Նոր տարին ընտանեկան տոն է. որտեղ և ինչպես են տոնելու Ամանորը պետական և քաղաքական գործիչները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    34%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նոր տարին ընտանեկան տոն է. որտեղ և ինչպես են տոնելու Ամանորը պետական և քաղաքական գործիչները

Նոր տարին ընտանեկան տոն է. որտեղ և ինչպես են տոնելու Ամանորը պետական և քաղաքական գործիչները

Հաշված ժամեր հետո կամփոփենք 2021 թվականը և մուտք կգործենք 2022 թվական, որը նոր հորիզոններ կբացի յուրաքանչյուրիս կյանքում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մի շարք քաղաքական և պետական գործիչներ խոսել են 2021 թվականին կատարվածի և 2022-ի ակնկալիքների մասին: Զրուցակիցները նաև իրենց բարեմաղթանքի խոսքերն են հղել մեր երկրին ու ժողովրդին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ինչպես շատերը, այս տարի Ամանորը նշելու է տանը՝ ընտանեկան միջավայրում: Խոսելով անցնող տարվա մասին՝ Բադասյանը նշեց՝ 2021 թվականին հաղթահարել է նոր փորձություններ և գրանցել ձեռքբերումներ. «Իսկ ՊԵԿ համակարգի դեպքում, հաշվի առնելով արձանագրված ցուցանիշները, կարծում եմ՝ լավատեսություն ապագայի նկատմամբ»: Որպես բարեմաղթանք 2022-ի համար՝ Բադասյանը կարևորեց երկրում խաղաղությունը. «Հայ ժողովրդին մաղթում եմ ամենակարևորը՝ խաղաղություն և համատեղ ուժերով կայուն զարգացման նախադրյալների ստեղծում»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես Ամանորն անցկացնելու է ընտանիքի հետ: Նրա խոսքով՝ Նոր տարին իր համար նախևառաջ ընտանեկան տոն է, որն իմաստավորում է կյանքի նոր էջը՝ մարդու համար ամենաթանկ, ամենահարազատ, ամենաանկեղծ ու նվիրական մարդկանց հետ թերթելով՝ սիրո և ընտանեկան ջերմության միջավայրում:

«Ուզում եմ, որ այս Նոր տարվա գալուստը բերի մեր ժողովրդի վերքերի ամոքման, մեջքն ուղղելու, մեր հազարավոր զոհերի նախանշած՝ նվիրական երազանքների ճանապարհով վստահորեն առաջ շարժվելու վստահություն: Մաղթում եմ, որ մեր երեխաներն Ամանորի կախարդանքին շարունակեն սպասել իրենց հայրենիքում, իրենց օջախներում: Թող գերության մեջ մնացած իրենց որդուն, ծնողին, հարազատին սպասող բաց մնացած դռներ այլևս չլինեն, և բարությունը, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության շունչը վերջապես վտարեն մեզնից շատերի սրտերում բույն դրած վհատությունը, արմատախիլ անեն ատելության սերմերը և վերադարձնեն մեզ ազգային միասնականության ոգին»,- մաղթում է ՀՀ գլխավոր դատախազը:

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ևս Ամանորը ընտանեկան միջավայրում նշելու կողմնակիցներից է, քանի որ տոնը համարում է ընտանեկան: 2021-ի մասին խոսելիս էլ Խաչատրյանը նշեց՝ շատ կարևոր տարի էր նոր ձևավորող կոմիտեի շուրջ աշխատանքներ տանելու առումով:

«Հակակոռուպցիոն կոմիտեն կազմավորման առաջին իսկ օրերից արդեն իսկ անցել է բավականին բարդ և լարված աշխատանքային առօրյայի: Նորաստեղծ կառույցն այս ընթացքում հասցրել է ընդլայնել նաև միջազգային գործընկերների շրջանակը՝ նրանց հետ ձևավորելով սերտ համագործակցային միջավայր: Մեծ հույսեր ունեմ, որ 2022-ին կկարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր առջև դրված մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի կոռուպցիայի դեմ պայքարում»,- վստահ է Խաչատրյանը:

Սասուն Խաչատրյանը մաղթեց, որ գալիք 2022 թվականը առաջընթացի ու ձեռքբերումներով լի տարի լինի. «Թող արդարության ձգտումը դառնա առանցքային յուրաքանչյուրիս վարքագծում, որովհետև միայն համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք կառուցել  արդար ու բարեկեցիկ երկիր»,-ասաց Խաչատրյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ Ամանորը նշելու է հայրական տանը՝ Մարտունիում:

Սանոսյանն արձանագրեց՝ 2021 թվականը լի էր չծրագրած բազմաթիվ գործերով ու մարտահրավերներով. «Մարտահրավերներն ընդունել ենք և դրանց տվել լուծումներ, մի մասը տեղափոխվել է 2022 թվական: Գալիք տարում բազմաթիվ ծրագրեր ունենք իրագործելու, 2021-ի կատարած աշխատանքի կրկնապատիկն իրականացնելու ենք նոր եկող տարում, ինչով պայմանավորված՝ աշխատանքային ծանր տարի կլինի»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս Ամանորը դիմավորելու է տանը: Գալիք 2022 թվականին էլ ցանկանում է, որ երկրում տիրի խաղաղությունը, իսկ քաղաքացիներին առողջապահական գերատեսչության ղեկավարը, բնականաբար, նախ և առաջ, առողջություն է մաղթում:

Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, խոսելով ամանորյա տոների մասին, ընդգծեց, որ հունվարի 3-ից անցնելու է գործի. «Թող գալիք տարին հաջողությունների և նվաճումների տարի լինի մեր ժողովրդի և պետության համար։ Բոլորին լավ տրամադրություն և առողջություն եմ մաղթում»:

ԱԺ պատգամավորների դեպքում ևս դիրքորոշումը նույնն է. Արուսյակ Մանավազյանը, Հայկ Սարգսյանն ու Թագուհի Թովմասյանը բոլորի նման նախընտրում են Նոր տարին դիմավորել ընտանիքի անդամների հետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշեց, որ աշխատանքային ծանրաբեռնված օրերի պատճառով շատ ժամանակ չի կարողացել տրամադրել դստրերին, Ամանորը լավ առիթ է՝ ժամանակը սիրելիներին նվիրելու:

Խոսելով անցնող և գալիք 2022 թվականի մասին՝ պատգամավորը նշեց՝ 2021-ը բարդ տարի էր: «Վստահ եմ՝ հեշտ չի լինելու նաև 2022-ին։ Դժվար չէ կանխատեսել, թե ինչ երազանք են պահելու մեր հայրենակիցներն այս տարի. հիմա բոլորիս երազանքները կապված են մեր հայրենիքի հետ։ Մաղթում եմ, որ գալիք տարում ավելանան մեր երազանքները, չպիտի դադարենք երազել, պիտի առաջ նայենք, բուժենք եղած վերքերն ու ավելի ամրանանք, միասնական լինենք ու սիրենք միմյանց և մեր հայրենիքը»,- ասում է նա և հավելում, որ շատ է ցանկանում՝ մարդիկ իրար հանդեպ դառնան ավելի հանդուրժող, բարի ու կամեցող:

Նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ Նոր տարին դիմավորելու է կնոջ, զույգ եղբոր և նրա ընտանիքի հետ՝ ծնողների գլխավորությամբ:

Խոսելով գալիք՝ կապույտ վագրի տարվա մասին՝ Սարգսյանը բարեմաղթեց՝ ուզում է, որ 2022-ին ազգովի իրար ավելի շատ սիրենք, լինենք ավելի հոգատար ու սիրալիր, տեղի-անտեղի վատը հիշատակելու և իրար փնովելու փոխարեն միմյանց մասին լավը խոսենք ու հնարավորինս շատ սեր տարածենք:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս, սովորության համաձայն, Ամանորը նշելու է տանը՝ ընտանիքի հետ. «Երեխաներիս հետ կդիմավորենք Ձմեռ պապիկին, կզբոսնենք մայրաքաղաքում, իսկ ավելի ուշ կլինեմ նաև իմ ծննդավայր Վարդենիսում»:

Խոսելով 2022-ից ակնկալիքների մասին՝ պատգամավորը կարևորեց՝ ցանկանում է ունենալ անվտանգ երկիր և փակվի կորուստների էջը, տարին էլ լինի ձեռքբերումներով լի։ Սկզբում իշխանական, այժմ արդեն ընդդիմադիր պատգամավորն ակնկալում է նաև, որ իշխանությունն իրատեսություն կցուցաբերի և գրանցած անհաջողությունները չի փորձի տեղավորել «հնի և նորի, ներկայի և նախկինի տրամաբանության մեջ»։

««Հայկական ժամանակ»-ի ընթերցողներին, ինչպես նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ խաղաղ և բարեկեցիկ կյանք և որ բոլորն ապրեն իրենց երազած Հայաստանում»,- մաղթեց Թովմասյանը:

Թեմայի այլ նորություններ