Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (10.03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (10.03.2021)

Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (10.03.2021)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ.
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ Գյումրիում ԱՏԳ կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է, ներկայում ավարտին են մոտենում երկրորդ փուլի նախագծային աշխատանքները, և առաջիկայում կմեկնարկի շինարարության երկրորդ փուլը: Ներկայացվել են վերլուծական տվյալներ առաջին փուլի շրջանակում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացումից հետո, 2019թ. նոյեմբերից տրանսպորտային միջոցների սպասարկման, մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկվել են Գյումրու ԱՏԳ կենտրոնի հետագա կառուցմանը և դրա ամբողջական, արդյունավետ աշխատանքի ապահովմանը վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքներով հստակեցվել են ճանապարհների նորոգման և հարակից ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների հետ կապված հարցերը: Վարչապետը կարևորել է Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի լիարժեք գործարկումը և հանձնարարել ակտիվ աշխատել անհրաժեշտ բաղադրիչների ապահովման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն անցկացրեց Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ.
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտապության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Գլխավոր շտաբի պետի տեղակալները, Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և այլք: Խորհրդակցության սկզբում վարչապետը դիմել է ներկաներին՝ նշելով. «Պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար, չնայած բոլորս էլ կուզենայինք, որ մեր հանդիպումը տեղի ունենար մի փոքր այլ միջավայրում և մթնոլորտում: Մենք բառիս բուն իմաստով միասին, նաև մեր պետությունը, մեր ժողովուրդն անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որևէ քաղաքացի, կառավարության որևէ անդամ, մեզնից որևէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ և սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են և մատուցում են մեր երկրին, այդ թվում՝ այս դահլիճում ներկա բազմաթիվ այրեր: Ուզում եմ արձանագրել, որ մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն և համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Ուզում եմ նաև արձանագրել հետևյալը. Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Իհարկե, սա նշանակում է, որ նաև մենք պիտի միասին կարողանանք քննարկել, վերլուծել, պատասխանել մի շարք հարցերի և իհարկե միասին ձևավորել Զինված ուժերի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական, առաջին հերթին հիմնված այն բազմափորձ գեներալների, սպաների կարծիքի և տեսանկյունների վրա, ովքեր Զինված ուժեր, բանակ, բանակի կառավարում հասկացությունները գիտեն ոչ միայն որպես տերմիններ, այլև ամենօրյա աշխատանք, ամենօրյա ջանք, ամենօրյա փորձություն: Ուզում եմ այստեղ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին՝ իրենց մատուցած ծառայությունների համար: Սրանք ընդամենը խոսքեր չեն, որովհետև հույս ունեմ՝ անընդհատ զգացել եք, որ կառավարությունը և անձամբ ես շատ բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ գործադրվել են հանուն մեր երկրի, այսօրվա և ապագայի: Տեղյակ եք, որ այսօրվանից իրավունքի ուժով Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Ցանկանում եմ պարոն Գասպարյանին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած բոլոր ծառայությունների համար՝ ոչ միայն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում աշխատած ժամանակաշրջանում, այլև իր ողջ կյանքի ընթացքում, որովհետև նա գործնականում ամբողջ գիտակից կյանքն անցկացրել է Զինված ուժերում: Տեղյակ եք նաև, որ Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ: Պարոն Դավթյանը Գլխավոր շտաբը ղեկավարել է 2018-ից 2020 թվականներին և նա բոլորին ծանոթ է իր աշխատանքով, իր անցած ճանապարհով: Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս փորձությունը և այս փորձության արդյունքում Զինված ուժերը, Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը դուրս կգան ուժեղացած: Ուզում եմ բոլոր ներկաներին խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը որպես Զինված ուժերի գեներալներ, սպաներ, որպես Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորը հանդիսացող մարմնի, կառույցի հենասյուներ: Ես հավատում եմ ձեզ, ես համոզված եմ, որ իսկապես այն ծառայությունները, որ դուք մատուցել եք՝ մատուցել եք անկեղծորեն, և էլի ուզում եմ կրկնել, որ այդ ծառայություններն արժանի են ամենաբարձր գնահատանքի ու այդ գնահատանքը երբեք, որևէ հանգամանքում, որևէ պարագայում չի կարող հօդս ցնդել»: Վարչապետը հավելել է, որ ավելի մանրամասն խոսակցություն կունենան Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի նշանակման առիթով ակնկալվող հանդիպման ընթացքում: Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դժվարին ժամանակահատվածում միասնականությունն ամենակարևորն է, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին: «Շնորհակալ եմ ուշադրության համար և Աստված մեզ օգնական, մեկս մյուսին օգնական, որպեսզի կարողանանք չկորցնել այն երազանքը, որը բոլորիս և մեզնից յուրաքանչյուրիս կոչել է ծառայության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20-րդ նիստը.
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 20-րդ նիստը: Նիստի սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է միջգերատեսչական հանձնաժողովի բոլոր անդամներին Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի և դրա ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում կհաստատվի նաև ճանապարհային քարտեզի երկրորդ հատվածը, որը ներառում է այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած դրույթների վերաբերյալ միջոցառումներ: Օրակարգի շրջանակներում նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Համաձայնագրի «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր» 6-րդ մասով նախատեսված տնտեսական համագործակցության վերաբերյալ զեկույցը: Զեկույցը ներառում էր այդ մասին բոլոր 12 գլուխներից յուրաքանչյուրի (Ապրանքների առևտուրը, մաքսային ոլորտը, Առևտրի տեխնիկական խոչընդոտները, Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, Ծառայությունների առևտուրը, հիմնադրումը և էլեկտրոնային առևտուրը, Ընթացիկ վճարումները և կապիտալի տեղաշարժը, Մտավոր սեփականությունը, Պետական գնումներ, Առևտուրը և կայուն զարգացումը, Մրցակցություն, Պետական ձեռնարկությունները և Թափանցիկությունը) կիրարկման ընթացքը: Այնուհետև զեկույցով է հանդես եկել Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ով ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգման ոլորտում գտնվող Ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը: Նիստի մասնակիցները մտքեր փոխանակեցին ներկայացված զեկույցների վերաբերյալ, որից հետո զեկուցողները պատասխանեցին նիստի ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատգամավորների հարցերին:
ՀՀ պաշտպանության նախարարություն. նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվեց ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին.
  • Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ 
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. Շահագործման հանձնվեց Ապարանի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, որը մեկ պատուհանի սկզբունքով կսպասարկի մոտ 22,100 շահառուի.
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ արդյունաբերական կանեփի (հեմփի) մշակության օրենսդրական կարգավորման համար ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը.
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մարտի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հեմփի մշակության  իրականացման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որը վարել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Աշխատանքային խմբում ընդգրկված են՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները։ Գործընթացն իրականացվելու է 2021 թ․ փետրվարի 4-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված Տնտեսական արձագանքման ծրագրի և գործողությունների պլանով նախատեսված   գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման ու վերամշակման շրջանակում, ինչն էականորեն կբարձրացնի գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ հեմփի մշակությունը որպես նոր, բարձրարժեք, արդյունաբերական բազմակի նպատականերով օգտագործվող արտադրանքների համար հումք հանդիսացող մշակաբույս, նախարարությունում դիտարկվել է դեռևս 2017 թվականից։ Ներկայացնելով գործընթացի իրականացման հիմնական փուլերն ու նախատեսվող գործողությունները՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանը նշել է, որ ներկայումս աշխարհի գրեթե 47 երկրներում թույլատրված է հեմփի մշակությունը, որպես գյուղատնտեսական մշակաբույս, և Էկոնոմիկայի նախարարությունը հանգամանորեն ուսումնասիրել է հեմփի աճեցման միջազգային փորձը  և տարբեր երկրներում ոլորտը կարգավորող իրավական ակտերն ու առկա վերահսկողական մեխանիզմները։ Նրա խոսքով՝ Հայաստանում հեմփի մշակությունը լինելու է խիստ վերահսկվող և լիցենզավորված գործունեություն։ Ծրագրի իրականացման առաջին տարում նախատեսվում է իրականացնել հեմփի գիտաարտադրական մշակություն, որի արդյունքում կընտրվեն Հայաստանի բնակլիմայական պայմանների համար առավել նպատակահարմար  և տետրահիդրոկանաբինոլի սահմանված պարունակությամբ սորտեր և լիցենզավորված գործունեության շրջանակներում որոշ ընկերություններ կկարողանան կազմակերպել հեմփի մշակություն։ Ընդ որում, նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք  մշակությունից բացի, կիրականացնեն նաև վերամշակում։ Հանդիպման ընթացքում աշխատանքային խումբը քննարկել է հեմփի մշակության արդյունավետության ապահովմանը, լաբորատոր փորձաքննությունների իրականացմանը, պետական մարմինների համագործակցությամբ վերահսկողության հատուկ մեխանիզմների կիրառմանը, արտադրվող հեմփի վերամշակմանը վերաբերող մի շարք հարցեր։ Հեմփն ապահովում է բազմակի և անթափոն վերամշակում, որի արդյունքում ստացվում է թել (տեքստիլ արդյունաբերություն), թուղթ, շինանյութ, սնունդ (յուղ, մարգարին, սննդային հավելումներ), հիգիենայի պարագաներ (կոսմետիկա), դեղամիջոցներ և տեխնիկական այլ ապրանքներ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգ­ման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը:

4-րդ դասարան

Հունիսի 22-ից հուլիսի 3-ն անցկացվում է գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից.

  • «Մայրենի» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե:
  • «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե:
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր):
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար ստուգում է կազմակերպվում նաև մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

Առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։

Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն 4 տարբերակ) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված և դպրոցում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարան

Հունիսի 30-ին անցկացվում է կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու» առարկայից (քննության տևողությունը` 120 րոպե): Քննություն հանձնողների դիմում-հայտերը և ցուցակները դպրոցի տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում մինչև մարտի 10-ը:

Բացի դրանից` 9-րդ դասարանցիները հունիսի 21-ից հուլիսի 5-ն ավարտական քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.

  • «Գրականություն»՝ բանավոր,
  • «Հայոց պատմություն»՝ բանավոր,
  • «Մաթեմատիկա»՝ գրավոր թեստ (քննության տևողությունը` 120 րոպե),
  • «Բնագիտություն» (գրավոր, թեստ)՝ «Ֆիզիկա», «Քիմիա»«Կենսաբանություն»«Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ, (քննության տևողությունը` 120 րոպե),
  • «Օտար լեզու»` բանավոր («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ,
  • «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում (քննաշրջանի ընթացքում),
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
  • Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից (բանավոր՝ քննաշրջանի ընթացքում):
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի և «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա»«Կենսաբանություն»«Աշխարհագրություն») առարկաների թեստերը սովորողի ցանկությամբ թարգմանվում են ռուսերեն։
  • Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը հանձնում են իրենց դպրոցներում, իսկ ներառական կրթություն իրականացնող դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողները կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողի ընտրության:
  • 9-րդ դասարանում ավարտական, կենտրոնացված ավարտական քննական թեստերի առաջադրանքները կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված և դպրոցում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

12-րդ դասարան

Հունիսի 9-23 անցկացվում են պետական ավարտական քննություններ հետևյալ առարկաներից.

  • «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):
  • «Հայոց պատմություն» (գրավոր, թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):
  • «Մաթեմատիկա» (գրավոր թեստ, քննության տևողությունը` 120 րոպե):
  • «Ֆիզկուլտուրա» (նորմատիվների հանձնում, ստուգարք, հունիսի 9-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում):
  • «Ռուս գրականություն» (բանավոր)` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար:
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:
  • Քննության մասնակցողների ցուցակը, ըստ առարկաների, դպրոցի տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը:
  • Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն են դառնում հանրակրթական հաստատությունները:
  • Ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին:
  • Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 11:00-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 10:00-ին:

Կենտրոնացված ավարտական քննությունը կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն: Քննական կենտրոնների ցանկը, կենտրոնների ղեկավարների, ԳԹԿ ներկայացուցիչների, կազմակերպիչների և առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակը հաստատում է ԳԹԿ տնօրենը:

Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և դպրոցում գործածվող դասագրքերից կամ ձեռնարկներից:

Թեմայի այլ նորություններ