ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ

Հոկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Նախարարները գոհունակություն են հայտնել դարերի խորքից եկող հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել փոխվստահության վրա հիմնված փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին՝ ընդգծելով նպատակային քայլերի իրականացման կարևորությունը՝ առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ, այդ թվում՝ կողմերի միջև համաձայնեցված կոնկրետ ծրագրերի իրականացման միջոցով։ Քննարկվել է նաև զբոսաշրջության ու մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումը։ Այս համատեքստում, նախարարները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։

Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրումը և արդյունավետ կիրարկումը։

ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Եվրասիական Միություն֊Իրան համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությանը։ Արարատ Միրզոյանն իրազեկել է Գորիս-Կապան ճանապարհահատվածին այլընտրանք հանդիսացող ճանապարհի կառուցման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության վերաբերյալ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի հեռանկարների շուրջ:

Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի քննարկման առանցքային թեմաներից էին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը։

ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները։ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների՝ շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով նաև ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների արդյունքում ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունությունը վտանգող գործողությունների անթույլատրելիությունը և կարևորել տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը։

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ

"Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին` կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանին՝ իմ գործընկերոջը և լավ բարեկամին, հրավերի, ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների, բանակցությունների համար:

Բարեկամության և փոխվստահության մթնոլորտում նախարար Աբդոլլահիանի հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում  գոհունակություն ենք հայտնել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ընդգծել ենք, որ մեր գործընկերությունը հիմնված է հազարամյակների եղբայրության վրա, և երկուստեք պատրաստակամություն հայտնել բոլոր ուղղություններով մեր ռազմավարական գործընկերությունը խորացնելու առնչությամբ։ 

Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես մանրամասն անդրադարձ եմ կատարել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին։ Նաև, իհարկե, նշել ենք, որ այդ ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ՝ բերված զանազան թեժ կետերից։  

Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո։ Թեև ռազմական գործողությունների դադարեցման պահից Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այնուամենայնիվ՝ նրանք դեռ պահվում են Բաքվում։ Նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը պետք է անհապաղ տեղի ունենա։

Նշել եմ, որ մենք պայմանավորվել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պետք է խոսակցություններ սկսեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, բայց այստեղ ևս կողմերի միջև առկա են խնդիրներ։ 

Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ մենք բաց ենք կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել։ 

Ինչպես սա, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։ Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև, որ, ըստ էության, օրեր առաջ Նյու Յորքում վերագործարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ նրանց մանդատի շրջանակներում, հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էր նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Մեծարգո պարոն նախարարին տեղեկացրել եմ ճանապարհաշինության, ինչպես նաև առկա մարտահրավերների հետ կապված մանրամասները։ Տեղեկացրել եմ, որ շրջանցիկ ճանապարհը, որի մասին այդքան խոսվում էր, գրեթե ավարտված է։

Անշուշտ, խոսել ենք նաև տնտեսական մեր մեծ համատեղ ծրագրերը շարունակելու, արագացնելու և ավարտին հասցնելու վերաբերյալ։

Կրկին ուզում եմ նշել` ինչպես պարոն նախարարը ևս հավաստեց, երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու դրանք։ 

Կրկին շնորհակալ եմ հրավերի համար, հարգելի՛ պարոն նախարար, և սիրով սպասում եմ Ձեզ Երևանում"։

Թեմայի այլ նորություններ