Հայերի շրջանում տուժածներ ու վիրավորներ չկան․ Լուգանսկի հայ համայնքի ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայերի շրջանում տուժածներ ու վիրավորներ չկան․ Լուգանսկի հայ համայնքի ղեկավար

Հայերի շրջանում տուժածներ ու վիրավորներ չկան․ Լուգանսկի հայ համայնքի ղեկավար

Դոնեցկի ու Լուգանսկի հայ համայնքի ներկայացուցիչները «Ռադիոլուրին» մանրամասներ են ներկայացրել իրավիճակի մասին։ Մեր զրուցակիցների խոսքով՝  իրավիճակն ավելի լարված է Լուգանսկում, քան Դոնեցկում։ Այս հատվածում շուրջ 30 հազար հայ է ապրում։  Մեր հայրենակիցների շրջանում տուժածներ և վիրավորներ չկան՝ վստահեցնում են Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Կառույցն ակտիվ կապի մեջ է հայ համայնքի հետ, կոչ է անում խնդիրների դեպքում դիմել Ուկրաինայում Հայաստանի դեսպանատուն, կամ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ։

Դոնեցկի ու Լուգանսկի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը պատմում է՝ 24-ի առավոտյան հրետակոծությունների ձայնից են արթնացել, նախկինում, ասում է,  նման ուժգնությամբ կրակոցներ ու պայթյուններ  չեն լսել։ «Ռադիոլուրի» հարցերին Տեր Նարեկը պատասխանում է Դոնեցկին ոչ հեռու Մակեևկա քաղաքի սուրբ Խաչ եկեղեցուց․ շտապում է զրույցն ավարտել և ժամերգության կարգ մատուցել։

«Առավոտյան բավական ուժգին հրետակոծություններից արթնացանք, կեսօրին մոտ իրավիճակն արդեն բավականին հանգիստ էր, այս պահին միայն հեռվի կրակոցներն են լսվում։ Անկեղծ ասած՝ մտահոգություններս հիմնականում շփման գծի մոտ ապրող հայերի համար է, բայց կապվել ենք, Փառք Աստծո ամեն ինչ լավ է»,- պատմում է Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։

Քաղաքում բաց են սննդի օբյեկտներն ու առևտրի կենտրոնները, չեն գործում միայն կրթական հաստատությունները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմեց  Դոնեցկի բնակիչ տիկին Սվետան։

«Էսօր հարսս գնացել էր շուկա, ասում էր առևտուր չկա, մարդ չկա, բոլորը փախել մտել են տները։ Բոլորովին միտք չունեմ դուրս գալու, ոչ ես եմ դուրս գալու, ոչ տղաս, ոչ էլ աղջիկս։ Հիմա քաղաքում միայն հատուկ կենտ մեքենաներ են, բայց խանութներում ամեն ինչ կա, հերթեր չկան, ամեն ինչ կարելի է գտնել»,– պատմում է տիկին Սվետան։

Իրավիճակն ավելի լարված է Լուգանսկի մարզում։ Հայ համայնքի նախագահ Վարդան Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ կրակոցների ձայները գրեթե չեն դադարում, քաղաքի փողոցները դատարկ են, նրանք, ովքեր դեռ քաղաքում են, ապահովության համար նախընտրում են տանը մնալ։

«Ժամը 5-ից ինտենսիվ կրակում էին, այնքան ուժեղ, որ արդեն պատուհաններն են դղրդում։ Շատ անհանգիստ վիճակ է, կրակոցների ձայները բարձր լսվում են մեր մոտ։ Ամեն ինչ փակ է, միայն մթերային խանութներն են բաց և լցակայանները։ Հիմնականում բնակիչները դուրս չեն գալիս, գերադասում են մնալ տղամարդկանց հետ, իսկ տղամարդիկ դուրս գալ չեն կարող, հավաքներ են»,– ասում է հայ համայնքի նախագահ Վարդան Հայրապետյանը։  

Լուգանսկում 3000–ից ավելի հայ է ապրում՝ ասում է հայ համայնքի նախագահը։  Վարդան Հայրապետյանը վստահեցնում է՝ բոլորի հետ կապի մեջ են, հայերի շրջանում տուժածներ և վիրավորներ չկան։

Դոնեցկի մարզը Ուկրաինայի ամենահայաշատ շրջանն էր, մինչև 2014 թվականն այստեղ շուրջ հարյուր հազար հայ էր ապրում, հիմա Լուգանսկ-Դոնեցկի հատվածում՝ հայերի թիվն ավելի պակաս է՝ հազիվ 30 հազար։ Տեր Նարեկ քահանայի խոսքով՝ նրանցից շատերը տարհանվել են։

«Քաղաքում տեղաշարժ կա, քաղաքը քնած չէ։ Մինչ այս պահը բոլոր ենթակառուցվածքները, բացի կրթական հաստատություններից, գործում են։

Լուգանսկի հայ համայնքի հետ կապվեցի, էնտեղ իրավիճակը մի քիչ ավելի թեժ է։ Եվ Դոնեցկից, և Լուգանսկից ունենք հայկական ընտանիքներ, որոնք ավելի ապահով տեղեր են տեղափոխվել, բայց կան նաև հայեր, որոնք մնացել են»։

Ուկրաինաբնակ հայերին ուղերձով դիմել է նաև Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և կոչ արել աղոթել խաղաղության համար։ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը վստահեցրել է, որ եկեղեցական համայնքը, Ուկրաինայի հայերի միությունն ամեն ինչ անելու են հայերին օգնելու համար։

 Փետրվարի 24-ի առավոտյան սկսված ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինայի հայ համայնքում տուժածներ ու վիրավորների չկան՝ ասում է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։ Այս պահին էլ ակտիվ կապի մեջ են ուկրաինական հայ համայնքի հետ, փորձում են ճշտումներ անել։

«Առավել մտահոգիչ է մեր համար ուկրաինական հատվածում հայ համայնքների վիճակը, այս պահին մի քանի համայնքների հետ ակտիվ կապի մեջ ենք և տեղեկատվությունը փորձում ենք ճշտել»,– ասում է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։

Վիճակագրական տվյալներ, թե ընդհանուր առմամբ Դոնբասից քանի հայ ընտանիք է տարհանվել, գրասենյակը չունի։ Առավոտյան էլ հայտարարություն էր տարածել Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը։ Նշվում էր, որ դեսպանությունը ողջ կազմով աշխատում է և մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ։

Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝  Հայաստան վերադառնալ ցանկացողներ այս պահին Դոնեցկում ու Լուգանսկում չկան։ Գրասենյակից հիշեցնում են՝ խնդիրների դեպքում մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն կամ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։

Թեմայի այլ նորություններ