Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (12.03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (12.03.2021)

Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (12.03.2021)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ.

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, շոշափել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքը: Ընդգծվել է տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի շուրջ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակոնֆերանս անցկացրեց Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ.

  • Մարտի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ուրախ եմ ողջունել բոլորին Եվրասիական զարգացման հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի պորտֆելի համատեղ գնահատման աշխատանքների շրջանակներում։ Մեծապես կարևորում եմ այս միջոցառումը մի շարք առումներով։ Նախևառաջ, սա լրացուցիչ հնարավորություն է գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու և գործնական երկխոսության միջոցով ծրագրերն առավել համակարգված և արդյունավետ կերպով իրականացնելու հիմքեր ձևավորելու համար։ 2020 թվականին կորոնավիուսի համավարակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մեր երկիրը տնտեսական անկման շրջափուլ մտավ, և այդ իրողությունները նաև բացասաբար անդրադարձան ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունավետության վրա։ Այդուհանդերձ, տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ընդունված արագ հակազդման քաղաքականության շրջանակներում Կառավարությունն ի թիվս այլ միջոցառումների և նպատակների, նաև հասցեագրել է կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության շեշտակի աճի ապահովումը՝ որպես տնտեսական ակտիվության վերականգնման կարևորագույն երաշխիքներից մեկը։ Վստահ եմ՝ զարգացման գործընկերների հետ համատեղ ծրագրային պորտֆելների գնահատման գործընթացի իրականացումը լրացուցիչ երաշխիքներ է ձևավորում ծրագրերի իրականացման արդյունավետության համար՝ որպես երկկողմ հանձնառության դրսևորում։ Սա չափազանց կարևոր է նաև երկրի ֆիսկալ կայունությունն ապահովելու, հանրային ներդրումային նոր նախաձեռնությունների ու ծրագրերի համար պոտենցիալ դաշտ ձևավորելու համար։ Եվրասիական զարգացման հիմնադրամի հետ Հայաստանի ընդհանուր ակտիվ ծրագրային պորտֆելը մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է, հատկացումների մասով միջին կատարողականը՝ մոտ 68 %: Չնայած ծրագրերի ֆինանսական ծավալի ու քանակի առումով գործընկերության պորտֆելը մեծ չէ, սակայն Եվրասիական զարգացման հիմնադրամը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և կարծում եմ, որ դեռ հնարավորություններ կլինեն գործընկերությունն առավել զարգացնելու համար։ Թույլ տվեք շատ չծավալվել, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանանք հատկացնել հենց ծրագրերի շուրջ քննարկումների համար։ Միջոցառման օրակարգը նախատեսում է, որ առաջին փուլով կքննարկենք արդեն իսկ իրականացվող 4 ծրագրերը՝ 3 վարկային և 1 դրամաշնորհային, իսկ երկրորդ փուլով՝ պլանավորված թվով 3 դրամաշնորհային ծրագրերը»: Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի՝ տեսակապով անցկացվող գնահատման ժամանակ քննարկվել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ներկայիս փուլի, Հայաստանում ոռոգման համակարգի արդիականացման, «Մաստարայի» ջրամբարի կառուցման, «Առողջապահության առաջնային ոլորտում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործման» դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերին: Առանձին քննարկման առարկա են դարձել նախատեսվող դրամաշնորհային ծրագրերը, ինչպես օրինակ՝ «կանաչ էներգիայի» զարգացումն ու հանրային շենքերում էներգախնայող մեխանիզմների ներդրումը, աշխատանքի էլեկտրոնային բիրժայի ստեղծումը, Հայաստանում կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին պատրաստվածության մեծացումը՝ առաջացած սպառնալիքների հայտնաբերման և արձագանքման ուղղությամբ: Տեսակոնֆերանսի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ արձանագրության և գործողությունների պլանի միջոցով շարունակել աշխատանքները ծրագրերի իրականացման և արդյունավետ կառավարման ուղղությամբ: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել Եվրասիական զարգացման հիմնադրամի ու գործընկեր երկրի միջև համագործակցության ռազմավարության մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Նախատեսվում է պորտֆելի գնահատումը պարբերական դարձնել, որպեսզի ծրագրերի կառավարումը հնարավորինս արդյունավետ դառնա, իսկ ընթացիկ խնդիրներն արագ լուծումներ ստանան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. Հայաստանում սոցփաթեթի շահառու շուրջ 147,500 քաղաքացու համար տրամադրվող ծառայությունները կավելանան․ կընդլայնվի նաև շահառուների շրջանակը՝ https://bit.ly/3tf1Grk

ՀՀ պաշտպանության նախարարություն․ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն՝ մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ.
  • ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝ ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով: Մարտավարական և մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն․ Մեկնարկեց «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը.
 
  • Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ազդարարեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ)։ Ծրագրի գործընկերները ներկայացրեցին LEAD ծրագրի հիմնական նպատակները, այն է՝ տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) առաջնահերթություններից: «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման ծրագիրը, որի մեկնարկն ազդարարում ենք այսօր,  բխում է մարտ ամսից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առաջնահերթություններից։ Սույն համաձայնագրում հատուկ շեշտադրում է արված նաև տարածքային համաչափ զարգացման և համագործակցության վրա: ՀԸԳՀ-ն ուժի մեջ է մտել Հայաստանի համար դժվար ժամանակներում, սակայն Եվրոպական միությունը պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանին՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և դրական փոփոխություն բերելու մարդկանց կյանքում՝ աջակցելով համակարգային դիմակայնություն ապահովող և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացմանը», - իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: 14.6 միլիոն եվրո բյուջե ունեցող 4-ամյա LEAD ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրերից: Ավստրիայի զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող և ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի զարգացման» (LEAD4Shirak) ծրագիրը, ինչպես նաև ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը (LEAD4Lori and Tavush) կենտրոնանալու են Հայաստանում՝ Եվրոպական միությունում լայնորեն կիրառվող գյուղական զարգացման LEADER մեթոդաբանության տեղայնացման վրա: Այս փորձված մոտեցումը կիրառվում է վերհանելու և աջակցելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացմանը՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի ու քաղհասարակության դերակատարների ջանքերը: «Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է նպաստել գյուղական համայնքների զարգացամանը՝ ստեղծելով զբաղվածության նոր հնարավորություններ: Ակնկալում ենք, որ ծրագրի իրականացման արդյունքում շոշափելի փոփոխություններ կտեսնենք Հայաստանում և պատրաստակամ ենք այդ փոփոխության մասը կազմել» - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Երրորդ ենթածրագիրը՝ ՄՔՄՄԿ -ի կողմից իրականացվող «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT) ծրագիրն ուղղված է միգրանտների և նրանց ընտանիքի անդամների ներուժի մոբիլիզացմանը՝ նպատակ ունենալով խրախուսել արտերկրից դրամական փոխանցումների թիրախային օգտագործումը և վերադարձող միգրանտների կամ միգրանտների ընտանիքների անդամների ֆինանսավորման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն ու բիզնեսի զարգացումը: «Խորհրդանշական է այն հանգամանքը, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի մեկնարկը տալիս ենք ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պաշտոնապես ուժի մեջ մտնելուն զուգահեռ։ Համոզված եմ, որ սա շատ լավ նախադրյալ է, և մեր համատեղ ջանքերը՝ ուղղված այս ծրագրի իրագործմանը, որակապես նոր մակարդակ կտեղափոխեն ՀՀ-ում եվրոպական արժեքների տեղայնացումը։ Հուսով եմ, որ Հայաստանի հյուսիսային երեք մարզերում այս Ծրագրի հաջող իրագործումը նաև ամուր նախադրյալներ կստեղծի մնացած մարզերում ևս LEAD-ի փիլիսոփայության տեղայնացման և, ինչու չէ, այն մեր համատեղ ջանքերով իրականացնելու համար»,– ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի առնվազն 250 նոր աշխատատեղ, կֆինանսավորի/աջակցություն կստանա ավելի քան 225 համայնքային զարգացման նախաձեռնություն, 160 գյուղական բիզնես և միգրանտների/նրանց ընտանիքների անդամների կողմից իրականացվող 150 բիզնես նախաձեռնություն, առնվազն 500 շահառու կստանա ուսուցում՝ սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման վերաբերյալ:  Ընդհանուր թվով ավելի քան 9000 շահառու կներգրավի ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներում: Ծրագրի մեկնարկը կայացավ առերես և առցանց ձևաչափով՝ պետական կառավարման մարմինների, մարզային և տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ։

Թեմայի այլ նորություններ