ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 86 «կողմ» ձայնով:
Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց օրինագծի ընդունմամբ:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախածգում փոփոխություններ չէին կատարվել:
Օրենքի նախագիծը ներկայացրել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին կոչ էր արել դեմ քվեարկել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագծին։