Պատերազմը փոխում է նաեւ լեռնագնացների ուղղությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատերազմը փոխում է նաեւ լեռնագնացների ուղղությունները

Պատերազմը փոխում է նաեւ լեռնագնացների ուղղությունները

Ֆիզիկոսի ու լեռների մտերմությունը ամենատարօրինակ միջնորդն ուներ․ ֆիզկուլտուրայի քննությունը։ Սարգիս Մաթեւոսյանը 110 places hiking club արշավական ակումբի հիմնադիրն է։ Բանակից վերադարձած ուսանողը բացակայում էր ֆիզկուլտուրայի դասից. աշխատում էր։

«Մեր ֆիզկուլտուրայում կար այսպիսի դրվածք, որ պետք է ինչ- որ գործ կատարենք, որ ստանանք ֆիզկուլտուրայի զաչոտը [ստուգարքը]։ Կամ պետք է դասերին ներկայանանք, կամ պետք է հետո համալսարանի  կազմակերպած արշավներին մասնակցենք։ Համալսարանը կազմակերպում էր տարվա մեջ երկու արշավ, երկուսին էլ մասնակցեցինք ես ու ընկերս՝ Արշակ Խաչատրյանը։ 2015թ․ ձևավորվեց մի փոքրիկ խումբ, որով տարբեր արշավներ էինք կազմակերպում, մասնակցում, պարբերաբար կազմակերպելով` եկանք ակումբի ստեղծման գաղափարին», - պատմում է նա Հանրային Ռադիոյին։

Քննությունը ստացավ։ Ստացավ նաև այն, ինչով պիտի զբաղվեր հետագայում։ 2017թ–ին հիմնեցին 110 places hiking club–ը։ 110–ը պատահական թիվ չէ, այն ժամանակ համացանցային տվյալներով Հայաստանում գտնվող լեռնագագաթների քանակն էր։ Հիմա այդ թիվը նվազելու է։ Արդեն երկու շաբաթ է  լեռնագնացները վերսկսել են արշավները, սակայն քանի  նոր սահմանները հստակեցված չեն՝ արշավականների համար մի շարք գագաթները անհասանելի են մնում։

«Բնականաբար, հիմա ինչ– որ լեռներ կդառնան սահման և այդ լեռները չենք կարողանա բարձրանալ։ Իրականում` լեռնագագաթների քանակը շատ–շատ է, օր–օրի բացահայտվում են լեռնագագաթներ , որոնք անուն չունեն։ Անվանակոչվում են։ Որոնք որ ունեն [անուն] գրանցվում են ցուցակում։ Դեռ այս պահին անորոշ վիճակ է լեռնագագաթների ուղղությունների վերաբերյալ,  դրա համար այդ հատվածի վերելքներ ու երթուղիներ չենք մշակում մինչև հստակեցվի՝ ինչ հատված է հնարավոր լինելու բարձրանալ, ինչ հատվածում է հնարավոր լինելու տուրեր կազմակերպել»։

Տավուշում  արշավականները շարժվում են Աղջկա բերդ։ Զրուցում եմ Նարինե Ճաղարյանի՝ Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահի հետ.  

«Արցախի հետ կապված դեպքերից հետո որոշակի լեռնագագաթներ կան, որ  նախկինում ազատ էին վերելքների համար, որովհետև սահմանից որոշակի հեռավորության վրա էին, իսկ այս սահմանների փոփոխության հետ կապված դեռ հստակ չի՝ իրենք ինչ դերակատարություն կունենան, որպես լեռնագագաթ կմնա՞ն, թե՞ առաջնագիծ կդառնան» ։

Նարինեն ասում է՝ ուսումնասիրել են խորհրդային շրջանի քարտեզը ու ենթադրում են, որ այժմ ռիսկային են հետևյալ ուղղությունները՝ Սյունիքի բարձրավանդակում՝ Թրասարը, Ծղուկը և Ուղտասար լիճը, Արցախում՝ Դիզափայտը, Քիսը, Կուսանաց լեռնագագաթը։ Թվում է ու հավելում՝ վերջնական չէ, այս պահին ոչ մեկ չի կարող հստակ ասել։ Նարինեի հետ փորձում ենք հասկանալ՝ ինչ կլինի, եթե արշավական որևէ խումբ, հաշվի չառնելով վտանգը, որոշի գնալ այս ուղղություններից որևէ մեկով․

«Ադրբեջանական զորքի թիրախում չի հայտնվում, բայց ինքը ռազմական նշանակության տարածք է դառնում  ու միգուցե հենց մեր զինվորների համար կասկածելի լինի՝ ովքեր են մոտեցողները։ Վտանգ, եթե այս պահի մասին խոսենք, դեռ վտանգավոր է, որովհետև չենք կարող իմանալ՝ ով կարող է լինել սահմանին, հայ զինվորը, թե` ադրբեջանցիները։ Իսկ հետագայի համար, եթե դառնա  առաջնագիծ, զուտ այնտեղ դիրքեր են լինելու, որ գիտենք՝ հասարակ մարդու համար թույլատրելի չի, որ բարձրանա այդ կողմերը»։

Նարինեն ֆեդերացիայի փոխնախագահը լինելուց զատ նաև դասավանդում է «Չորս գագաթ» լեռնային մանկապատանեկան ակումբում։  Փոքրիկ արշավականներին նախապես հինգ ամիս սովորեցնում է, ապա ամիսը երկու անգամ արշավների տանում։ Պատերազմը ազդել  է նաև տուրիզմի ոլորտի վրա․

«Տուրիզմի դեմքը հիմնովին չի փոխվում, որովհետև էլի շատ ուղղություններ կան, որ հետաքրքրում են զբոսաշրջիկներին, ու գալիս են, մենակ էդ տարածքները չեն։  Մասնավորապես, օրինակ,՝ Վարդենիսի լեռների կողմում այնպես չի, որ շատ հայտնի է զբոսաշրջիկների համար։ Ավելի շատ ներքին տուրիզմի անձանց էին հետաքրքրում այդ ուղղությունները, իսկ արդեն Ծղուկը, Թրասարը նաև ներգնա տուրիզմին էր հետաքրքիր։ Բայց զուտ տուրիզմը, որպես տուժած կողմ, որպես պատերազմող երկիր արդեն իր հետևանքը թողնում է, չգիտենք՝ ինչ հանգստությամբ զբոսաշրջիկները կգան Հայաստան մյուս տարի` հաշվի առնելով, որ պատերազմական գործողություններ են եղել  այս տարածքում»։

Սովորաբար, արշավ գնալուց առաջ ուսումնասիրում են տեղանքը, եղանակային պայմանները, հետո որոշում երթուղին։ Արշավ գնալուց առաջ բոլոր մասնակիցները հրահանգավորվում են, որ պարտավոր են հետևել  ղեկավարին և խմբի կանոններին։ Արշավորդ դառնալու համար  պետք է ունենալ համապատասխան հագուստ, վերցնել ուսապարկն ու ճամփա ընկնել։ Այս հարցում Սարգիսի ու Նարինեի մտքերը միահյուսվում են։

Սարգիս. Արշավական դառնալու համար պետք է սիրել բնություն, սիրել լեռները, սկզբի համար էլ [ունենալ] համապատասխան հանդերձանք։  Տալիս է մարդուն ազատություն, կարողանում ես բնությունը վայելել, ճանաչել հայրենիքը, պատմամշակութային վայրերը, ձեռք բերի նոր ընկերներ և ճանապարհորդել հայրենիքով։

Նարինե. Արշավը հրապուրիչ է բնությանը մոտ լինելով,   դժվարությունները, բնական արգելքները հաղթահարելու այդ կարողությունները զարգացնելով, հայրենիքը ճանաչելով ու սիրելով , ֆիզիկական լավ վիճակ պահելով , առողջ ապրելակերպ մարդկանց հետ շփում։

Ստեղծված նոր իրավիճակը կարող է խթանել  նոր ուղղությունների բացահայտմանը, իսկ եթե դեռ արշավորդ չեք, ապա բոլոր ուղղությունների բացահայտմանը։ Ուստի գուցե արժե վերցնել ուսապարկը, միանալ  արշավախմբին ու ճամփա ընկնել։

Թեմայի այլ նորություններ