Գիրքը՝ լուսավոր աշխարհի սիմվոլ. այսօր Թումանյանի 152-ամյակն է և Գիրք նվիրելու օրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Գիրքը՝ լուսավոր աշխարհի սիմվոլ. այսօր Թումանյանի 152-ամյակն է և Գիրք նվիրելու օրը

Թբիլիսիում՝ Հավլաբարում գտնվող հայկական Խոջիվանքի գերեզմանատանը տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հիշատակին։ Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանը իր կտակի համաձայն թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շատ է կարևորում գրքի հանրահռչակմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն՝ առանձնացնելով Գիրք նվիրելու տոնը, որը նշվում է փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը:  Կարծում է՝ գրքի մեծարումը, գրքի հանդեպ հանրային վերաբերմունքը պետք է ամենօրյա աշխատանք լինի: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Խզմալյանը խոստովանում է, որ զարմանալի զուգադիպությամբ իր կյանքի բոլոր կարևոր գրքերը, որոնք իրական ազդեցություն են ունեցել իր աշխարհայացքի ձևավորման վրա, հայտնվել են ճիշտ այն պահին, երբ պետք էր: 

«Անկեղծ ասած՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է շատ կարդալ գեղարվեստական գրականություն, որովհետև ամեն մի հեղինակի հետ երկխոսությունը հսկայական հոգևոր ճանապարհ է, որն անցնում ես և ոչ միայն ներշնչվում, այլև դա պահանջում է մտքի կենտրոնացում: Չեմ կարողանում շատ կարդալ գեղարվեստական գրականություն, քանի որ խորքային իմաստով  դա ինձ համար անհնար է: Յուրաքանչյուր հեղինակի հետ երկխոսությունը հոգևոր իրադարձություն է: Ամեն գրքից հետո դու այլ ես, քան կաս մինչ այս կամ այն  ստեղծագործությունն ընթերցելը»,-շեշտում է փոխնախարարը:

Ըստ Խզմալյանի՝ որքան էլ մենք թվային տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումների շրջանում ապրենք,  տանը գիրք ունենալը չափազանց կարևոր է, որովհետև այդ գրքերն իրենց լռությամբ հիշեցնում են, թե ինչքան բան դեռ չես հասցրել կարդալ, իրենց ֆիզիկական գոյությամբ հիշեցնում են քո չիմացության մասին: Խզմալյանի համոզմամբ՝ գիրքը խորհրդանիշ է լուսավոր աշխարհի, մտքի աշխարհի, բնազդների հաղթահարման: Այն քաղաքակիրթ մարդ լինելու գրավական է:

Անդրադառնալով այն հարցին, թե այսօր ինչ գրականության կարիք ունի հասարակությունը՝ Խզմալյանը նշում է՝ պետք է զգույշ մոտենալ պատերազմի թեմային, և հիմա հանրությունը մշակութային թերապիայի, կենսահաստատության, կենսուրախության ներարկման կարիք ունի: «Գուցե խուսափեմ թեթև գրականություն կարդալու կոչերից: Մենք իսկապես ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրս անհատապես պատասխանատու  ենք ստեղծված իրավիճակի և այս ամենից դուրս գալու համար, ուստի խորհուրդ կտամ ընթերցել Էրիխ Ֆրոմի «Փախուստ ազատությունից» աշխատությունը, որը հոգեբանական, փիլիսոփայական գործ է այն մասին, թե ինչ է ազատությունը, ինչու են մարդիկ խուսափում ազատությունից, ինչու է մարդն իրեն պաշտպանված զգում, երբ  ստրուկի կարգավիճակում է, երբ ոչինչ չի որոշում, և որոշումներ կայացնում են իր փոխարեն ու պարտադրում են ապրել ըստ այդ ծրագրի»,-ասում է փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Գրքի տոնին պետք է շրջանառվի գիրքը, մարդիկ պետք է գիրք նվիրաբերեն, նվիրեն միմյանց, խոսեն գրականության խնդիրների, գրական գործընթացների, գրքի նշանակության մասին: «Կրթված հասարակությունում ամեն օրը պետք է լինի գրքի օր, որքան էլ առանձնացնենք փետրվարի 19-ը՝ հատուկ ընդգծելով գրքի կարևորությունը: Երբ ասում ենք գիրք, մենք խոսում ենք մտքի լուսավորման և կրթվածության մասին: Այսինքն,  գրքի օրը պետք է  պարզապես լինի մի հանգրվանը այն հսկայական ճանապարհի, որ անցնում է յուրաքանչյուր քաղաքակիրթ և կրթված մարդ: Կոչ եմ անում գրքի մեծարումը, գրքի հանդեպ հանրային վերաբերմունքը դարձնել ամենօրյա աշխատանք»,-եզրափակում է Արա Խզմալյանը:

«Ցուցանմուշը կենդանի հիշողություն», «Նոր գրքեր թումանյանասերներին» և մի շարք այլ նախաձեռնություններով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը փետրվարի 19-ին կտոնի գրողի 152-ամյակը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի փոխտնօրեն Աշոտ Հարությունյանն ասաց, որ «Ցուցանմուշը կենդանի հիշողություն» ժամանակավոր ցուցադրությանը ներկայացնելու է կոլեկցիոներ-բանաստեղծի եզակի հավաքածուն՝ լեգենդներով ու գաղտնիքներով:

Ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում Թումանյանը մեծ տեղ էր տալիս ճաշակին՝ կիրթ ու նուրբ ճաշակին: Ուներ գեղեցիկ իրերի պաշտամունք. դրանցից յուրաքանչյուրն արվեստի մի նմուշ է` հետաքրքիր պատմությամբ:

««Ցուցանմուշը կենդանի հիշողություն»-ը 2020-ին առցանց ցուցադրության նյութականացված տարբերակն է: Այն շատ ծավալուն է ու հետաքրքիր: Թումանյանի իրերը, որոնք երկար տարիներ ցուցադրվել են թանգարանի հավաքածուում, մեկնաբանվելու են նոր լույսի տակ, բացահայտելու են Թումանյան կոլեկցիոների նախասիրությունները»,-ասաց Հարությունյանը:

«Նոր գրքեր թումանյանասերներին» ծրագրի շրջանակում էլ ընթերցողներին կներկայացվեն «Հովհաննես Թումանյան. Երկերի լիակատար ժողովածու»-ի չորրորդ հատորը և «Թումանյանը ժամանակակիցների հուշերում»-ի երկրորդ հատոր:

«Շարքերը շարունակական են լինելու: Այդ գրքերը ֆունդամենտալ գիտական աշխատություններ են, որոնք թանգարանի կոլեկտիվի ամենամեծ ձեռքբերումներից են: 2020-ին լիարժեք լոքդաունի ընթացքում այդ գրքերը ստեղծվել են զրոյից»,-ընդգծեց փոխտնօրենը:

Թանգարանը փորձում է դուրս գալ 2020-ին ստեղծված բարդ իրավիճակից, փորձում է նոր ու առավել հետաքրքիր ծրագրեր կազմել:  2021-ին անցկացնելու են      «Յոթը սարի հետևում» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը, որն առաջին անգամ նախորդ տարի է մեկնարկել և մեծ հաջողություն ունեցել:  Աշոտ Հարությունյանը հույս հայտնեց, որ տարին անակնկալներ չի մատուցի, և կկարողանան իրականացնել բոլոր նախաձեռնությունները:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլիի ծխական դպրոցում: 1883-1887-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Թումանյանն սկսել է ստեղծագործել 1880-ական թվականների կեսից: Որպես բանաստեղծ հայտնի է դարձել 1890-ական թթ. («Բանաստեղծություններ», հատոր 1-2, 1890-92):

Թումանյանի ստեղծագործական հասունության և ժողովրդայնության ամենաբարձր փուլը սկսվել է 20-րդ դարի առաջին տարիներին: Թումանյանի ստեղծագործական սկզբունքները հատկապես ցայտուն են դրսևորվել պոեմներում ու բալլադներում: «Հառաչանք», «Լոռեցի Սաքո», «Մարո», «Անուշ» պոեմներում պատկերված է հայ նահապետական գյուղն իր սովորույթներով, պատկերացումներով, սոցիալ-կենցաղային հակասություններով: 1894-ին Թումանյանը գրել է «Դեպի Անհունը» պոեմը, որում բանաստեղծն անդրադառնում է կեցության հավերժ գաղտնիքներին, կյանքի ու մահվան առեղծվածին: «Պոետն ու Մուսան» պոեմում ծաղրել է անտարբեր ու գռեհիկ վերաբերմունքը ստեղծագործական աշխատանքի, գրողի և հասարակության փոխհարաբերության նկատմամբ:

Թումանյանի ստեղծագործությունը զգալիորեն կապված է բանահյուսության հետ: Նրա բալլադների հիմքում ընկած են հայկական և արևելյան լեգենդներ ու ավանդություններ («Ախթամար»՝ 1892, «Փարվանա»՝ 1903, «Թմկաբերդի առումը»՝ 1902, «Հսկան»՝ 1908, «Մի կաթիլ մեղր»՝ 1909, «Աղավնու վանքը»՝ 1913, «Թագավորն ու չարչին»՝ 1917): 20-րդ դարի սկզբին Թումանյանը մշակել է երկու տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ՝ «Տերն ու ծառան» (1908), «Ոսկու կարասը» (1908), «Քաջ Նազար» (1912) և այլն, փոխադրել Գրիմ եղբայրների, ռուսական, հնդկական, ճապոնական, իտալական և այլ ժողովրդական հեքիաթներ:

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնցում առանձնանում է «Գիքորը» (1895, հրտ.՝ 1907, համանուն կինոնկար՝ 1934, 1982): Մանկական գրականության լավագույն էջերից են «Շունն ու կատուն» (1886, հրտ.՝ 1892), «Անբախտ վաճառականներ» (1886, հրտ.՝ 1899), չափածո և արձակ այլ գործեր: Կյանքի վերջին տարիներին (1916-1922) գրել է բազմաթիվ քառյակներ, որոնք իրենց տեսակի մեջ կատարյալ են:

1899-ին Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը: Թումանյանը հանդես է եկել նաև հոդվածներով, որոնցում արծարծվել են հասարակական կյանքին, գրականությանը, բանահյուսությանը, հայոց լեզվի զարգացմանն առնչվող հարցեր: Գրել է հետազոտություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Սայաթ-Նովայի մասին: Կատարել է թարգմանություններ Ա. Պուշկինից, Ջ. Բայրոնից, Մ. Լերմոնտովից:

Թումանյանն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: 1905-1907-ին մեծ ջանքեր է գործադրել ցարական իշխանությունների հրահրած հայ-թաթարական ընդհարումներին վերջ տալու համար: Այդ պատճառով երկու անգամ ձերբակալվել է (1908-09, 1911-12): Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սերտորեն համագործակցել է զորավար Անդրանիկի հետ, երկու անգամ եղել Արևմտյան Հայաստանում, անձամբ (դստեր հետ) մասնակցել Էջմիածնում հավաքված արևմտահայ գաղթականության և հատկապես որբ երեխաների խնամքի կազմակերպմանը: 1918-ին հիմնել է Հայոց հայրենակցական միությունների միություն (ՀՀՄՄ)՝ տեղերում ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու նպատակով: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ՀՀՄՄ շրջանակներում Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ Փարիզում հրավիրվելիք վեհաժողովին պատերազմում հայերի կրած վնասների մասին փաստաթուղթ պատրաստելու համար: Թումանյանի թանգարան կա Երևանում, տուն-թանգարան՝ Դսեղում: Նրա անունով են կոչվում Երևանի տիկնիկային թատրոնը, դպրոցներ, փողոցներ, գրադարաններ Երևանում և երկրի տարբեր քաղաքներում: 1980-ին ՀԳՄ սահմանել է Թումանյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում: 

Ստորև թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունվարի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ. կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Մարկ Արենի «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունը երկրորդ տեղում է: Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց ﬔղքերի համար խաչվելու հարցում: Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:  Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Չորրորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: Հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների գլխին ինչ ասես չի գալիս՝  երաշտ, սով, նույնիսկ երկրաշարժ։ 58-ամյա Անատոլիան՝ գյուղի 50 բնակիչներից  ամենաերիտասարդը, մի օր արթնանում է արնահոսությամբ։ Երբ պարզում է, որ  արգանդի արնահոսությունից չի մեռնում, ընդունում է գյուղի դարբնի ամուսնության  առաջարկը։ Այրին, որ առանց զավակի ապրել էր առաջին դաժան ամուսնությունը,  պետք է որոշի՝ կյանքը շարունակե՞լ Վասիլի հետ, թե՞ ոչ։ Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է  լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը  կերպարների նկատմամբ: Թարգմանությունը՝ Նաիրի Խաչատրյանի։

Հինգերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը: Այս գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի մասին է, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում: Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան:

 

Վեցերորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Յոթերորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ պատում է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպն օգնում է ավելի լավ հասկանալ Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:  

Լիբանանում ծնված Խալիլ Ջիբրանի «Մարգարեն» գիրքը ութերորդ տեղում է: Առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Գրքի բնօրինակն անգլերեն է: Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ժամանակի անվանի արվեստագետների՝ Ջոն Լենոնի, Փոլ Մաքարթնիի, ինչպես նաև քաղաքական գործիչներ Ջոն Ֆ. Քենեդու, Ինդիրա Գանդիի և այլոց համար: Գիրքը բաղկացած է 26 ինքնատիպ էսսեներից՝ նվիրված համամարդկային այնպիսի թեմաների, ինչպիսիք են սերը, մահը, ինքնաճանաչողությունը, ազատությունը: Թարգմանել է Սոնա Քյուրքչյանը:

Իններորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն 1951 թվականին տպագրվել է Ամերիկայում և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երկինքն ընտրյալներ չունի» վեպը տասներորդ հորիզոնականում է։ է․Մ. Ռեմարկի այս վեպն առաջին անգամ 1959 թ․ հատվածաբար լույս է տեսել համբուրգյան Kristall ամսագրում՝ Geborgtes Leben՝ «Կյանքը՝ պարտքով» վերնագրով։ 1961 թ․լույս է տեսել որպես գիրք՝ «Երկինքն ընտրյալներ չունի» վերնագրով։ 50-ական թթ. սկզբին արդեն տարեց ավտոմրցարշավորդ Քլեղֆեն առողջարանում այցելում է իր երբեմնի գործընկերոջը, որ արդեն երկար ժամանակ բուժվում էր թոքախտից։ Այնտեղ նա ծանոթանում է ծանր հիվանդ Լիլիանին։ Վերջինս, որ արդեն տարիներ ի վեր արհամարհանքով էր վերաբերվում առողջարանի միօրինակ կենցաղին, խիստ կարգուկանոնին ու ձանձրույթին, օգտագործում է առիթն ու փախչում Քլեղֆեի հետ։ Միակ բանը, որ միավորում էր երկուսին, ապագա չունենալն էր։ Թարգմանությունը գերմաներենից՝ Վանուհի Բաղմանյանի։

Թեմայի այլ նորություններ