«Երևի պետք է շնորհակալություն հայտնենք, որ լրատվական դաշտը պատերազմի օրերին պետության հետ համագործակցել է, հա՞: Ես զարմանում եմ: Բա ի՞նչ պիտի անեիք, բա պատերազմ էր: Գրում-գրում էի ու մտածում էի, որ էս թուղթը չի հերիքի, թե որքան տեղ կարելի է ձեզ հակադարձել»,- այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանում երբևիցե այդքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել, ինչպես հիմա. «Ես չգիտեմ՝ գիտեք, թե «Երկիր մեդիա» հեռուստաալիքի լիցենզիան ինչ դաբրոներով եք ստացել: Ձեր իշխանության ժամանակ եղել են ցուցակներ, թե ում չի կարելի բացել: Հետո եկան որոշ մարդիկ և Սերժ Սարգսյանին նոու-հաու առաջարկեցին. ասեցին՝ եկեք մեկ-երկուսին կանչենք, պառը բաց թողնենք, թող գան-խոսեն: Լավ, էլի, կարող ա՞ մենք էս երկրից չենք եղել»:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության կտրուկ աճը հանգեցրել է նրան, որ ոմանք դա համեմատում են լկտիության հետ. «Որոշ մարդիկ խոսքի ազատությունը խառնել են լկտիության հետ: Առնվազն ԱԺ դահլիճում կա երկու հոգի, ովքեր վիրավորանքներ են սփռել սոցցանցերում»: