Գեղարքունիքի մարզում վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գեղարքունիքի մարզում վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին

Գեղարքունիքի մարզում վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Լուսակունք համայնքներում մարդիկ ցավով ու հպարտությամբ վերջին հրաժեշտն են տալիս հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներ, մայոր Գարուշ Համբարձումյանին եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին:

Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, հուլիսի 16-ի երեկոյան Գարուշ Համբարձումյանին վերջին հրաժեշտն են տվել Լուսակունքի մշակույթի տանը: Հերոսի աճյունի առջեւ խոնարհվել են տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ, հարազատներ ու ընկերներ, զինվորականներ, պետական պաշտոնյաներ: Հրաժեշտի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամկազմը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Կատարվել է օրհնության կարգ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի գլխավորությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ հերոսի ծնողներին է հանձնվել ՀՀ նախագահի կողմից Գարուշ Համբարձումյանին շնորհված « Արիություն» մեդալը:

Ուշ երեկոյան Գարուշի աճյունը տեղափոխվել է հայրական տուն, իսկ հուլիսի 16-ի առավոտյան թաղման թափորը Լուսակունքից ուղղություն է վերցրել դեպի Երեւան՝ Եռաբլուր պանթեոն:

«Գարուշը շատ խելացի, խոհեմ տղա էր, հայրենասեր, գրագետ: Ավարտեց Լուսակունքի միջնակարգ դպրոցը, այնուհետ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Մասնագիտությամբ սակրավոր էր, ծառայության մեջ քանիցս աչքի է ընկել անձնազոհությամբ ու սխրանքներով: Տարիներ առաջ նա ծանր վիրավորվել էր ականի պայթյունից , բուժման երկար կուրս անցավ, սակայն ապաքինումից հետո որոշեց կրկին բանակ վերադառնալ եւ իր գիտելիքները ծառայեցնել հայրենի հողի պաշտպանության Սուրբ գործին: Նրա սխանքը կապրի դարերում ու կապրեցնի հայ ժողովրդին: Նրա ծնողները՝ Վեմիրը եւ Նարգիզը, չարքաշ կյանքով ապրող մարդիկ են, ովքեր ծնել ու մեծացրել են երեք երեխա՝ երկու տղա եւ մեկ աղջիկ, որոնցից երկուսը դարձան հայոց բանակի զինծառայողներ: Գարուշի եղբայր Էդգարն արդեն ինը տարի է, ինչ գտնվում է պայմանագրային զինծառայության մեջ՝ իր մասնակցությունը բերելով հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը: Այս ընտանիքի պատմությունը փառքի պատմություն է, որի առջեւ այժմ խանարհվում ենք ազգովի»,-ներկայացրեց Խաչիկ Խաչատրյանը:

Ճամբարակ քաղաքում եւս հայրենակիցներն ու հարազատները վերջին հրաժեշտն են տալիս հերոս, Հայոց բանակի կրտսեր սերժանտ, սակրավոր Սմբատ Գաբրիելյանին: Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի տեղեկացմամբ, հերոսի աճյունը Ճամբարակ քաղաք են տեղափոխում մայրաքաղաքից: Այն կամփոփվի Ճամբարակի քաղաքային գերեզմանոցում:

« Սմբատն իր մարտական ընկերոջ կողքին զոհվել է թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից: Կորուստն անչափելի ծանր է թե՛ ընտանիքի, թե՛ համայնքի ու մեր հայրենիքի համար: Մի քանի ամիս էր մնացել, որ նա տուն վերադառնար՝ ավարտելով ժամկետային զինծառայությունը: Սմբատի հայրը՝ Գեւորգ Գաբրիելյանը, Ճամբարակի զորամասի թիկունքային աշխատող է, մայրը՝ Կարինե Գաբրիելյանը, երկարամյա մանկավարժ: Նրա երկու ավագ եղբայրներից մեկը՝ Մխիթար Գաբրիելյանը, կոչումով սպա է եւ ծառայում է ՀՀ Զու բանակային երկրորդ կորպուսում: Մի շատ դրամատիկ, ողբերգական պատմություն եւս կա՝ կապված այս ընտանիքի հետ: Ի դեպ, Գեւորգ Գաբրիելյանն իր ընտանիքով ճամբարակ քաղաքում հաստատվել է Արծվաշեն գյուղից: Նրանց տունը գտնվում է Ճամբարակի զորամասին մոտիկ:

Սմբատն իրենից ավագ եղբայր է ունեցել, ով 12 տարեկան հասակում դարձել է դժբախտ պատահարի զոհ: Զորամասի հրամանատարի ատրճանակից արձակված պատահական կրակոցից զոհվել է զորամասի տարածքում խաղացող Սմբատը: Ծնողները, ի հիշատակ իրենց կորուսյալ զավակի, նորածին տղային եւս Սմբատ են անվանակոչել, ով եւ իր անունը փառքով պսակեց ու հերոսաբար ընկավ թշնամու դեմ մղած հայրենապաշտպան մարտում: Սգում, խոնարհվում ու հպարտանում է ողջ Ճամբարակը, ողջ մարզը, Հայաստանը, Արցախը, համայն հայությունը: Այս հերոսների սխրանքի շուրջ ավելի է համախմբվում ազգը, ուժ ու ոգի առնում: Սմբատը հետմահու պարգեւատրվել է « Մարտական ծառայություն» մեդալով, որը նրա ընտանիքին է հանձնվել ՀՀ ՊՆ պաշտոնյաների կողմից: Սմբատի աճյունը հայրական տանը մնալու է մեկ ժամ, որից հետո տեղափոխվելու է քաղաքի սգո արարողությունների սրահ: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը, հուլիսի 17-ին»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ