Օրվա ամփոփում․ նոյեմբերի 23-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    11 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    77%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    79%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    11 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    51%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 23-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 23-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

22:19 - Գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 29-74-15 հեռախոսահամարով։ Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն, ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով: [ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակ]

21:30 - Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով որ Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ։ Ի շարունակություն հոկտեմբեր ամսից միմյանց հաջորդած բժշկական առաքելություններին, աշխատանքի երկրորդ առանցքը վերաբերում է երկու երկրների բուժհաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը: Արդեն իսկ մոբիլիզացված են Փարիզի և Մարսելի հիվանդանոցներն ու Լիոնի հոսպիտալները: [ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն]

20:15 - Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարճատև աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Կայացել է Արմեն Սարգսյանի և Հորդանանի թագավորմ Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի առանձնազրուցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Մահա Ալին և այլ պաշտոնյաներ։

20:10 - Մատաղիսի շրջանում ականի պայթյունից տուժել է փրկարար ծառայության երեք աշխատակից, մեկ հոգի ՊԲ-ից։ Տուժածները բուժհաստատություններում են: Նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան]

20:02- Նիկոլ Փաշինյանը ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում: Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով: Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները: 

19:57 - Շուշիում գրեթե ավարտվել են զոհված եւ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները։ Այս պահի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի քաղաքի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում: Այստեղ ավարտելուց հետո որոնողական աշխատանքները շարունակվելու են Ֆիզուլու եւ Հադրութի ուղղություններով։ Որոնողական աշխատանքներն իրականացնում են Արցախի ԱԻՊԾ-ն, ռուսական խաղապահ բրիգադը եւ Կարմիր Խաչը համատեղ։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյան]

19:56 - Մինչև սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը՝ Հայաստանից էլեկտրաէներգիա էր մատակարարվում դեպի Արցախ։ Հայաստանն Արցախին կապող երկու էլեկտրահաղորդման գիծ կա` 110 ԿՎ լարմամբ։ Այդ երկու գծերն ու դրանց տրանսֆորմատորային ենթակայանները գտնվում են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում։ Այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի դրանք միջանցքային ճանապարհով շարունակվեն գործել, քանի որ եթե հեկ-երը թուլանան, այդ գծերը չշահագործվեն, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ կառաջանան։ [ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյան]

19:47 - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի եւ Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Հանդիպումներին անդրադարձ է կատարվել պատերազմի ընթացքում մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների դեպքերին: Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իրենք պատրաստակամ են աջակցել եւ ակտիվ ներգրավվածություն ունենալ այդ հարցում: Հանդիպումների ավարտին կարեւորվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

19:41 - ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպա է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով: Վիրավորված սպան տեղափոխվել է հոսպիտալ, նրան կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունից տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ։ Մահացել է ադրբեջանցի զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները որոնելիս են եղել մարտերում զոհվածների մարմինները:

19:23 - Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

19:19 - Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից: [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

19:06 - Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունները կցուցաբերեն հավելյալ աջակցություն Հայաստանի համայնքներին՝ COVID-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերները լուծելու հարցում: «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի համատեքստում հավելյալ 460.000 ֆրանկ կուղղվի համայնքներին` ի աջակցություն բնակչությանն առավել արդյունավետ և մասնակցային կերպով հանրային ծառայություններ մատուցելուն:

19:02 - Ռուսական կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաեւ դատապարտել նրա նկատմամբ տեղի ունեցած հարձակումը: Զրուցակիցները կարեւորել են եռակողմ հայտարարության ընդունումը՝ ընդգծելով, որ այսպիսով հնարավոր եղավ փրկել տասնյակ հազարավոր կյանքեր:

18:52 - ՀՀ կառավարության կողմից տրամադրվող միանվագ դրամական աջակցության համար արդեն դիմել է Արցախում հաշվառված շուրջ 5000 քաղաքացի, 2000 դիմում արդեն հաստատվել է, 1000 դիմում մերժվել է։ Նախարարության հաշվարկով՝ Արցախում հաշվառված մոտ 94 հազար քաղաքացի կարող է դառնալ այս ծրագրի շահառու: Ծրագրին կարող են դիմել այս պահին թե Հայաստանում, թե Արցախում գտնվող արցախցիները: Հասանելիք գումարը կփոխանցվի «Հայփոստ»-ին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 20-ն է: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյան]

18:41 - Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահրամ Դումանյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

18:34 - Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արայիկ Հարությունանը ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից:

18:15 - Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների և վարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ շրջկենտրոնում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն եմ անցկացրել: Իմ խոսքում ընդգծել եմ, որ համայնքներում պետք է արագ ավարտել ազատ բնակֆոնդի գույքագրումը, կարճ ժամանակահատվածում կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, ապահովել այն կենցաղային գույքով և մինչև հիմնական բնակարանների կառուցումը տրամադրել անօթևան մնացած քաղաքացիներին: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

17:43 - Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը: ԼՂ տարածքում ռուսական զորախումբը շարունակում է խաղաղապահ առաքելություն իրականացնել: Հյուսիսային և հարավային հատվածներում ռուս խաղաղապահները 23 վերահսկող կետերում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողություն և իրավիճակի գնահատումներ են իրականացնում։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով]

17:22 - ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն այսօր հանդիպեց ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Նա ասաց, որ հանդիպումներ են տեղի ունենալու ծնողների և վարչապետի միջև: Նրա խոսքով՝ պետք է ստեղծվի միչգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորածների հարցերով:

16:47 - Բնակիչների խնդիրների լուծումը շատ վատ եմ գնահատում, այդ հարցերը դեռևս օդում են: Չեմ կարող ասել, թե իշխանությունները չեն զբաղվում նրանց հարցերով, բայց այդ աշխատանքի արդյունավետությունը ցածր է: Փորձում են փախստականներին բնակարաններով ապահովել, բայց ամբողջ խնդիրը այն է, որ համապատասխան ֆոնդը չկա, որ մարդկանց կարողանան տեղավորել, սա ոչ միայն Շուշիի, նաև Հադրութի, Ասկերանի շրջանի բնակիչների խնդիրն է, որոնք գյուղերը կորցրին։ [ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայան]

15:57 - Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների հումանիտար ականազերծումը։ Այս մասին հայտնել է ռուսական զորախմբի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը։ Սակրավորները առաջին փուլում ստուգելու են տեղանքում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, որտեղ հետագայում կառուցվելու են ռուսական զորախմբի ստացիոնար դիտակետեր։

14:43 - Նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում-նվիրատվություն: Ֆոնեթոնը շարունակվում է։ 

14:02 -Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ [Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան]

13:44 - Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ: Քննարկման առանցքում եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը:

12:57 - Պարենի համաշխարհային ծրագիրը վերակազմակերպել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը․ Հայաստանի ամբողջ տարածքում առողջարար սննդի փաթեթներ կտրամադրվեն տարրական դասարանների շուրջ 50 հազար երեխայի: Ծրագրի աստիճանաբար ազգայնացման շրջանակում ՀՀ կառավարությունը զուգահեռաբար կաջակցի լրացուցիչ շուրջ 50 հազար դպրոցականի: Սա պայմանավորված նրանով, որ կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցներն ու ճաշանները շարունակում են փակ մնալ:

11:37 - ՌԴ առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած՝ COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորների: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

10:59 - Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին դեռ որևէ պայմանավորվածություն չունի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված գերիների վերադարձի վերաբերյալ: Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը Զառա Ամատունին հայտնել է, որ կառույցի Բաքվի գրասենյակից այցելել են ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներին ու նաև քաղաքացիական անձանց: Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են նաև մինչև սեպտեմբերիի 27-ը Ադրբեջանում հայտնված Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին՝ օգնելով կապ հաստատել ընտանիքի հետ:

10:55 - Նոյեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 126709 դեպք, որոնցից 95099-ն` առողջացած, 1976-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29131 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 488393 թեստավորում: Երեկ կատարվել է 1305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք: Ունենք 1009 առողջացած և 24 մահվան դեպք:

00:18 - ՌԴ բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մենք երախտագիտություն ենք հայտնում ՌԴ-ին և հատուկ շնորհակալություն՝ Վլադիմիր Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

Թեմայի այլ նորություններ