Օրվա ամփոփում․ ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Օրվա ամփոփում․ ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում

Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը: Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: [ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյան]

ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Նա հետագա գործունեությունը գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում է շարունակելու։

Մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են 649 տեղահանվածների անվտանգ վերադարձը Հայաստանի տարածքից Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից 36657 մարդ է վերադարձել Արցախի նախկին բնակավայրեր: Մեկ օրում Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի գազատարի երկայնքով և Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի տարածքում իրականացվել են ինժեներական հետախուզություն և ականազերծում: [ՌԴ ՊՆ]

ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ Տնտեսական ուղիների ապաշրջափակումը և նոր ուղիների կառուցումը, ինչպես հասկանում եք, երկարատև գործընթաց է, որի հետ կապված գլխավոր հարցերը որոշվելու են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Ներկա պահին առավել հեռանկարային ուղղություն է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը։ Ռուս մասնագետների աջակցությամբ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջանում երկաթուղային ենթակառուցվածքների՝ սահմանամերձ տարածքների նախնական ուսումնասիրություն է տեղի ունեցել։ [Մարիա Զախարովա]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին: [ՀՀ Կառավարություն]

Ավագ լեյտենանտ Վարդգես Վահագնի Մինասյանը հմտորեն ղեկավարել է վաշտը և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ: Կրտսեր սերժանտ Հակոբ Արկադյայի Աբրահամյանը ռազմավարական բարձունքներից մեկում արիաբար մասնակցել է թշնամական ուժերը ետ շպրտելու գործողությանը, կրակագծից դուրս բերել զոհերին ու վիրավորներին:

Տարածաշրջանում բարդ իրավիճակ է, շատ ջանքեր են կենտրոնացվել, որ խաղաղություն հաստատվի, դադարեցվեն ռազմական գործողությունները։ Մենք ելնում են նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին: Շատ ջանք է գործադրվել, շատ ուժ է կիրառվել այդ գործընթացում, և, եկեք հիշենք, որ շատ կյանք է տրվել այդ ամենի համար: Որևէ քաղաքական հայտարարություն չպետք է ջնջի այդ ամենը։ [ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին] |1lurer.am|

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ ՀՀ ՊՆ ղեկավարի այցի ժամանակ անդրադարձել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավարի հայտարարությանը, թե սահմանի տվյալ հատվածը հսկում են միայն գյուղերից եկած կամավորները։ Նա վստահեցրել է, որ առաջնագծի տվյալ ուղղության ողջ երկայնքով տեղակայված ԶՈՒ անձնակազմը կատարում է իր առջև դրված խնդիրները։

Ո՞վ ասաց, որ Վազգեն Մանուկյանը պետք է որոշի՝ ժողովուրդը ընտրության պատրա՞ստ է, թե՞ ոչ։ Կարող է Էդմոն Մարուքյանը պետք է որոշի, կամ կարող է որևիցե մեկը պետք է որոշի, ո՞նց է ընդհանրապես մարդկությունը այդ հարցին պատասխան տալիս․ արտահերթ կամ հերթական ընտրություններով։ Ի վերջո, մարդ, որը ո՛չ կուսակցություն, ո՛չ վարկանիշ ունի, որի հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Դաշնակցությունը։ Բոլորը մշտապես մեղադրվել են առնվազն ընտրակեղծարարության մեջ, իրենք որոշել են, որ ժողովուրդը պիտի որևիցե բանի հիմա չխառնվի։ [ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան] 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Այցի մանրամասները չեն հրապարակվելու։

Բաքվում անցակվող շքերթը ագրեսիայի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ բերելու և թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է։ Հնչող ռազմատենչ կոչերը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ նկրտումների մասին հերթական հայտարարությունները, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած մարդասպանների ոգեկոչումը դրա վառ ապացույց են։ Հերթական անգամ համոզվում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Սա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյան]

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից, իսկ դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանը նոյեմբերի 30-ին մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ մի քանի օր անց սպանված վերադարձվել է Կարմիր խաչի միջոցով։ Այս մասին ասաց Մարտունու քաղաքապետը։

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր Կարեն Առուստամյանի թեկնածությունը, որը ԱԺ-ում քվեարկության արդյունքում չընտրվեց: Դավիթ Նահապետյանը ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ, իսկ ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Վահե Ղալումյանը։

Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում եւ համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը եւ ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:

Ոստիկանությունը Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 29 անձի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Միաժամանակ Իսագուլյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով։

Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով՝ 6 ամսվա համար: Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի միջոցով: |tert.am|

Ռազմիկ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետի պաշտոնում: |armenpress.am|

Կառավարության որոշմամբ կփոխհատուցվի պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը: Եթե ուսանողն արդեն վճարել է վարձը, ապա այն կփոխանցվի հաջորդ կիսամյակի համար։

Սպիտակ քաղաքի համայնքապետարանի առաջ վաղ առավոտից հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը: Նրանց պահանջը պայմանավորված է քաղաքապետի եւ ավագանու մի շարք անդամների կողմից ՀՀ վարչապետի հրաժարականի մասին օրերս արված հայտարարության հետ: Այս պահին քաղաքապետարանի շենքի դիմաց մոտ 50 մարդ կա հավաքված: Քաղաքապետը հայտնեց, որ ցուցարարները մեծ հաշվով իրավունք չունեն իր հրաժարականը պահանջելու, որովհետեւ նրանց մի մասը եկել է այլ շրջաններից, մյուսներն էլ տարատեսակ օգնություններ են ստացել:

Դեկտեմբերի 10-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539337 թեստավորում: Երեկ կատարվել է 3504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք: Ունենք 1350 առողջացած և 23 մահվան դեպք:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու բուռն քննարկման արժանացած օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգերը: Նախագծի առանցքային նպատակը ՀՀ-ում այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, կլինեն հաշվետու և թափանցիկ:

ԱԺ-ն այսօր ընդունեց «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը. կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 14-ը: Կողմ էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց: Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտում է ԱԺ նիստը: 

ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են, որոնք մնացել էին իրենց բնակավայրերում ադրբեջանական ներխուժման ժամանակ: Նրանք հայկական կողմին են փոխանցվել առաջնահերթության սկզբունքով, առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։ Նրանց հետ միասին հայկական կողմին է փոխանցվել նաև մեկ այլ տարեց անձի մարմինը, որը մահացել է ադրբեջանական գերության մեջ՝ մեզ համար դեռևս անհայտ հանգամանքներում: [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]

Այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է: Պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել ենք անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել ենք անսասան ու անկոտրում: Այսօր էլ, մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

Թեմայի այլ նորություններ