Վարչապետը հորդորել է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին չթուլացնել զգոնությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետը հորդորել է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին չթուլացնել զգոնությունը

Վարչապետը հորդորել է քաղաքացիներին համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին չթուլացնել զգոնությունը

InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պարետատան նիստից հետո անցկացված հերթական ճեպազրույցի ժամանակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով` կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է՝ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։

«Ուզում եմ հիշեցնել, որ նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիս-հուլիսին արձանագրված պիկի ժամանակ և, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին հանրության վերաբերմունքը կլինի մի փոքր այլ։ Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից, անկախ լավատեսական լուրերից, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, մանավանդ, որ տեսել ենք երկրներ, որոնք որոշակի բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և այնտեղ իրավիճակը շատ արագ վերադարձել է նախկին մակարդակին կամ ավելի է վատթարացել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ինքը տեղյակ է, որ մեր շատ քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ: «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է և բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,- նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ իրավիճակով պայմանավորված Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի 1-ից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոն Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կդադարեն միայն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ զբաղվել և կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։ Ըստ նախարարի՝ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, և հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե՛ սովորական, թե՛ վերակենդանացման բաժանմունքներում։

«Այս պատճառով պլանավորվում է աստիճանաբար գնալ դեպի մահճակալային ֆոնդի հետծավալման, սակայն պատրաստ լինելով 1-2 օրվա ընթացքում այն նորից նույն ծավալով աշխատեցնելու, եթե իրավիճակը կրկին փոխվի։ Եթե դեպքերի թվերը նորից սկսեն աճել ու հավելյալ մահճակալների կարիք լինի, 2700-2800-անոց մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու»,- ասել է նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկորդ ալիքին։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկակակ կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։

«Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», - ասել է Արսեն Թորոսյանը։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ առաջիկայում մի շարք ոլորտների գործունեության հետ կապված կընդունվեն պարետի որոշումներ, որոնք հնարավորություն կտան հստակ կանոնների պահպանմամբ վերսկսել գործունեությունը:

Եզրափակելով ճեպարզրոյցը՝ վարչապետը նշել է, որ ներկայիս իրավիճակը հուսադրող է, բայց այդ հույսը կարող է հօդս ցնդել, եթե մենք այդ հույսը, հնարավորությունը չօգտագործենք: «Կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ մենք կենտրոնացել ենք առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով:

Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին՝ չվարակենք ուրիշներին և չվարակվենք ինքներս: Դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Եթե մենք այս կանոնները պահենք՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալ եղանակով: Իսկ եթե չպահպանենք, ցավոք սրտի, այս բրիֆինգների շարքը կշարունակվի:

Եկեք այնպես անենք, որ այս բրիֆինգների շարքը չշարունակվի և մեր բրիֆինգները լինեն բոլորովին ուրիշ հարցերի՝ մեր տնտեսական և այլ խնդիրների լուծման վերաբերյալ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ