա շատ ավելի ծանր ճգնաժամ է: 

Պետրոս Ղազարյան - Ո՛չ կառավարությանը, ո՛չ ընդդիմությանը:

Նիկոլ Փաշինյան - Այն, որ մարդիկ կառավարության վրա ջղայնացած են, այն, որ կառավարությանը շատ հարցեր ունեն, այն, որ մարդիկ ընդհուպ կարող են գնալ և քվեարկել, որ այս կառավարությունը պետք է հեռանա, դա ոչ մեկ չի վիճարկում: Բայց ես ուրիշ բան եմ ասում: Հրապարակում հավաքված ընդդիմության պահանջներին աջակցող ինչքա՞ն հայտարարություններ են եղել, ընդ որում, այդ հայտարարություններն արել են էլիտայի ներկայացուցիչներ, և այս պրոցեսը բացահայտել է էլիտայի ճգնաժամը Հայաստանում:

Այս պրոցեսը ցույց է տվել, որ Հայաստանում մինչև 2018 թվականը գոյություն ունեցած և դեռ շարունակաբար գոյություն ունեցող էլիտան, վերնախավը կապ չունի սեփական ժողովրդի հետ: Դա ոչ թե էլիտա է, այլ փսևդոէլիտա է, որն ունի կարգավիճակ, բայց չունի հեղինակություն, որովհետև պատկերացրեք՝ այդքան մարդիկ, այդքան ինստիտուտեր հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, ու մարդիկ դուրս չեն գալիս իրենց վերնախավի պահանջները պաշտպանելու:

Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է առաջին հերթին այդ վերնախավի կամ փսևդո, հիմա արդեն պարզ է վերնախավի նկատմամբ անվստահություն, որովհետև տեսեք՝ ինչ-որ մեկը հայտարարություն է անում, ասում են՝ ահա սրանք այն մարդիկ են, ինձ համար շատ ցավալի է, բայց ես պետք է դա ասեմ, սրանք այն մարդիկ են՝ սրանք կաշառքով գնահատական դնողներն են՝ պարզ է, բոլորի մասին չէ խոսքը, փառք Աստծո, ոչ բոլորն են այդ դիրքորոշումներով հանդես եկել, սրանք, որ գրագողությամբ թեկնածուական ու դոկտորական են պաշտպանել՝ պարզվեց իրենք են, այս «Բենթլի» քշողներն են հայտարարություն անում՝ պարզ է, իրանց էլ գիտենք:

Իրանք այն մարդիկ են, որ քիչ չէ «Բենթլի» են քշում այն պայմաններում, երբ երկրում տեղի են ունենում հայտնի իրադարձություններ, մի բան էլ այնպես են անում, որ իրենց «Բենթլի»-ների համար հարկ չվճարեն, և դրա արդյունքում զինվորի ու բանակի վրա ծախսվող գումարները չլինեն պատշաճ մակարդակի: Հա, նախկին գեներալներն են, բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյանե՞րն են հայտարարություն անում, հա սրանք նրանք են, ես մարդկանց արձագանքն եմ ասում,ովքեր զինվորի հացը գողացել են և իրենց համար դղյակներ և բարեկեցություն են կառուցել: ԱԱԾ նախկին գնդապետներն են հայտարարություն անում, կամ բարձրաստիճան պաշտոնյաները, նրանք են, որ 25 տարի կամ 30 տարի մարդկանց գլխին գործ են սարքել:  

Պետրոս Ղազարյան - Էլիտան մի հակաթեզ ունի Ձեր ասածին, նրանք ասում են լավ, եղել ենք այն, ինչ եղել ենք, բայց, հարգելի՛ ժողովուրդ, Ձեր ծոցից դուրս եկած իշխանությունը, որին Դուք ընտրել եք, երկիրը աղետի կանգնեցրեց, պատերազմ պարտվեց, մենք այդպիսի բան երբեք չենք արել: Մենք կաշառակեր ենք եղել, անկեղծ խոսենք, մենք արել ենք այն, ինչ բոլորը տեսել են, բայց մենք միշտ կարողացել ենք խուսանավել  նման աղետից, այ Ձեր ընտրած իշխանությունը բերեց աղետին, հետևաբար, տվեք էլի էլիտային, չարյաց փոքրագույնին, որ այսպիսի աղետների չի տանում երկիրը և Ձեզ:

Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, Դուք հնարավորություն տվեցիք իրականում, որ այն միտքը կիսատ մնաց, շարունակեմ: Հայտնի ձայնագրություն էին հրապարակել, որտեղ խոսք էր գնում նրա մասին, որ 6 միլիարդ տանք և այլն, և այլն, և դրանից ընդդիմությունը քարոզչական մեծ արշավ էր կառուցել, և ՀՀ մի քաղաքացի, չգիտեմ՝ որ մարզի, որ գյուղում ամբողջ այդ քարոզչական արշավը ուղղակի ջախջախեց մեկ նախադասությամբ: Ի՞նչ ասաց այդ մարդը, ասաց հիմա ասում եք, որ Դուք առաջարկում էիք, որ Դուք տաք 6 միլիարդ, որ Ադրբեջանը հրաժարվի չգիտեմ այդ տարածքից, կամ չգիտեմ՝ ինչից: Ասում է` 6 միլիարդ կար, բանակի վրա դնեիք, ինչո՞ւ եք գնացել առևտուր անելու: Դուք ասացիք, որ բանակը ամենավստահելի կառույցն էր, բայց հարց՝ իսկ բանակը հզորացնելու համար մենք վերջին 25 տարվա ընթացքում ամե՞ն ինչ ենք արել: Հա, մենք մեր երեխեքին, այդ նույն էլիտան, ազատել է բանակից, բանակի կենացը խմել է, և մեզ էլ ճիշտ են ասում այս 2.5 տարվա ընթացքում՝ բա ինչո՞ւ այս չեք առել, այն չեք արել, էս չեք արել, էս չեք արել ... Ճիշտ են ասում:

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բնակիչների ունեցվածքի խնդիրներին:
 
Վարչապետն ասել է.
 
«Բազմաթիվ խորհրդակցություններ են ունեցել, նաև տարածքային կառավարման մարմինների միջոցով խնդրել ենք, որ այն բնակիչներին, ում կարող է դա առնչվել, իրենց հետ խոսեն, ասեն, որ մենք ունենք էսպիսի իրավիճակներ, և եթե լինեն իրավիճակներ, երբ իրենց իրավունքները ոտնահարվեն, իրենց շահերը չպաշտպանվեն կամ իրենց շահերը ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերին, ՀՀ կառավարությունը կփոխհատուցի առնվազն կրկնակի չափով՝ իրենց ունեցած նյութական կորուստների համար: Պարզ է, որ դա հոգեբանական նոր իրավիճակ է ստեղծում, բայց մենք պետք է կողմնորոշվենք: Այսօր, օրինակ՝ ասում են, որ Զանգելանի և Կուբաթլուի հատվածները եղել են մեր վերահսկողության ներքո: Բայց դառը իրականությունն այն է, որ մենք էդտեղ հասել ենք, հասել ենք շատ հեռուներից»: 
 
Ի պատասխան հարցին, որ համաձայնագրում ասվում է, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ գործողությունն ավարտվել է, վարչապետն ասել է.
 
«Նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Ես ասել եմ նախկինում, նաև խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Կուբաթլուի և Զանգելանի տարածքներն արդեն 90 տոկոսով եղել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք էդտեղ կանդրադառնանք, որովհետև էդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված: Այն, որ կան պրոբլեմներ դրա հետ կապված, դրա հետ ոչ ոք չի վիճում: Բայց երբեմն այդ պրոբլեմները դառնում են լրատվական մանիպուլյացիաների առիթ:
 
Մի դեպքի մասին կարելի է ունենալ 400 հրապարակում, և կարող է տպավորություն ստեղծվել, որ դա 400 դեպքի մասին է: Մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր քաղաքացիների շահերը լիարժեք պաշտպանելու համար: Օրինակ՝ հիմա ասվում է, որ մեր քաղաքացիները տեսնում են ադրբեջանցիների։ Շատ վատ է, որ այդպես է, բայց, մյուս կողմից, Արմավիրի մարզի Մարգարա գյուղում, օրինակ՝ մեր քաղաքացիները ամեն օր տեսնում են թուրքերի և թուրք սահմանապահների:
 
Հասկանալի պատճառներով դա այսպիսի խուճապ չի առաջացնում: Մենք մեր խնդիրը պետք է ձևակերպենք՝ մենք ի՞նչ ենք ուզում: Մենք այս նոր իրավիճակում պե՞տք է արդյոք կայունացնենք իրավիճակը, թե՞ չկայունացնենք: Մեր կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները և լծակները՝ կայունությունն ապահովելու համար: Բարդ շրջան է լինելու»: 
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի դատական համակարգը դարձել է փսևդո-էլիտայի մաս: Հարցին՝ նման համակարգով ընտրությունների գնալը ճի՞շտ է, թե՞ ոչ, վարչապետը պատասխանել է.

«Ուրեմն, եկեք որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր ենք գնում ընտրությունների: Իմ ասածը առաջարկ է, իմ ասածը պարտադրանք չէ և չի էլ կարող լինել: Եկեք որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք ու գնում ենք ընտրությունների»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունները կկեղծեն արտահերթ ընտրությունները, քանի որ եթե 2018 թ. կեղծիքի դիմելու մոտիվացիա չեն ունեցել, ապա հիմա ամեն ինչ կանեն դրա համար:

«Այդ էյֆորիայի պայմաններում մենք պարտվել ենք, մեր քաղաքական թիմը պարտվել է Կապանի քաղաքապետի ընտրություններում, մենք պարտվել ենք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, էլի այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվել ենք, այսինքն՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանը, այսինքն՝ երկու և էլի ուրիշ առանցքային քաղաքներում մեր կառավարման օրոք և էյֆորիայի պայմաններում ձեր նշած՝ մենք պարտվել ենք ընտրությունները: Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որ մեր կառավարման ժամանակ թեկուզ մի քվեաթերթիկի կեղծիք տեղի է ունեցել: Ես դեռևս Սահմանադրական հանրաքվեն երբ նախատեսված էր, որ տեղի չունեցավ կորոնավիրուսի պայմաններում, գուցե կոպիտ, բայց շատ դիպուկ անդրադարձել եմ այդ թեմային, ես ասել եմ՝ ես, մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի մի ձայնի չենք կպնի, որովհետև դա մեր քաղաքական ինքնությունն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է․

«Ի վերջո, տեսեք՝ ինչ է այսօր տեղի ունենում, մեզ ասում են, արձագանքում են, ասում են՝ ի պատասխան մեր առաջարկի ասում են՝ մենք ձեզ հետ խոսելու բան չունենք, մենք չենք առաջարկում ձեզ հետ խոսել, առաջարկում ենք ժողովրդի հետ խոսել: ժողովրդի հետ խոսելու բան ունե՞ք, թե՞ չունեք: Եվ, ի վերջո, ի՞նչ ենք արձանագրում, արձանագրում ենք, որ տեսեք՝ այս ընթացքում ընդիմությունն ունեցել է բոլոր հնարավորություններն իր վարչապետի հրաժարականի պահանջի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա ապահովել: 

էլի եմ ասում՝ նրանք ունեցել են և ունեն լրատվական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարութունը, նրանք ունեն ֆինանսական հսկայական ռեսուրսներ, ինչպիսին չունի կառավարությունը, նրանք ունեն կազմակերպչական հսկայական ռեսուրսներ: Օրինակներ գիտենք հրապարակային, երբ մարդկանց ասել են՝ հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես: Բայց ակնհայտ է, որ այդ պահանջը հրապարակում առնվազն չի արժանացել և չի արժանանալու ժողովրդական աջակցության:

Բայց մենք մեզ համար ասում ենք, որ մեզ համար էլ է կարևոր, որ մենք գնանք ժողովրդի առաջ կանգնենք և մեր ասելիքն ասենք: Եվ եկեք բոլորով գնանք, այսինքն՝ ոչ թե պետական հեղաշրջման սցենարներ մտմտանք, ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ գնանք, ժողովրդին տանք այս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորությունը:

Իրենք ասում են վարչապետի հեռացում, փոփոխություն, մենք ասում ենք շատ լավ, եթե ժողովուրդը որոշի, որ պետք է վարչապետը փոխվի, ուրեն վարչապետը կփոխվի: Եթե ժողովուրդը կորոշի, որ վարչապետը չպետք է փոխվի, ուրեմն չի փոխվի: Ի՞նչն ենք մենք սխալ ասում այստեղ, այն, որ կկեղծվեն ընտրությունները, էլի եմ ասում, Կապանի և Աբովյանի օրինակը, ինչի՞ մենք չէինք գիտակցում հենց թեկուզ այսօրվա պայմաններում այդ քաղաքների սկզբունքային նշանակությունը: Շատ լավ, հավելյա՞լ մեխանիզմներ են պետք ընտրություների արդարությունն ապահովելու համար, եկեք նայենք՝ ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ, պե՞տք է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անել, շատ լավ, եկեք տեսնենք, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ անել Ընտրական օրենսգրքում և այլն և այդպես շարունակ»,- ասել է նա: 

Թեմայի այլ նորություններ