Վանո Սիրադեղյանից մինչև Մանվել Գրիգորյան. որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից. Փաստերի ստուգման հարթակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    51%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    65%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    51%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    51%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    90%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Վանո Սիրադեղյանից մինչև Մանվել Գրիգորյան. որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից. Փաստերի ստուգման հարթակ

Վանո Սիրադեղյանից մինչև Մանվել Գրիգորյան. որ պատգամավորներն են զրկվել անձեռնմխելիությունից. Փաստերի ստուգման հարթակ

«Փաստերի ստուգման հարթակը» վերհիշել է, թե որ գործիչներն են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից անկախ Հայաստանի պատմության ընթացքում և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

1996 թվականը և անձեռնմխելիությունից զրկված 8 պատգամավորները

1996 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական երկրորդ ընտրությունները: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների՝ շուրջ 52, Վազգեն Մանուկյանը՝ ավելի քան 41 տոկոսը: Մի շարք միջազգային կառույցներ և ընդդիմադիր ուժեր հայտարարել էին, որ տեղի են ունեցել համատարած կեղծիքներ: Երևանում սկսվեցին զանգվածային ցույցեր: 1996 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում, պատգամավորների միջև ծեծկռտուքի պայմաններում Ազգային ժողովը համաձայնություն տվեց գործող գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի առաջարկությանը  քրեական պատասխանատվության ենթարկելու մի շարք ընդդիմադիր պատգամավորների: Նրանց թվում էին Արշակ Սադոյանը, Սեյրան Ավագյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Վարդանյանը, Պարույր Հայրիկյանը, Շավարշ Քոչարյանը, Վազգեն Մանուկյանը, Ներսես Զեյնալվանդյանը: 

Մուշեղ Մովսիսյան

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նոյեմբերին, երկրորդ գումարման Ազգային ժողովը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Մուշեղ Մովսիսյանին: Նա մեղադրվում էր հանցագործությունն իրականացրած անձանց հետ համագործակցելու մեջ: Ապացույցների բացակայության պատճառով հետագայում Մովսիսյանն ազատ արձակվեց: Նա մահացավ 2004 թվականին ավտովթարից:

Վանո Սիրադեղյան

Ներքին գործերի նախկին նախարար, այն ժամանակ ԱԺ ՀՀՇ-ական պատգամավոր Վանո Սիրադեղյանը ձերբակալվել էր 1999 թվականի մայիսի 3-ին: Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական նախկին օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածով: Մասնավորապես, նա մեղադրվում էր այն բանում, որ լինելով ներքին գործերի նախարար՝ կազմակերպել էր կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա՝ վերջիններիս հանձնարարելով հարձակումներ գործել առանձին քաղաքացիների և պաշտոնատար անձանց նկատմամբ:

Նույն ամսվա մեջ, սակայն, ՀՀՇ-ական պատգամավորն ազատվել էր ձերբակալումից և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել անձնական երաշխավորությունը՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը: Ապրիլի 4-ին Ազգային ժողովի պատգամավորները 77 կողմ և 10 դեմ քվեարկությամբ բավարարեցին գլխավոր դատախազի միջնորդությունը՝ զրկելու Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Վանո Սիրադեղյանին կալանավորել չհասցրեցին: Նա անհետացավ և մինչև այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ավելի ուշ նա զրկվեց նաև պատգամավորական մանդատից: 

Մարտի 1-ն ու անձեռնմխելիությունից զրկված 4 պատգամավորները

2008 թվականի մարտ 1-ի իրադարձություններից հետո միանգամից 4 պատգամավորներ զրկվեցին անձեռնմխելիությունից: Մարտի 4-ին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ ԱԺ-ում հրավիրվել էր արտահերթ նիստ՝ քննարկելու «ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին» հարցը: Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը նիստին ներկա էին, իսկ Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանն ընդհատակում էին: 4 պատգամավորները մեղադրվում էին Հայաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երրորդ և 300-րդ հոդվածի առաջին մասերով՝ զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվել են սպանությամբ և իշխանությունը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ: Ազգային ժողովը  բավարարել էր միջնորդությունը: 

Սասուն Միքայելյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, բայց 2011 թվականին համաներմամբ ազատ արձակվել:  

Մյասնիկ Մալխասյանը և Հակոբ Հակոբյանը դատապարտվել էին 5 տարվա ազատազրկման և համաներմամբ ազատ արձակվել 2009 թվականին:

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետախուզությունը դադարեցվել էր 2011 թվականին, երբ նա այլևս Հայաստանում չէր: 

Վարդան Օսկանյան

Արտաքին գործերի նախկին նախարարին անձեռնմխելիությունից զրկեցին  պատգամավոր դառնալու առաջին իսկ տարում «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործի հիմքով:

Օսկանյանը պատգամավոր էր ընտրվել 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով: Հոկտեմբերին արդեն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացրեց: Ըստ միջնորդության՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը յուրացրել էր բարեգործական նպատակներով իր միջոցով հիմնադրամին տրամադրելու նպատակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները: Խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ բավարարել էր դատախազության միջնորդությունը: Քվեարկությունը բոյկոտել էին «Բարգավաճ Հայաստան», ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունները:

2013 թվականի հուլիսին Օսկանյանի դեմ գործը կարճվեց: Նախկին արտգործնախարարը մինչև վերջ էլ հայտարարում էր, որ գործն ուներ բացառապես քաղաքական հիմք:

Մանվել Գրիգորյան 

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, այդ պահին Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը 2018 թվականի հեղափոխությունից հետո առաջին և ամենաաղմկահարույց գործերից էր:

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: Այս հիմքով գեներալը բերման էր ենթարկվել և ձերբակալվել: 

Այնուհետև հունիսի 18-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: Արտահերթ նիստում խորհրդարանը, որի մեծամասնությունն այդ պահին հանրապետականն էին, համաձայնություն էր տվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը: Ինքը՝ Մանվելը Գրիգորյանը, նիստին չէր մասնակցում: Նույնը օրը Գրիգորյանը կալանավորվեց: Նրա գործով դատական գործընթացը շարունակվում է մինչ օրս:

Այսպիսով, վերջին երեք տասնամյակում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել են մեկ տասնյակից ավել պատգամավորներ: Հիմնականում դա տեղի է ունեցել քաղաքական լուրջ զարգացումների համատեքստում:

Աղբյուր՝ Փաստերի ստուգման հարթակ

Թեմայի այլ նորություններ