Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը. վարչապետն այցելել է Քննչական կոմիտե
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը. վարչապետն այցելել է Քննչական կոմիտե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

«Շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակի առիթով: Կարծում եմ՝ հատկապես մեր պետության զարգացման այս փուլում, երբ մենք առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների, նորից ու նորից պիտի ընդգծենք պետական ինստիտուտների կայացման և զարգացման անհրաժեշտությունը: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ ընդգծել իրավակարգի ապահովման մարմինների աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացումը, որը շրջադարձային և առանցքային նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և մարտահրավերների կառավարման առումով: Այս իմաստով մենք մեր բոլոր քննչական մարմինների օրերի, հոբելյանների առիթով ընդգծում ենք նախաքննության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Պիտի արձանագրել, որ այս առումով ունենք շարունակական առաջընթաց, բայց պիտի նաև արձանագրենք, որ ձեռք բերվածը չպիտի բավարար համարենք: Այս առումով ուզում եմ երկու կարևոր բաղադրիչ ընդգծել»,- դիմելով ներկաներին՝ ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ Քննչական կոմիտեում և ընդհանրապես քննչական մարմիններում, իրավակարգի մարմիններում, պետական կառավարման համակարգում ընդհանրապես, աշխատանքի որակի չափանիշների բարձրացմանը զուգընթաց հնարավոր լինի սոցիալական երաշխիքների ավելի հուսալի և ավելի բարձր նշաձող սահմանելը: Նրա խոսքով՝ դա նույնպես Կառավարության որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է:

«Բայց պիտի ասեմ նաև՝ բոլոր պետական մարմիններում չենք կարող այս ուղղությունը մեզ համար ցանկալի արագությամբ և տեմպերով զարգացնել, եթե այն չզուգակցենք մեր պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման գործընթացով՝ բոլոր առումներով: Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ խոշոր քննչական մարմինն է, մենք կարևորում ենք և բարձր ենք գնահատում նրա աշխատանքը: Նաև ուզում ենք արդյունավետության բարձրացման խնդիրը երբեք մեր տեսադաշտից չկորցնել, որովհետև արդյունավետ դարձնել համակարգը նշանակում է՝ Կառավարությանը հնարավորություն տալ ավելի արագ տեմպերով, ավելի համոզված և հասցեական մեծացնել սոցիալական երաշխիքների արդյունավետությունը՝ աշխատավարձեր և այլն: Ուզում եմ պայմանավորվենք, որ այս հարցը կլինի մեր ընդհանուր աշխատանքային օրակարգում: Սա միայն Քննչական կոմիտեի վերաբերյալ չէ: Սա մեր բոլոր պետական մարմինների վերաբերյալ է, և այս ուղղությունը մենք անպայման պետք է զարգացնենք»,-նշեց նա:

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ վարչապետը, 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ հանրությանը իրազեկելն է:

«Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունը ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա: Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերը ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը նկատեց, որ երկիրը շատ դժվար ժամանակաշրջան է ապրում և անցել է այդ դժվարության միջով շատ լարված և կուլմինացիաներով հարուստ ժամանակահատվածում: Եվ այն, որ մենք կարողացանք այդ ժամանակահատվածը հանգուցալուծել ընտրություններով, որոնք միջազգայնորեն արձանագրվեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նաև մեր իրավակարգն ապահովող ինստիտուտների գործունեության և ամրության շատ կարևոր արտահայտություն է:

«Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել այդ առիթով և ընդգծել, որ չափազանց գնահատում եմ այն դերակատարումը, որը նաև Քննչական կոմիտեն է ունեցել այս ընթացքում: Ուզում եմ ընդգծել, թե ինչի մասին է խոսքը: Պարզ է, որ Քննչական կոմիտեն քաղաքական որևէ բնույթի գործունեություն կամ ներգրավվածություն չի ունեցել: Խոսքն այն մասին է, որ շատ դժվար և խառը ժամանակներում մեր իրավակարգն ապահովող ինստիտուտները եղել են իրենց դիրքերում և ապահովել են պետական ինստիտուտների, պետական գործառույթների և լծակների բնականոն գործունեությունը: Չնայած ակնհայտ է, որ նաև իրավակարգն ապահովող մամինները չէին կարող չազդվել. էմոցիոնալ մակարդակից սկսած և միջավայրային ազդեցությունները նույնպես հաշվի առնելով՝ ուղղակի չէին կարող այդ ամենից չազդվել: Սա ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, պետությունը հենվում է ինստիտուտների վրա, ինստիտուտները հենվում են անձանց վրա, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ մեր պետական ինստիտուտներում կան բավարար չափով այնպիսի անձինք, որոնք ամենապատասխանատու, ամենադժվար պահերին կարող են պետությունը դնել ամեն ինչից վեր, պետությունը և պետական շահը, ասել է թե՝ ազգային շահը դնել ամեն ինչից վեր, առաքելությունը, գործառույթը, օրենքի և օրինականության ապահովումը դնել ամեն ինչից վեր: Եվ ես ուզում եմ բոլորիդ այս կեցվածքի և այս դիրքորոշման համար շնորհակալություն հայտնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն, այնուամենայնիվ, խոստովանեց, որ պետական ինստիտուտների կայացման ոլորտում կան որոշակի խնդիրներ և առաջնային պետք է լուծել այդ խնդիրները: Որպեսզի իսկապես ինստիտուտները լինեն առաջնային և առանցքային, և անձնական ընկալումները, մոտեցումներն ու ցանկությունները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան այդ ինստիտուտների աշխատանքի, նրանց բովանդակության և արդյունքների վրա»- իր խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով կոմիտեի աշխատակիցներին:

Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գնահատանքի խոսքերի համար և ներկայացրել կառույցի գործունեությունը:

«ՔԿ քննիչները 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում՝ պայմանավորված հարուցված քրեական գործերի մեծաթիվությամբ և նախաքննության գործընթացով: ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության  կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով»,- նկատեց Քյարամյանը

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պետական պարգևներ է հանձնել Քննչական կոմիտեի աշխատակիցներին.

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանը և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը,

ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդվարդ Կարապետյանը և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վաչե Մխիթարյանը:

Թեմայի այլ նորություններ