Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լևոն Տեր- Պետրոսյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    26%
    13 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    91%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    51%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    26%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    88%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    26%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    62%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ես նմա՞ն եմ մարդու, ով կարող է փախչել. Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լևոն Տեր- Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որով նա առաջարկել էր ՀՀ վարչապետին անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ ապաստանել արտերկրում: Մարտի 20-ին Ներքին Բազմաբերդի բնակիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը ընդգծեց, որ ինքը ժողովրդի տված վստահությունը չի անարգի որևէ փախուստով: 

«Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է անում, ասում է` կազմակերպենք վարչապետը Հայաստանից գնա ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա: Լևոն Տեր-Պետրոսյանը իր փառահեղ քաղաքական կարիերայի ընթացքում երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է փախչել, եթե ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, որ ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ: Եվ դուք ունեք այդ իրավունքը, ժողովուրդ: Փախչողները թող մտածեն փախչելու մասին»,- եզրափակեց Փաշինյանը:

«Մեզ մեղադրում են, որ պատերազմ է սկսվել, և մենք հարցի կարգավորման հնարավորությունը չենք օգտագործել: Մերժվածը 2018-ի ապրիլին ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար, և այլևս այս պահից չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի լուծել հարցը»: Մենք ի՞նչ պետք է անեինք՝ պետք է ընդունեի՞նք «Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները» Ղարաբաղի հարցում, պետք է շարունակեի՞նք Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնեու գործընթացը: Երբ Մերժվածն ասում էր՝ «Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում», մարդիկ չէին հասկանում՝ ինչի մասին է խոսում, ինքը գիտեր՝ ուր է բերել-հասցրել բանակցային գործընթացը: 2018-ի մայիսից, երբ ես դեռ նոր էի վարչապետ ընտրվել, իրենք արդեն հայտարարում էին, որ եկել եմ՝ հողերը հանձնելու, քանի որ գիտեին՝ ո՛ւր են հասցրել բանակցային գործընթացը: Այո՛, նրանք ուզում են արյուն և չեն ուզում ընտրություն: Ես ասում եմ՝ թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թույլ չեմ տալու, որ դուք լինեք իմ դատավորը, ժողովուրդն է, որ պետք է դատի մեզ էլ, ձեզ էլ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 

«Հինգ ամիս Հայաստանը գտնվում է հետպատերազմյան իրավիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Իշխանությունը և կառավարությունն ագրեսիվ կերպով հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել: Գիտեք, թե ինչպիսի ելույթներ են հնչում, ինչպիսի կոչեր են հնչում, բայց ես գիտեմ, որ շատերը այս իրավիճակի հետ կապված ունեն դժգոհություններ, ունեն պահանջներ: Այն վիճակը, որ մենք ունենք Հայաստանում, ըստ էության աննախադեպ է, որովհետև հետպատերազմյան այս 5 ամիսների ծանր հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից: Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են: Եկեք արձանագրենք, որ այս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, և դա չափազանց մեծ ձեռքբերում է: Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ դա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետև առաջին հերթին դուք թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների սպանության կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում: Որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը: Իրավապահ մարմինները ձերբակալում են, տանում են կալանավորելու, նրանք ասում են` ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր հանձնարարությունների և ձեր չակերտավոր ասած «առաքելության» իրականացումը: Դուք հարց կտաք՝ ինչո՞ւ Հայաստանում կան նման դատավորներ: Շատ արդարացի հարց է: Մենք մի շատ մեծ թերություն և մի շատ մեծ առավելություն ունենք` 2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, պարտավորություններ ենք ստանձնել, որ պետական կառավարման համակարգում ջարդեր չեն լինելու, վենդետաներ չեն լինելու, յուրաքանչյուրը ունենալու է իր շանսը, և մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը: Գուցե քաղաքական առումով մենք սխալ ենք եղել, բայց բարոյական առումով ճիշտ ենք եղել: Սրա պատճառներից մեկն այն է եղել, որ մեր հեղափոխության հիմքում դրված են եղել քրիստոնեական արժեքները: Բայց շատերն այդ սահմանը հատել են՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով: Այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնք ուզում են արյուն, ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներով արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով, և այդ մարդիկ ցանկանում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք լավ գիտեն Ղարաբաղի հարցը իշխանության համար պայքարում որպես վճարամիջոց օգտագործելու ձևը: 1998-ին այդ մարդիկ Ղարաբաղի հարցով իշխանության եկան՝ ասելով, որ մերժում են Ղարաբաղի հարցի փուլային և պարտվողական տարբերակը, բայց 20 տարի բանակցել են Ղարաբաղի հարցի փուլային լուծման շուրջ: Այն փաստաթուղթը, որը մերժում էին, բայց բանակցում էին դրա շուրջ, վերնագրված էր՝ «Ղարաբաղի հարցի լուծման առաջին փուլի և հետագա քայլերի մասին: Վերջին 20 տարվա և մինչև 2018-ի բանակցային գործընթացի էությունը եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերականգնման մասին»,- ասաց վարչապետը: 

«Որպեսզի հասկանանք՝ ի՛նչ ենք անելու, պետք է արձանագրենք այսօրվա իրողությունը: Այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այդքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այդքան մեզ ընկալում են որպես թշնամի: Եվ նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսել է: Մենք պետք է արձանագրենք. առաջինը՝ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձևով կառավարվի, որովհետև սա ամենամեծ մարտահրավերն է, որ մենք էլ, ուրիշներն էլ ունենք: Պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, այն լուծված չէ: Հույսեր չպետք է ունենալ, թե այդ թշնամության հարցը արագ կլուծվի: Ինչո՞ւ զոհվեցին մեր տղաները: Մեր տղերքը զոհվեցին էն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ  չմնա, բայց էսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է: Էս, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Հայաստանում ստեղծված ծանր ճգնաժամը լավ առիթ է համարում մտածելու պետության անցած ճանապարհի և հետագա անելիքների մասին: Մարտի 20-ին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ անցած ճանապարհի ամենամեծ առանձնահատկություններից մեկը եղել է այն, որ ժողովուրդը և նրա իրավունքը եղել է օտարված:

«Եվ այդ ժողովրդի իրավունքը շատ հաճախ օտարվել է հենց Ղարաբաղի հարցի շահարկումով և խաղարկումով: Էլի եմ ասում, շատ կարևոր է հասկանալ, թե 30 տարվա որ ժամանակահատվածում է, որ անմնացորդ ջանքեր ենք գործադրել, որպեսզի ունենանք հզոր բանակ և որ ժամանակահատվածում է, որ այդ ջանքեր չենք գործադրել կամ այդ ջանքերը իրականում ուղղված են եղել բոլորովին ուրիշ խնդիրներ լուծելու համար»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ներկայումս իրավիճակը այնպիսին է, որ այն ուժերը, որոնք Ղարաբաղի հարցի շահարկումով ժողովրդին օտարել են իշխանությունից, այդ նույն ուժերը ուզում են պատմությունը կրկնեն:

«Այսօր եկել եմ ձեզ ասելու, որ դա թույլ չենք տալու»,- շեշտեց Փաշինյանը:

 

Թեմայի այլ նորություններ