Օրվա ամփոփում․ նոյեմբերի 25-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 25-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 25-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Այսօր 22:26 - Եվրասիական տնտեսական ֆորումը, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին Մինսկում, ամաճարակային իրավիճակով պայմանավորված չեղարկվել է։ [Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինա]

Այսօր 21:49 - ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին: ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Ընդգծվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Այսօր 21:29 - Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։ [Արցախի ԱԳ նախարար]

Այսօր 21:20 - Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:

Այսօր 21:19 - ՀԾԿՀ նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Համապատասխան նախագիծը վաղը՝ Կառավարության նիստում կներկայացնի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Այսօր 21:17 - Մենք պետք է ճանաչենք Ղարաբաղը: Փոքր երկիր, որն ունի մեծ մշակութային ու կրոնական արժեք: Անկախությունը միակ երաշխիքն է այնտեղ ապրող անձանց անվտանգության, դա միակ երաշխիքն է խաղաղության: Ֆրանսիան պետք է լինի առաջին երկիրը, որ կճանաչի այդ անկախությունը։ Մեր պետությունը մնացել է չեզոք, ասելով, որ Մինսկի խմբի համանախագահը պետք է լինի չեզոք: Մենք չենք կարող չեզոք մնալ, երբ ջիհադիստներ են գործում: [Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայե]

Այսօր 21:11 - Օրեր շարունակ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության փոփոխություն էի նկատում, սակայն խոսքում արված փոփոխությունները բավարար չեն: Գործողություններ են անհրաժեշտ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ։ Գործողություններից մեկը, որն ակնկալում ենք Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախաձեռնությամբ տեղակայված սիրիացի վարձկանների դուրս բերումն է։ [Ֆրանսիայի ԱԳ նախարար]

Այսօր 20:15 - Ֆրանսիայի Գրենոբլ-Ալպ Մետրոպոլի խորհուրդը բանաձև է ընդունել, որում կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը։ [ԱՀ ԱԳՆ]

Այսօր 20:12 - Նախագծեր ենք նախաձեռնել, որպեսզի ռազմական դրությունը վերացնելուց հետո զորահավաքային զորակոչով զորակոչվածների ծառայությունից զորացրում կազմակերպվի մեկ ամսվա ընթացքում, փուլային տաբերակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմաններում որոշակի անձնակազմ պետք է ունենանք, որ կարողանանք ապահովել Հայաստանի անվտանգությունը: ԳՇ-ն առաջարկում է եռամսյա վարժական հավաքներ իրականացնել և կազմակերպել սահմանային ծառայությունը` մինչ զինված ուժերը կկազմավորվեն նոր կառուցվածքով և կիրականացնեն սահմանային ծառայություն: [ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյան]

Այսօր 19:31 - ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Մուշիկիվաբոյին Հայաստանի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Երկուստեք կարևորվել է Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը և նշվել գերիների, պատանդների ազատման և անհետ կորած անձանց վերադարձի առաջնայնությունը:

Այսօր 19:19 - ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին: Նախագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Խորհրդարանի արտահերթ նիստի օրակարգում այն ընդգրկելու հարցը կքննարվկի նոյեմբերի 26-ին:

Այսօր 19:07 - Գերմանիան 2 միլիոն եվրո է տրամադրել Կարմիր խաչին՝ Ղարաբաղում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար։ Երկրի կառավարությունը միաժամանակ ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունը պետք է անարգել մուտքի հնարավորություն ունենա ռազմական գործողություններից տուժած բոլոր տարածքներ՝ անխտիր բոլոր կարիքավորներին աջակցելու համար։

Այսօր 18:59 - ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ է հրավիրվել նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

Այսօր 18:56 - Վերջին մեկ օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 հոգի: Նոյեմբերի 14-ից մինչ այժմ վերադարձածները 15 հազար են։ Սոցիալական ենթակառուցվածքների և բնակելի տների վերականգնման հարցում ԼՂ բնակիչներին օգնություն ցույց տալու համար ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են տեղափոխել մոտ 3000 տոննա շինանյութ։ Ստեփանակերտում 78 շենք է ստուգվել, այդ թվում՝ դպրոց և ջրի մաքրման ու ֆիլտրման կայան։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով]

Այսօր 18:21 - Արցախցիների վերադարձի գործընթացը բավական ակտիվ ընթանում է: Ստեփանակերտում ու շրջաններում են բնակվում նաև այն արցախցիները, որոնց բնակարանները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում: Վերադարձողների առաջին կանգառը Ստեփանակերտն է, որտեղ կազմակերպվում է նրանց տեղափոխումն իրենց բնակավայրեր: Շրջանների հետ կապված, ով տրանսպորտի խնդիր ունի, դիմում է կառավարությանը և տեղափոխումը կազմակերպվում է։ Արցախ վերադարձած արցախցիները, որոնց տները պահպանվել են, գնում են իրենց տներ: Նրանք, որոնց տները վերանորոգման կարիք ունեն, պետք է դիմեն Քաղաքաշինության նախարարությանը: [ԱՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյան]

Այսօր 18:17 - Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի մասնակցությամբ, ՌԴ և Կարմիր Խաչի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

Այսօր 18:01 - Վերջին օրերին լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի տարածքում: Չնայած ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից։ Հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել։ [ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյան]

Այսօր 17:56 - Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները, ովքեր հանգրվանել են ՀՀ բնակավայրերում, սոցիալական աջակցություն ստանալու համար այսուհետ կարող են դիմել Երևանում գործող օպերատիվ շտաբ, որտեղ բացվել է շահումյանցիների աջակցման կենտրոն: Շահումյանի շրջանից տարհանված քաղաքացիները հանգրվանել են Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Այսօր 17:55 - Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9_ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է։ [Արցախի Տեղեկատվական շտաբ]

Այսօր 17:42 - Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեսակցել է հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին: «Ես ինքս եկա՝ տեսնելու, թե ինչպես է կոլեգաս: Դե, իհարկե, վարչապետի հետ էլ եմ խոսել այս մասին, ինքը հարցնում էր, ոնց են, ինչ են»,- նշել է Գևորգյանը:

Այսօր 17:16 - Այցելություն ունեցա Հորդանան: Հորդանանը հսկայական հեղինակություն ունի ողջ արաբական աշխարհում։ Հետևաբար, այս այցելությունը ի ցույց է դնում մի շարք կետեր: Նախ և առաջ, որ այս պատերազմը երբեք չի եղել և չպետք է մեկնաբանվի որպես կրոնական պատերազմ: Հայաստանն ունի մեծ թվով բարեկամներ իսլամական աշխարհում, և մեր երկկողմ հարաբերությունները պետք է ուղղված լինեն դրանց բարելավմանը: Հորդանանը կարող է լինել այն միջնորդը, որը մեզ ավելի սերտ կկապի ողջ արաբական և իսլամական աշխարհի հետ: [Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ «Լուրեր»-ին]

Այսօր 16:54 - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթի ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 30։ Ուսումնասիրության արդյունքում ծագել են դեպքին առնչվող մի շարք հարցեր, ուստի դրանց պարզաբանման նպատակով լրացուցիչ հարցումներ են ուղարկվել առողջապահության նախարարություն և «ՄԻԲՍ» ընկերություն։

Այսօր 14:21 - Առկա են տվյալներ, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ կատարել են հանցագործություններ (հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձի, գնդակահարել վիրավոր ռազմագերու ևն)։ Գլխավոր դատախազությունը ստուգում է դեպքերի վերաբերյալ տվյալները։ Ձեռք բերված բավարար ապացույցների գնահատմամբ փաստվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ պատասխանատու պաշտոնատար անձինք բազմաթիվ զինծառայողների նկատմամբ իրականացրել են ծանրագույն հանցագործություններ՝ միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների դիտավորյալ ու նպատակային խախտումներ:

Այսօր 14:16 - Այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել։ Դեկտեմբերի 4- ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյան]

Այսօր 14:03 - Պաշտպանության նախարարությունը չի հաստատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները: [ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյան]

Այսօր 13:47 - Վարչապետը հանդիպել է «ՀԷՑ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի, «ՌԵՆՇԻՆ» շինարարական-ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի, «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ: Քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Այսօր 12:55 - Ռուսաստանի ռազմական բժիշկները Խաբարովսկից մեկնել են ԼՂ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար։ Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը ԼՂ-ում տեղակայելու համար կտեղափոխվի 122 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ: [ՌԴ ՊՆ]

Այսօր 12:30 - Վերջին տասնօրյակում կորոնավիրուսային վարակով հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում: Այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը Երևանում՝ 1.5, իսկ Կոտայքում՝ 1.1 անգամ: Հորդորում ենք բնակչությանը, մասնավորապես` Երևանի և Կոտայքի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ [ԱՆ]

Այսօր 12:06 - Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:

Այսօր 11:12 - 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ձևավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տևական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով: Այսինքն՝ 5-ամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, և, ինչպես Դուք արդեն ասացիք, այնտեղ նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն: [Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ «ТАСС» գործակալությանը]

Այսօր 11:06 - Նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 129085 դեպք, որոնցից 100913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում: Երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1563 նոր դեպք: Ունենք 1969 առողջացած և 38 մահվան դեպք:

Այսօր 10:57 - Անձի (Գագիկ Ծառուկյանի- խմբ․) ներգրավումը առեւտրային գործունեության մեջ զբաղեցրել է նրան ու տարել է նրա ժամանակի առավելագույն մասը: Նախորդ գումարման ԱԺ-ի նիստերի առնվազն 83%-ին պատգամավորը չի մասնակցել, էս գումարման նիստերի 60%-ից բացակայել է, անձը որպես այդպիսին առեւտրային գործունեության մեջ առնվազն 10 անգամ իր բաժնեմասնակցությունը ավելացրել է: [Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ]

Այսօր 10:46 - Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, Նաիրա Մարգարյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Այսօր 10:11 - Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:

Այսօր 09:36 - Միջոցառումները լինելու են բազմաբնույթ, որոնց գերնպատակն, ի վերջո, երկարաժամկետ հատվածում առավելագույնս մեծ թվով քաղաքացիների վերաբնակեցումն է Արցախում՝ ստեղծելով կյանքի համար բավարար նվազագույն պայմաններ, և կարճաժամկետ հատվածում նրանց համար ապահովել Հայաստանում կեցավայրեր ու նորմալ կենսագործունեության պայմաններ: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյան]

Թեմայի այլ նորություններ