Եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա կիրականացվի. ՆԳ փոխնախարարը՝ ակումբներից մեկում կատարված հատուկ օպերացիայի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    6 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    62%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

Եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա կիրականացվի. ՆԳ փոխնախարարը՝ ակումբներից մեկում կատարված հատուկ օպերացիայի մասին

Եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա կիրականացվի. ՆԳ փոխնախարարը՝ ակումբներից մեկում կատարված հատուկ օպերացիայի մասին

2023 թվականը ՀՀ ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին՝ Երևանի ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիայի մասին, որի առնչությամբ ոմանք պատմել են իրենց նկատմամբ բռնությունների մասին:

«Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից, ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես այդպիսի հաստատություններում շատ ավելի բարձր է ռիսկը թմրամիջոցների շրջանառության։ Արդեն իսկ որոշակի դրվագներ ունենք տարբեր ակումբների շրջանակներում», - ասաց նա՝ անդրադառնալով երևանյան ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիային։

Ինչ վեաբերում է խոսակցություններին, թե ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել՝ նա ասաց, թե եթե լինի անհամաչափ ուժի այնպիսի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն, ապա դա անպայմանորեն վրա կհասնի։

«Այս պահի դրությամբ կդժվարանամ ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը կամ՝ եղե՞լ է, թե՞ ոչ, բայց վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքում մենք ունենում ենք հաղորդումներ, և Ոստիկանությունն իր իրավասության, հետագայում Քննչական կոմիտեն իր իրավասության շրջանակներում համապատասխան արձագանք են ապահովում»,- ընդգծեց փոխնախարարը։

Սարգսյանն ասաց, թե եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են Երևան քաղաքում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքի հանգամանքները։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի իրացում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ապրիլի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն:

Նախաքննական մարմնի որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության ՆԳՆ համապատասխան ծառայության աշխատակիցների հետ միասին, ապրիլի 23-ին խուզարկություն է կատարվել «Պոլիգրաֆ» ակումբում, որի ընթացքում սրահի և աշխատասենյակի միջնամասում հատակին հայտնաբերվել և վերցվել է կարմիր պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված մեկ հատ անհայտ զանգված։

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության ՆԳՆ Կենտրոնական բաժին է տեղափոխվել նույն ակումբի 4 աշխատակից։ Վերջիններիս անձնական զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պոլիէթիլենային փաթեթներով դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ և մարիխուանա տեսակի թմրամիջոց մանրեցնելու համար նախատեսված մետաղյա տարրա, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 41 անձ։ Վերջիններս որպես ձերբակալված հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Նշված անձանց մոտ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Պոլիգրաֆի» թիմը հայտարարություն է տարածել ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ, նշելով.

«ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից «Պոլիգրաֆ»- թիմի և նրա այցելուների նկատմամբ դրսևորած նման գործելաոճը և կոչ անում իրավասու մարմիններին՝ միջոցառումները ձեռնարկել բացառապես օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ խստորեն պահպանելով անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու մարդկային վերաբերմունքը։ Միաժամանակ, իրավական աջակցություն տրամադրելու մեր պատրաստակամությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած Պոլիգրաֆ թիմի անդամներին և այցելուներին, ևս մեկ անգամ ընդգծելով, որ մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և արժանապատվությունը անօտարելի արժեքներ են և պիտի լինեն պաշտպանված ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում։

Սոցցանցերում աղմուկ է բարձրացել ոստիկանության գործողությունների առնչությամբ՝ օգտատերերից շատերը նշում են, որ ակումբում գտնվողների հանդեպ անհամաչափ ուժ է կիրառվել, ինչպես նաև, որ բաժնում նրանց հանդեպ ոչ պատճաշ վերաբերմունք է ցուցաբերվել։

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ.

"Անընդունելի է ոստիկանության կողմից Պոլիգրաֆ ակումբի աշխատակիցների և այցելուների նկատմամբ բռնության գործադրումը, կոպիտ ու անհամաչափ գործողությունների կատարումը։ Ոստիկանության գործողությունները չպետք է խախտեն մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, պատիվն ու արժանապատվությունը։ Անթույլատրելի համարելով անձանց նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի ենթարկումը՝ լիահույս ենք, որ պատկան մարմինները շուտափույթ միջոցներ կձեռնարկեն հակաօրինական դրսևորումները վերացնելու համար։ Պետությունը պետք է ստեղծի իրավահավասար և ապահով միջավայր՝ երաշխավորելով յուրաքանչուր անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու խախտված իրավունքների վերականգնումը":

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն նույնպես հանդես է եկել հայտարարությամբ.

"ՆՍՀԿ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է «ՊՈԼԻԳՐԱՖ» ԱԿՈՒՄԲՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ


2023թ-ի ապրիլի 23-ին գիշերը ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կարմիր բերետների խմբի հետ ներխուժել են  «Պոլիգրաֆ» ակումբ: 
Ակումբում գտնվողներին պառկացրել են հատակին, այնուհետև բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Ըստ ունեցած տեղեկատվության ակումբի աշխատակզմն ու ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի, որի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացել։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն խստորեն դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները, որով կոպիտ կերպով խախտվել են անձանց հիմնարար իրավունքները և կոչ է անում՝
- Հայաստանի կառավությանը՝ միջադեպին տալ իրավական գնահատական և մեղավորիներին ենթարկել պատասխանատվության,
- ՆԳՆ-ին՝ գործել բացառապես օրենքի սահմաններում, զերծ մնալ անօրինական գործողություններից և հարգել ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ժողովրդավար արժեքները։
- Միջադեպից տուժածներին՝ դիմել իրավական պաշտպանության և վերականգնել խախտված իրավունքները։

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն պատրաստ է տրամադրել անվճար իրավական աջակցություն բոլոր տուժածներին":

 

Նշենք, որ մի շարք ակումբներ արդեն հանդես են եկել ի պաշտպանություն "Պոլիգրաֆ" ակումբի հայտարարություններով։

Թեմայի այլ նորություններ