Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (23.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    22 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (23.12.2020)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (23.12.2020)

2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: [ՀՀ քննչական կոմիտե]

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով ՌԴ առանցքային դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: Եվգենի Զինիչեւը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ԱԻՆ-ի կողմից Արցախում իրականացվող հումանիտար գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հումանիտար բեռների տեղափոխման ու մնացած աշխատանքներն իրականացվում են առանց խնդիրների, հայ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության և միջազգային օրակարգի արդիական թեմաների հետ:

Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն այսօր հանրահավաքի ավարտին հայտարարեցին, որ վաղը` ժամը 10:00-ից, շրջափակելու են կառավարության կենտրոնական շենքի բոլոր մուտքերը։

2020 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու առերևույթ հատկանիշներ պարունակող հայտարարությունների փաստով նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում բացատրություն տալու նպատակով Սաղաթելյանը հրավիրվել է ՔԿ։ [ՔԿ]

Հրավիրել են ՀՔԾ հարցաքննության, չեն մանրամասնել՝ ինչ գործով: Այս մասին ՀՔԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը 

Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է Գառնիկ Իսագուլյանը։ Գ. Իսագուլյանը հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված հրապարակային հնչեցրել է բռնության կոչեր։ Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:[ՔԿ]

Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար: Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար նախատեսված է շուրջ 600 մլն դրամ: Պարգևատրման ֆոնդը, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ: 2020 թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելացել են 3 մլրդ 683,5 մլն դրամով։ [Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյան]

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանն ավագանու նիստում առաջարկեց պարգևավճարներ տալու փոխարեն հաջորդ տարի բարձրացնել ավագանու աշխատակիցների աշխատավարձերը՝ 30, 50, 100 տոկոսի չափով՝ ըստ պատասխանատվության չափի: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ անկախ նրանից, թե ինչ կորոշի ավագանին, ինքը պատրաստվում է հրաժարվել իր աշխատավարձի բարձրացված մասից և այն կուղղի բարեգործական որևէ ծրագրի։ Քաղաքապետի աշխատավարձը կմնա այնքան որքան հիմա է։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգևավճարներից խնայված միջոցներով կկահավորվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած երևանաբնակ զինծառայողների բնակության վայրերի մուտքերը: Ըստ այդմ, մեր հերոսների տեղաշարժի մատչելիությունն ապահովելու նպատակով կտեղադրվեն նաև հատուկ հարմարեցված վերելակներ: [Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյան]

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։

Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ, առայսօր հայտնաբերվել է 1061 աճյուն: [ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան]

Այսօր կհրապարակվի քաղաքացիական զոհերի վերաբերյալ ամփոփ զեկույց։ Մեր արձանագրմամբ՝ 60 քաղաքացիական զոհ կա, որից 39 պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետեւանքով՝ հեռահար հարվածների հետեւանքով, եւ 21-ը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ կամ գերեվարված քաղաքացիների սպանության դեպքերն են։ Այս պահի դրությամբ մոտավոր 40 անհետ կորած ու բռնի անհետացած՝ պատերազմից հետո կորած անձ կա։Նրանց մի մասը տարբեր տեղեկություններով բարձր հավանականությամբ էլի սպանվել է, մի մասով հստակ ապացույցներ ունենք, որ գերեվարված են, ադրբեջանական բանտում են, մի մասն էլ անհետ կորած է։ [Արցախի ՄԻՊ]

Մեզ մոտ քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը։ Մեզ մոտ սոցիալ-հոգեբանական շատ լուրջ խնդիրներ կան, ուղիղ առումով տուժած անձանց մոտ՝ զոհերի հարազատների, վիրավորների, նրանց հարազատների, կորածների ու գերիների հարազատաների, վերադարձած գերիների, եւ, ընդհանրապես, պատերազմական գործողություններին առնչված անձանց մոտ, եւ հատկապես երեխաների։ Անհրաժեշտ է, որ պետական կառավարման ներքո եւ հասարակական սեկտորի էական ընդգրկվածության միջոցով շատ արագ ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձեւավորվեն՝ հոգեբանական տռավմաները կառավարելու կամ վերացնելու ուղղությամբ։ [Արցախի ՄԻՊ]

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները: Օրենքով սահմանված կարգով Դիանա Գալոյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: [ՀՀ կառավարություն]

Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատասխանում իրականությանը։ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան: [ՏԿԵ նախարարություն]

ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում: Ուստի խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: [ԱԻՊԾ]

Դեկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 155440 դեպք, որոնցից 135638-ն` առողջացած, 2691-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 573167 թեստավորում: Երեկ կատարվել է 2953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 838 նոր դեպք: Ունենք 1052 առողջացած և 18 մահվան դեպք:

Խիստ մտահոգիչ է, որ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը: Նույն սկզբունքով անթույլատրելի է քաղաքական ընդդիմության առանձին շրջանակների կողմից գործածվող բառապաշարով հասարակությանը խմբերի բաժանելու, մարդկանց վիրավորելու օրակարգի զարգացումն ու նույնիսկ դրա խրախուսումը: [ՀՀ ՄԻՊ]

Թեմայի այլ նորություններ