Դատարանի որոշմամբ՝ ԲՀԿ երիտասարդների միության նախագահին պատկանող գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք է դրվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Դատարանի որոշմամբ՝ ԲՀԿ երիտասարդների միության նախագահին պատկանող գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք է դրվել

Դատարանի որոշմամբ՝ ԲՀԿ երիտասարդների միության նախագահին պատկանող գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք է դրվել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանին պատկանող գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք է դրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին / 09.02.2021թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանս, քննության առնելով Դանիել Արայի Իոաննիսյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Էդգար Հակոբյանի, ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Աշոտ Հակոբի Անդրեասյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դանիել Արայի Իոաննիսյանն՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Էդգար Հակոբյանի, 29.01.2021թ.-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Աշոտ Հակոբի Անդրեասյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Գտնում եմ, որ հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, հետևաբար այն պետք է ընդունել վարույթ և համարվի դատարան ներկայացված այն սկզբնական ներկայացնելու օրը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածով, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Դանիել Արայի Իոաննիսյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Էդգար Հակոբյանի, ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Աշոտ Հակոբի Անդրեասյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ընդունել վարույթ և նախապատրաստել դատաքննության:
Սույն որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

ԴԱՏԱՎՈՐ ԱՎԱԳ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ Հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին / 09.02.2021թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանս, քննության առնելով Դանիել Արայի Իոաննիսյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Էդգար Հակոբյանի, միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դանիել Արայի Իոաննիսյանն՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Էդգար Հակոբյանի, 29.01.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Աշոտ Հակոբի Անդրեասյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.02.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ։ Հայցվորը միաժամանակ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով հայցի ապահովման համար հայցագնի՝ 1000000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պատկանող գույքերի վրա, ինչպես նաև արգելել պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին կամ որևէ այլ երրորդ անձի մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի փաստացի կատարումը՝ որևէ կերպ արգելափակելու կամ սահմանափակելու պատասխանողին պատկանող ֆեյսբուք սոցիալական կայքում բացված հետևյալ օգտահաշվի՝ https://www.facebook.com/ashot.andreasyan./, հասանելիությունը, կամ ընդհանրապես ջնջելու նշված կայքը համացանցային տիրույթից, քանի որ պատասխանողն իր գրառումը 21.12.2020թ.-ին կատարել է՝ հստակորեն գիտակցելով, որ այսպիսով վիրավորում է հայցվորին, որը կատարել է հրապարակային կարգով, ինչը փաստում է պատասխանողի ակնհայտ դիտավորության և ոչ պատշաճ վարքագծի մասին: Այսինքն ստացվում է, որ պատասխանողը, գիտակցելով, որ իր կողմից գրառված վիրավորանքները հասարակության մոտ ընկալվում են որպես հստակ վիրավորանք ուղղված հայցվորին, որպիսի հանգամանքը նաև ընդունելի չէ հասարակությունում և հակաբարոյական է, պատասխանողը դրանով հանդերձ չի հեռացնում այդ հրապարակումը և սպասում է, որ ավելի լայն զագվածներ կարդան այդ վիրավորանքը՝ ուղղված հայցվորին: Պատասխանողի նման գործողությունները տեղի են տալիս ունենալու մտավախություն այն մասին, որ պատասխանողը, երբ իմանա, որ նրա դեմ դիմել են դատարան, իր նման վարքագծով կձեռնարկի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի ելքագրի իր դրամական միջոցները իր բանկային հաշվեհամարներից, ձևական գործարքներով կօտարի իր անվամբ առկա գույքերը, ժամանակավորապես կարգելափակի ֆեյսբուք սոցիալական կայքում բացված իր օգտահաշվի հասանելիությունը, որպեսզի նախ իրենից չբռնագանձվի այն գումարները, որոնք պահանջել են հայցադիմումով և հետո՝ որպեսզի առաջանա փաստացի անհնարինություն պատասխանողի ֆեյսբուք սոցիալական կայքում բացված օգտահաշվով հրապարակային կարգով ներեղություն խնդրելու համար: Առավել ևս, երբ պատասխանողը տեղեկանա, որ արդեն իսկ դիմել են դատարան ընդդեմ նրա՝ փոխհատուցում վճարելու, դատական ծախսերը հատուցելու և ներեղություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջներով: Իսկ պատասխանողի նման հնարավոր գործողությունները հետագայում փաստացի կխոչընդոտեն, ավելին՝ անիրագործելի կդարձնի կայացվելիք դատական ակտի կատարումը: Հաշվի առնելով, որ փոխհատուցման գումարի և դատական ծախսերի բռնագանձումը պետք է տարածվի պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, պատասխանողը պարտավոր կլինի հայցվորից ներեղություն խնդրելու վերաբերյալ տեքստը հրապարակային կարգով հրապարակել իր ֆեյսբուք սոցիալական կայքում բացված օգտահաշվի միջոցով, իսկ մինչ այդ պատասխանողը կարող է կատարել այնպիսի գործողություններ և դրսևորի այնպիսի ոչ պատշաճ վարքագիծ, որը հետագայում հայցվորին կզրկի ի հաշիվ նրա գույքերի և դրամական միջոցների՝ ստանալու պահանջվող գումարները, փաստացի անհնարին կդառնա դատական ակտի կատարումը հրապարակային ներեղություն խնդրելու մասին տեքստը հրապարակելու պահանջի մասով, կարծում են, որ պատասխանողին պատկանող գույքերի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, միաժամանակ՝ պատասխանողին որոշակի գործողություններին արգելումը ուղղակի անհրաժեշտություն է, որի չկիրառման դեպքում հետագայում կայացվելիք դատական ակտի կատարումը կդժվարանա կամ անհնարին կդառնա:

Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով գործի նյութերը, գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են՝ պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:

Վերոնշյալ նորմերի մեկնաբանությունից հետևում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն:

Դատարանն, անդրադառնալով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին, արձանագրում է որ, հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Վերոգրյալից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության, վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ միջնորդություն ներկայացնող անձին էական վնաս հասցնելու հանգամանքը:

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը:

Միաժամանակ, դատարանը գտնում է, որ հայցի ապահովումը կիրառվում է` հաշվի առնելով քաղաքացիական և քաղաքացիական դատավարության ընդհանուր սկզբունքները, ինչպիսիք են` օրինականության, գործին մասնակցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտության, բարեխղճության, տնտեսական գործունեության ազատության, սեփականության անձեռնմխելիության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության և այլ սկզբունքները:

«Հայցի ապահովման միջոցների կիրառման ժամանակ հաշվի են առնվում նաև հետևյալ մասնավոր սկզբունքները`

1. հայցի ապահովման միջոցների կիրառումը դատական ակտի իրական կատարումն ապահովելու համար,
2. հայցի ապահովման միջոցների կիրառումը հայցվորի վնասները կանխելու համար.
3. հայցվորի նյութաիրավական պահանջի և քաղաքացիադատավարական ապահովման միջոցների միջև կապը,
4. նյութաիրավական պահանջների և քաղաքացիադատավարական ապահովման միջոցների միջև համաչափությունը:

1-ին և 2-րդ սկզբունքների էությունը հանգում է նրան, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը պետք է հետապնդի միայն այն նպատակները, որոնք դրված են այդ ինստիտուտի առջև: Այլ նպատակներով հայցի ապահովման միջոցի կիրառումը կարող է հանգեցնել օրենքով չնախատեսված կարգով քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքների սահմանափակման:

3-րդ սկզբունքը հանգեցնում է նրան, որ հայցի ապահովման միջոցների կիրառումը պետք է ուղղակիորեն կախված լինի ներկայացված նյութաիրավական պահանջից: Դրանք, ըստ էության, ներկայացված հայցի (նյութաիրավական պահանջի) ապահովման միջոցներ են:

4-րդ սկզբունքը համաչափության ընդհանուր սկզբունքի մասնավոր դրսևորումն է հայցի ապահովման ինստիտուտի շրջանակներում, որի պայմաններում դատարանը յուրաքանչյուր դեպքում գնահատում է կիրառվող հայցի ապահովման միջոցի և այլ անձանց իրավունքների սահմանափակման միջև հավասարակշռվածությունը: Այս տեսանկյունից դատարանը հարկ է համարում նշել նաև, որ դատական արգելքները նույնպես կարող են դիտարկվել անձի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների միջամտություն: Հետևաբար` այդ միջամտությունը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, հետապնդում է վերևում նշված իրավաչափ նպատակները, յուրաքանչյուր դեպքում պետք է բխի համաչափության սկզբունքից (տես նաև Krone Verlag GmbH & Co KG v. Austria գործով Եվրոպական դատարանի 11.03.2004 թվականի վճիռը, պարագրաֆներ 19-35) »:

Դատարանն արձանագրում է նաև, որ համաչափության սկզբունքի կիրառման համատեքստում, ելնելով ինչպես պարտավորաիրավական հարաբերությունների մասնակիցների կարգավիճակից, գործունեության բնույթից, այնպես էլ ուշադրության արժանի այլ հանգամանքներից, հայցի ապահովման միջոցի կիրառումը պետք է նպատակաուղղված լինի ինչպես հայցվորի վնասների կանխմանը, այնպես էլ չի կարող հանգեցնել պատասխանողի իրավունքների այնպիսի սահմանափակման, որը կհանգեցնի առավել մեծ վնասների:

Համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի՝ հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից՝ այն միջոցը, որը, առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին: Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև: Դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով պահանջվող հայցի ապահովման միջոցի կիրառումը պետք է քննարկվի վերոնշյալ վերլուծությունների լույսի ներքո:

Տվյալ դեպքում դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքները, որ հայցի ապահովման միջոցի կիրառումն անհրաժեշտ է, քանի որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, գտնում է, որ պետք է մինչև սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը հայցագնի՝ 1000000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պատկանող գույքի վրա, ինչպես նաև արգելել պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին կամ որևէ այլ երրորդ անձի մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի փաստացի կատարումը՝ որևէ կերպ արգելափակելու կամ սահմանափակելու պատասխանողին պատկանող Ֆեյսբուք սոցիալական կայքում բացված հետյալ օգտահաշվի՝ https://www.facebook.com/ashot.andreasyan.9, հասանելիությունը, կամ ընդհանրապես ջնջելու նշված կայքը համացանցային տիրույթից, մինչև սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը: Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-131-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով `

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Դանիել Արայի Իոաննիսյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Էդգար Հակոբյանի, միջնորդությունը բավարարել և հայցագնի՝ 1000000 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պատկանող գույքի վրա, ինչպես նաև արգելել պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին կամ որևէ այլ երրորդ անձի մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի փաստացի կատարումը՝ որևէ կերպ արգելափակելու կամ սահմանափակելու պատասխանողին պատկանող Ֆեյսբուք սոցիալական կայքում բացված հետևյալ օգտահաշվի՝ https://www.facebook.com/ashot.andreasyan.9, հասանելիությունը, կամ ընդհանրապես ջնջելու նշված կայքը համացանցային տիրույթից, մինչև սույն գործով վերջնական դատական ակտի կայացումը: Սույն որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Թեմայի այլ նորություններ