2015 թվականի հունվարի 12-ի լուսաբացին, ՌԴ ռազմակայանի զինծառայող Պերմյակովը լքելով ռազմակայանի տարածքը, քաղաքի թաղամասերից մեկում ըստ պաշտոնական վարկածի իբրև թե ջուր ուզելու նպատակով մտել էր տներից մեկն ու գնդակահարել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, այդ թվում երեխաներին: Սարսափելի ոճրագործությունը ցնցեց ամբողջ Հայաստանը:
Հանցագործությունը կատարելու համար կասկածվող Պերմյակովը հայտնաբերվեց հայ-թուրքական սահմանի մոտ, ինչը հիմք էր տվել ենթադրելու, թե նա մտադիր է եղել հատել սահմանը: Նրան հայտնաբերել էին ռուս սահմանապահները, որոնք իրականացնում են հայ-թուրքական սահմանի հսկողությունը: Ռուսական ռազմակայանի տարածքում անցկացված դատավարությունն ավարտեց Պերմյակովին 10 տարվա ազատազրկման դատապարտելով: Ռուսաստանը Պերմյակովին հայկական կողմին չհանձնելը բացատրում էր իր Սահմանադրությամբ, ըստ որի, ՌԴ քաղաքացին ենթակա չէ որևէ այլ պետության իրավապահներին հանձնման: