Ընդդիմության հնչեցրած կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ընդդիմության հնչեցրած կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում. Փաշինյան

Ընդդիմության հնչեցրած կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում. Փաշինյան

Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձևավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայումս փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել: Այդ մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությանը՝ վարչապետը նշել է, որ Կառավարության և բոլոր քաղաքական ուժերի կարևորագույն և առաջնահերթ խնդիրը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության լիակատար կայունության և անվտանգության վերականգնումը: «Նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, և առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ և որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում»,- նշել է նա:

Փաշինյանի խոսքով՝ իհարկե, բոլորը, այդ թվում՝ ինքը գոհ չեն ներկայիս ստեղծված իրավիճակից՝ և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, և՛ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով: «Մենք բոլորս էլ գոհ չենք այն իրավիճակով, որը մեզ մոտ ձևավորվել է: Բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք, որպեսզի իրավիճակն ավելի չվատթարացնենք, որպեսզի կայունացնենք և բարելավենք այն: Եվ ինչպես ես արդեն ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին անվտանգությունն ու կայունությունը, այլև արտաքին կայունությունն ու անվտանգությունը և տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Մենք պետք է աշխատենք և կենտրոնանանք այս հարցերի վրա:

Սա չի նշանակում, որ կառավարությունը համարում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է չսրել իրավիճակը, ավելի չվատթարացնել այն: Հիմա մեր առջև շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար և այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում:

Ցավոք, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն, առաջին հերթին մեր ընդհանուր նպատակը պետք է դառնա իրավիճակի կայունացումը, և դրանից հետո պետք է որոշում ընդունենք՝ ինչ անել»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Հարցին՝ արդյոք բողոքական տրամադրությունները կարող են նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների խափանման սպառնալիք լինել, վարչապետը նշել է.

«Չեմ կարծում: Որովհետև, իմ կարծիքով, հայ հասարակությունը համաձայն է նրա հետ, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է այդ փաստաթուղթը, ուրիշ իրական այլընտրանք չի եղել, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ կարծիքով և համոզմամբ՝ հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի ըմբռնումը հենց այսպիսին է: Այլ հարց է, որ մենք դեռ պետք է ամեն ինչ վերլուծենք, հասկանանք և պատասխանենք այն հարցերին, թե ինչու հենց այսպես տեղի ունեցավ, և ինչու մենք հասանք այս իրավիճակին: Բայց այդ պահին՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, այլընտրանք ուղղակի չկար, և կարծում եմ, որ հայ հասարակության մեջ առկա է իրավիճակի այդպիսի ընկալում»:

Թեմայի այլ նորություններ