Վարչապետ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հայտարարություններով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վարչապետ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հայտարարություններով

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեծ հաճույքով և ուրախությամբ եմ հիշում 2018 թվականին Երևանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որտեղ Դուք ընտրվեցիք Գլխավոր քարտուղար, և Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Կարծում եմ, որ այդ առումով 2019 թվականին շատ ակտիվ և արդյունավետ համագործակցություն ունեցանք: Ցավոք, կորոնավիրուսի համավարակն ազդեցություն ունեցավ նաև մեր կազմակերպության աշխատանքների և մեր նախագահության վրա և ստիպված եղանք մի շարք միջոցառումներ չեղարկել: Բայց, այնուամենայնիվ, մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում ՖՄԿ-ին մեր մասնակցությանն ու նախագահությանը, և հույս ունեմ, որ առաջիկայում, միասին մեր մյուս գործընկերների հետ, կկարողանանք լրացնել այն բացը, որն առաջացավ համավարակի պատճառով:

Մեր հանդիպումների ժամանակ ասել եմ, կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք լիովին աջակցում ենք Ձեր՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նախանշած բարեփոխումների կուրսին և, իհարկե, կշարունակենք մեր հնարավորությունների շրջանակում աջակցել նաև մեր նախագահությունից հետո բարեփոխումների Ձեր որդեգրած կուրսին: Կրկին ողջունում եմ, ուրախ եմ Ձեզ տեսնել»:

ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր հերթին ասել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շատ ուրախ եմ Ձեզ անձամբ կրկին տեսնելու համար: Մենք հեռախոսազրույց ենք ունեցել պատերազմի ընթացքում, շատ ցավում էի: Ե՛վ կազմակերպությունը, և՛ անձամբ ես շատ ջերմ ենք ընդունում Հայաստանը, և մեզ համար շատ դժվար էր հետևել Հայաստանի համար այդ ծայրահեղ դժվարին իրավիճակին, ուստի ուրախ էի, որ կարողացա այն ժամանակ խոսել Ձեզ հետ և ուրախ եմ, որ այժմ կարող եմ արդեն անձամբ գտնվել այստեղ:

Պարոն վարչապետ, թույլ տվեք Ձեզ շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկու պատճառով: Նախևառաջ, իհարկե գրավոր նամակագրությամբ արել եմ, բայց կցանկանայի այժմ անձամբ շնորհավորել Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Այդ հաղթանակը շատ կարևոր էր երկու առումով՝ նախ անձամբ Ձեզ համար և հայ ժողովրդի համար, որը կարողացավ հստակ արտահայտել իր կամքն ընտրությունների համար ոչ այնքան բարենպաստ պայմաններում: Ուստի սա շատ մեծ հաղթանակ է ժողովրդավարության և հայ ժողովրդի համար: Երկրորդ առումով՝ մեզ համար, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար, որն ունի նաև քաղաքական առաքելություն, մասնավորապես՝ աջակցել երկրներին ժողովրդավարության հարցում: Ուրախ էինք, որ հրավիրվել էինք ականատես լինելու այդ գործընթացին և կարողացանք մեր կազմակերպության առաքելության շրջանակում դիտորդ հանդիսանալ այդ ընտրություններին: Այս հաղթանակը շատ կարևոր է, քանի որ այն նշանակում է այսօր որոշակի հանդարտեցում, քաղաքական կոնսենսուս, որը շատ կարևոր է, քանի որ Դուք շատ ավելի բարդ հարցեր ունեք կառավարելու և՛ երկրի, և՛ տարածաշրջանի համար:

Ձեզ շնորհավորելու երկրորդ պատճառը, և Դուք հիշատակեցիք դա՝ Հայաստանի նախագահությունն էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որը դուք հիանալի եք իրականացրել՝ և՛ դուք, և՛ Ձեր ներկայացուցիչը՝ դեսպան Տեր-Ստեփանյանը այն սանիտարական պայմաններում, որոնք բավական բարդացնում էին աշխատանքը, և կազմակերպության վերափոխման պայմաններում: Դուք կարողացել եք մասնակցել մի շարք որոշումների կայացմանը, որոնք կարևոր էին մեր կազմակերպության համար Ձեր՝ Փարիզ կատարած այցից հետո: Պարոն դեսպանը նաև քաղաքական հանձնաժողովի անդամ է և մասնակցում է մտորումների խմբի, որի նպատակն է պատկերացնել կազմակերպության ապագան, այսինքն՝ կարող եմ ևս մեկ անգամ փաստել, որ դուք պատվով եք կատարել նախագահության այդ բարդ աշխատանքը»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային հարցերի և տարածաշրջանային անվտանգության, խաղաղության թեմայի շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը և երախտագիտություն հայտնել ՖՄԿ Գլխավոր քարտուղարին՝ 2020թ. աշնանը մեր երկրին, հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և համերաշխության համար: Լուիզ Մուշիկիվաբոն վերահաստատել է ՖՄԿ պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակությունը 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի լուծմանը:

Վարչապետը կարևորել է 2021թ. խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ ՖՄԿ դիտորդական առաքելության մասնակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը և առաջ եկած մարտահրավերներին: Արծարծվել են ՖՄԿ առաջիկա գագաթաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և քննարկել այդ ուղղությամբ անելիքները: Երկուստեք կարևորվել են ՀՀ դպրոցներում, բուհերում, պետական ծառայողների շրջանում ֆրանսերենի դասավանդման խորացումը, երիտասարդության շրջանում կրթական նախաձեռնությունների իրականացումը, որոնք կապող օղակ կհանդիսանան ֆրանկոֆոն տարածքի երիտասարդների միջև:

Հանդիպումից հետո ՀՀ վարչապետը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարություններով:

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով, որի սղագրությունը ներկայացվում է ստորև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

տիկնայք և պարոնայք,

նախ կցանկանայի ևս մեկ անգամ ողջունել տիկին Լուիզ Մուշիկիվաբոյին և վստահեցնել, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սպասված և մշտապես ցանկալի հյուր է Հայաստանի Հանրապետությունում: Մենք կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և գոհունակություն հայտնում միջազգային այդ կարևոր կառույցի շրջանակներում Հայաստանի մասնակցության դերի և մակարդակի կապակցությամբ: Գլխավոր քարտուղարի այս այցելության նպատակներից էր ամփոփել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում Հայաստանի ստանձնած նախագահությունը:

Ինչպես տեղյակ եք, 2018թ. Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանը երկու տարով ստանձնեց նախագահությունը կազմակերպությունում: Սակայն COVID-19 համավարակի պատճառով 2020թ. անցկացվելիք 18-րդ գագաթնաժողովը հետաձգվեց և այդ ընթացքում Հայաստանը շարունակեց իրականացնել նախագահությունը: Մենք մեծագույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ էինք ստանձնել այդ կարևոր դերակատարումը, սակայն, ցավոք պետք է նշել, որ Երևանի գագաթնաժողովին ընդունված մեր կողմից իրականացվելիք որոշ ծրագրեր և ծրագրերի մի զգալի մասը համավարակի պատճառով ստիպված էինք չեղարկել:

Մենք կարևորում ենք կազմակերպության հաջորդ՝ 18-րդ գագաթնաժողովի պատշաճ պատրաստումը և անցկացումը: Հայաստանը որպես նախագահող երկիր, մտադիր է բարձրագույն մակարդակով մասնակցել միջոցառմանը և իր ակտիվ ջանքերը ներդնել ընդունվելիք փաստաթղթերի մշակմանը: Այսօրվա հանդիպմանը Գլխավոր քարտուղարի հետ մենք անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի և առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում անվտանգության և խաղաղության թեմային: Առանձնահատուկ կարևորել եմ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի լուծումը, մասնավորապես, հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև կարևորում ենք հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պաշտպանությունը:

Հայաստանը երախտապարտ է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին 2020 թվականի աշնանը մեր երկրին ցուցաբերած աջակցության համար: Մենք շնորհակալ ենք այն համերաշխության համար, որը Դուք, տիկին Գլխավոր քարտուղար, դրսևորել եք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Հայաստանի կառավարությունը շնորհակալ է Գլխավոր քարտուղարին սույն թվականի հունիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու համար: Սա առաջին անգամ էր, երբ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան են այցելում ֆրանկոֆոն ընտանիքի ներկայացուցիչներ: Հայաստանը պատրաստ է շարունակել լայնածավալ համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ, հատկապես, ֆրանսերեն լեզվի դասավանդման հարցում՝ ինչպես դպրոցներում և բուհերում, այնպես էլ հայաստանյան պետական ծառայողների շրջանում: Հայաստանն աջակցում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին իր պաշտոնից բխող բարեփոխումների իրականացման հարցում: Սույն համատեքստում Հայաստանը կարևորում է նաև Գլխավոր քարտուղարի՝ կազմակերպության մարմինների գործունեությանն ուղղված բարեփոխումների առաջարկը: Շնորհակալություն:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբո - Շատ շնորհակալ եմ պարոն վարչապետ, ինձ համար շատ հաճելի է գտնվել Երևանում, այն քաղաքում, որտեղ ես ընտրվեցի գլխավոր քարտուղար: Ես առանձնահատուկ կախվածություն ունեմ այս երկրից մի շարք պատճառներով: Հայաստանի համար ծայրահեղ դժվարին պատերազմական և համաճարակային իրավիճակում մենք խոսել ենք հեռախոսով, սակայն ուրախ եմ, որ կարող եմ այժմ հանդիպել Ձեզ հետ որպես գործող նախագահող, խոսել այն ամենի մասին, ինչ կատարվել է 2018 թվականից ի վեր: Մենք, իհարկե, Փարիզում էլ ենք հանդիպել և քննարկել այդ հարցերը, բայց դրանից հետո շատ բաներ են տեղի ունեցել և աշխարհում, և այս երկրում, ուստի, նախ և առաջ, ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ այս գեղեցիկ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու և Ձեր գեղեցիկ հաղթանակի համար: Մեր կազմակերպության համար պատիվ էր, որ կարողացանք դիտորդներ ուղարկել այդ ընտրությունների համար: Նրանք զեկուցել են ինձ: Մեծ գոհունակություն ենք արտահայտում մեր կազմակերպության տարբեր ծրագրերում և նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության առիթով: Եվ Ձեր ակտիվության համար՝ չնայած այն սանիտարական իրավիճակին, որ բարդացրել է բոլորի կյանքը:

Ինչ վերաբերում է մեր կազմակերպության և այս գեղեցիկ երկրի միջև համագործակցությանը, ապա մենք շատ հետաքրքրված ենք գտնելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք կապված կլինեն հայ և ֆրանկոֆոն մյուս երիտասարդների միջև փոխգործունեության հետ՝ լինի դա Աֆրիկայում, Ասիայում, թե Եվրոպայում: Միասին խորհրդակցում ենք դեսպան Տեր-Ստեփանյանի հետ, որը ներկայացնում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: Փորձում ենք գտնել ծրագրեր, նախաձեռնություններ, որոնք կհամապատասխանեն հայ երիտասարդության ակնկալիքներին: Սա, իհարկե, հավելվում է մեր դասական համագործակցությանը ֆրանսերեն լեզվի շրջանակներում: Եվ մենք միշտ ուրախ ենք վերադառնալ այս երկիր և ավելի ու ավելի շատ ձայներ լսել, որոնք խոսում են ֆրանսերեն:

2021թ. Ֆրանկոֆոնիան սակայն միայն ֆրանսերեն լեզվին չի վերաբերում: Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների համար ֆրանսերենը համատեղ լեզու է, բայց նախ բոլորն ունեն նաև իրենց ազգային լեզուն, ունեն այլ օտար լեզուներ: Այսօր կոմպլեքսներից ազատված է Ֆրանկոֆոնիան: Ֆրանսերենը կարող է գոյակցել այլ լեզուների հետ: Սա մեր բոլոր անդամ պետությունների իրականությունն է: Ուստի, մենք, իհարկե, կարևորություն ենք տալիս ֆրանսերեն լեզվին, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ֆրանկոֆոններին աշխատանք գտնել, նոր հնարավորություններ ունենալ, ճամփորդել և հասկանալ աշխարհը: Սա է Ֆրանկոֆոնիան այսօր: Հայաստանը մեծապես նպաստում է մեր կազմակերպության գործունեությանը, ևս մեկ անգամ շեշտեմ, այնպիսի իրավիճակում, որը բավականին դժվարին է:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, դրա մասին քիչ առաջ վարչապետի հետ քննարկեցինք, շատ զգայուն է այս երկրի քաղաքական խնդիրների հանդեպ: Մենք հետևել ենք իրադարձություններին, հայերի ցավին պատերազմի ժամանակ: 88 անդամ պետություն կա մեր կազմակերպությունում, մի շարք երկրներ շատ սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, որոշ երկրներ նույնիսկ քաղաքական պրոցեսների մեջ են ներգրավված, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, որը նաև մեր կազմակերպության նստավայրն է: Եվ կան երկրներ, որոնք պակաս զգայուն են այս հարցի նկատմամբ: Բայց կազմակերպությունը, բնականաբար, կարևորում է, Հայաստանը մեր անդամ պետությունն է, նաև այս պահին մեր նախագահող երկիրն է, ուստի մենք շատ զգայուն ենք մնում, շատ ուշադիր ենք մնում այս երկրի հանդեպ: Մենք պատրաստ ենք միշտ լսել վարչապետին և Հայաստանի իշխանություններին: Եվ, բնականաբար, վարչապետը մնում է գործող նախագահող մինչև հաջորդ գագաթնաժողովը կկազմակերպվի, որը պետք է, որ Թունիսում կազմակերպվի մոտ մեկուկես ամիս անց: Ուստի կապի մեջ ենք մնալու վարչապետի հետ, որպեսզի նա կարողանա այս գործընթացին աջակցել մինչև նախագահությունը կփոխանցի հաջորդ նախագահողին՝ Թունիսին:

Պարոն վարչապետ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր հյուրընկալության համար, հայերի հյուընկալության համար: Իսկապես, մենք մեզ տանն ենք զգացել ժամանելու պահից և Ձեզ կազմակերպության անունից շնորհակալություն եմ հայտնում:

Թեմայի այլ նորություններ