Տղաներն անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տղաներն անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան

Տղաներն անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցեց հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։ Վարչապետը ցավակցություն հայտնեց սգակիր ընտանիքներին:

«Հայրենիք ու պետություն ունենալը պատասխանատվություն է: Պատասխանատվություն, որը ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված: Եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել անհատների, մեզնից յուրաքանչյուրի միջև:

Մենք այստեղ հավաքվել ենք՝ ազդարարելու, որ ՀՀ զինված ուժերի մայոր, ՀՀ քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, ՀՀ զինված ուժերի կապիտան, ՀՀ քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիարժեք և անմնացորդ կրեցին հայրենիք և պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որն ունի մարդը: Նրանք հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանիքների անդամների, հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ: 

Մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, հայրենիք-պետության, մեր ժողովրդի ու պատմության, մեր նահատակների ու սերունդների, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ: Եվ սա մեր՝ ապրողներիս պատասխանատվության ժամն է: Եվ մենք ամեն օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին, մենք պետք է ամուր կանգնենք այս հողին այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին կանգնած են մեր հերոս եղբայրները:

Այդ մարդիկ հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը և մեզնից յուրաքնչյուրը ամեն անգամ Եռաբլուրի, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս՝ ինքն իրեն հարց պետք է տա ու պատասխանի՝ իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի:

Այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուր պետք է տա միայն ինքն իրեն և Աստծուն, որովհետև միայն այս դեպքերում է, որ չես կարող կեղծել: Եվ միայն մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցավ կլինի, թե հանդարտություն, ավելի շատ ափսոսանք կլինի, թե հպարտություն:

ՀՀ զինված ուժերի մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյան, ՀՀ զինված ուժերի կապիտան Սոս Փայլակի Էլբակյան, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյան, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյան՝ խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ բոլոր զինծառայողների առաջ, որոնք այսօր Տավուշի սահմանին են կանգնած և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե հայոց բանակը և կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրել ենք ու ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»,- ասաց վարչապետը:

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ