Բարձրագույն ռազմական ուսհաստատություններում ընդունելության քննություններ են. Արցախից 49 դիմորդ կա, այդ թվում՝ 2 աղջիկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բարձրագույն ռազմական ուսհաստատություններում ընդունելության քննություններ են. Արցախից 49 դիմորդ կա, այդ թվում՝ 2 աղջիկ

Բարձրագույն ռազմական ուսհաստատություններում ընդունելության քննություններ են. Արցախից 49 դիմորդ կա, այդ թվում՝ 2 աղջիկ

Արցախից այս տարի Հայաստանի եւ արտերկրի Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ (ԲՌՈւՀ) է դիմել 49 պատանի, որից 2-ն աղջիկ: Նրանցից 7-ը դիմել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան, մյուսները՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան եւ ՌԴ-ի հաստատություններ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաղորդեց դիմորդներին ուղեկցող սպաներից Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մայոր Հրայր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Արցախից եկող դիմորդների մեջ գերակշռում են ռազմական ուսումնարանի շրջանավարտները. «49 երեխաներից 28-ը վարժարանի սաներն են, 8-ը քաղաքացիական, 13-ը՝ զինվոր. ապագա սպաների կրթության գործում վարժարանի ներդրումն ակնհայտ է: Եվ ընդհանրապես, վերջին երկու տարիներին ռազմական գործի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում»:

Հարցին, թե ինչ առավելություններ ունեն արտերկրի ԲՌՈւՀ-երը մեր համալսարանների նկատմամբ, նա պատասխանեց, որ «առավելություն» ասելը ճիշտ չէ. «Ուղղակի արտասահմանյան ԲՌՈւՀ-երն ունեն որոշ նեղ մասնագիտություններ, որ մեզ մոտ դեռ չկան. որոշ կադրեր՝ վառելիքաքսուկային, հետախուզական, հատուկ նշանակության ջոկատայիններ, Հայաստանում չենք պատրաստում, բայց նախատեսվում է, որ հետագայում այս կադրերն էլ պիտի պատրաստվեն տեղում: Մեր սաներից հիմա ուսանողներ ունենք նաեւ Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, բայց, իհարկե, մերոնք հիմնականում կրթվում են Վազգեն Սարգսյանի ու Խամփերյանցի անվան համալսարաններում ու ՌԴ-ում»:

Աղջիկներն այս տարի 2-ն են, իսկ անցյա՞լ տարի: Ընդհանրապես՝ հիմա շա՞տ աղջիկներ են ընտրում ռազմական գործը: «Անցյալ տարի 1 աղջիկ էր դիմել, այս տարի արդեն 2-ն են, ընդհանուր առմամբ՝ բավականին աճ կա, հիմա ավելի քան 20 աղջիկ աշակերտ ունենք: Այս տարի մեր աղջիկները շատ մարտականորեն են տրամադրված, քանի որ ընտրել են ոչ աղջկական մասնագիտություններ: Սովորաբար իրենք ընտրում են ՀՕՊ-ը կամ կապը, բայց այս տարի մեր աղջիկները դիմել են Վազգեն Սարգսյանի անվան համալսարան՝ հետեւակի համար. դա նշանակում է մարտական  հենակետերում ծառայության իրականացում»,- նշեց նա:

Նկատեցինք, որ սովորաբար ասում են՝ աղջիկները տանկիստ, մեխանիկ չեն կարող դառնալ՝ Հրայր Բաղդասարյանն առարկեց. «Դա էլ չի բացառվում, երբ ձգտում են: Աղջիկ ունեինք, որ սկզբից էլ տրամադրված էր, որ պիտի դիպուկահար դառնա, ինքը պիտի խոցի. հիմա Վազգեն Սարգսյանում երկրորդ կուրսում է սովորում: Դե, դիպուկահար մեր աղջիկներն ավելի սառնասիրտ են, իրենց տեղը չեն բացահայտում, չեն ծխում, կարող են, ժամերով աննկատ մնալով, առաջ շարժվեն ու խոցեն հակառակորդին: Մտքներին դնում են, ձգտում ու սովորում»:

Ի պատասխան հարցին, թե որքանո՞վ է գրավիչ այսօր ռազմական գործը պատանիների համար՝ նա ասաց, որ եւ կրթական համակարգում, եւ զինծառայողների սոցիալական ապահովության առումով փոփոխություններ են անհրաժեշտ, քանի որ քաղաքացիական շատ ոլորտներ են ավելի ու ավելի շահեկան են դառնում, եւ մարդիկ գնում են այդ ուղղություններով: «Բայց եթե մարդը ծնված է ռազմական գործի համար, եթե գնահատում-արժեւորում է զինվորականի մասնագիտությունը, ինչքան էլ «խանգարես», ինքը գնալու է այդ ուղղությամբ: Մարդը պիտի այդ ադրենալինն ունենա, որ ձգտի դեպի ռազմականը»:

Հրայր Բաղդասարյանն ընդգծեց ռազմական գործի գրավչության առումով բարձր աշխատավարձերի կարեւորությունը. «Արդեն երկրորդ տարին է, որ աշխատավարձերը պարբերաբար բարձրացվում են. եւ դա, եւ հիպոթեքային վարկերով բնակարանների ձեռքբերման հնարավորությունը, կարծում եմ, մարդկանց կբերի դեպի այս ոլորտ»:

Սակայն հաճախ էլ պատանիները գերադասում են ստանալ այլ մասնագիտություն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով անցնելով նաեւ սպայական դասընթացը կամ անցնել մեկամյա կուրսեր: Ռազմական գործում երրորդ տասնամյակն ամփոփող մայոր Բաղդասարյանը նշեց, որ այդ կուրսերը չեն կարող նույնքան արդյունավետ լինել, որքան քառամյա կրթությունն է ԲՌՈւՀ-ում: «Ծրագրով նախատեսված այդ կուրսը ոչ միայն տեսական գիտելիքներ ունի, այլեւ բավական շատ գործնական պարապմունքներ: Որքան էլ խելացի լինի երեխան, այդ ժամանակահատվածում այդ գիտելիքն ամբարելն ու ամրապնդելն ու հրաձգարաններում մարզվելը նույն որակով անել չի լինի. իսկ հետագա ծառայության ընթացքում այդ փորձի պակասը զգացվում է»:

Անդրադառնալով ԲՌՈւՀ-երում ընդունելության քննությունների բարդության մասին հարցին՝ Հրայր Բաղդասարյանը նշեց. «Խամփերյանցում առավել խիստ են ընդունելության պայմանները. ընդունվում են միասնական քննությունը հաղթահարած երեխաները՝ ֆիզիկամաթեմատիկական առարկաներից նվազագույնը 8 միավորի առկայությամբ՝ հաշվի առնելով այստեղ դասավանդվող բնական գիտությունների՝ ֆիզիկա-մաթեմատիկական առարկաների ծանրաբեռնվածությունը: Այստեղ ընդունվելն ավելի դժվար է, քան Վազգեն Սարգսյան ու ՌԴ, քանի որ եթե երեխան չունենա գիտելիքների համապատասխան պաշար օդաչուական գործի, ՀՕՊ-ի ուսումնառությունը շարունակելու համար, դասավանդողները կունենան դժվարություններ, աշխատանքն արդյունավետ չի լինի, նա որակյալ կադր չի դառնա»:

Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ Արցախից եկող սաները Հայաստանի կամ արտերկրի ԲՌՈւՀ-երում կրթություն ստանալուց հետո ծառայության վերադառնում են Արցախ՝ առաջին հինգ տարին ծառայում առաջնագծում:  

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ