Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (04.03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (04.03.2021)

Քաղաքական ճանապարհային քարտեզն այսօր․ տեղեկագիր (04.03.2021)

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ․ խորհրդակցությունները կշարունակվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Իր խոսքում վարչապետը նշել է. «Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է:

Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ եղել է, որ պետք է ի վերջո քաղաքական այս շրջափուլն ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ, և ես այսօր ուրախ կլինեմ լսել Ձեր տեսակետները, թե ինչպես առաջ շարժվել: Եկեք նախապես պայմանավորվենք, որ այսօրվա մեր քննարկման արդյունքներով մենք ոչ թե կայացնենք որոշում, այլ ես հանդիպում կունենամ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու խմբակցության հետ նույնպես քննարկումներ կունենամ, չնայած ընդհանուր քաղաքական կոնտեքստն արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ քննարկել ենք, որի արդյունքներով կփորձենք հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային: Գուցե հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումն արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի, մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը»:

Իր հերթին, Էդմոն Մարուքյանն ասել է. «Շնորհակալ եմ պարոն վարչապետ իմ հայտարարությանն արձագանքելու համար: Ուզում եմ նախ սկսենք հենց առաջարկությունից: Ես առաջարկությունն արել եմ՝ ելնելով ստեղծված քաղաքական ճգնաժամից, այսինքն այն, ինչ-որ մենք ունեինք, դրան գումարվել է Գլխավոր շտաբի պատմությունը, որն այս պահին քաղաքական ճգնաժամի մի մեծ մասն է: Դրանից ելնելով եմ ես հայտարարել, որ հետագա էսկալացիայից, բախումներից խուսափելու համար, հազար ու մի սցենար կարող է լինել, ինչին ես դեմ եմ: Ես առաջարկել էի, որ մենք բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնենք և գնանք ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չենք կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել:

Ինչո՞ւ եմ ասում, որովհետև ակնհայտ է, որ վարչապետը չի տա հրաժարական, որպեսզի ցրվի խորհրդարանն այն իրավիճակում, որ Գլխավոր շտաբի հետ կապված խնդիրը չունի հանգուցալուծում՝ ԳՇ գեներալներն այնտեղ են, դուրս չեն գալիս, հայտարարություններ և այլն:

Իմ առաջարկի կոնտեքստը սա է, այսինքն՝ այս հատվածը միասին լուծենք ու գնանք ընտրությունների: Ընտրության հետ կապված որևէ խոչընդոտ մեր պարագայում մենք չունենք, բայց ես էլ եմ համամիտ Ձեզ հետ, որ բանակցությունները շարունակենք: Որովհետև ակնհայտ է, որ կարող է այս պահին չգանք որևէ լուծման, բայց այդ իմաստով բանակցությունները շարունակենք, այսինքն չասենք՝ վերջ, տապալվեց և ձևավորված հույսերը, որ կարող է մի բան լուծվել, ջուրը լցնենք:

Հույս ունեմ, որ ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո, մենք էլ պետք է ԲՀԿ-ի հետ խոսենք: Եթե միայն մենք և դուք գանք ընդհանուր հայտարարի՝ առանց ԲՀԿ-ի, այդ հայտարարը կիսատ է և լուծում չենք ունենալու: Հետևաբար, համաձայն եմ, որ պետք է կոնսուլտացիան այդ բլոկով էլ շարունակվի, նոր ընդհանուր հայտարարի գանք, ստացվո՞ւմ է, թե՞ չի ստացվում, եկա՞նք ինչ որ լուծման, թե՞ չեկանք լուծման»:

Վարչապետ Փաշինյանն անթույլատրելի է համարել Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈՒ ապաքաղաքական լինելու Սահմանադրական նորմը:

Վարչապետ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպման ընթացքում պայմանավորվել են խորհրդակցությունները շարունակել՝ ի նպաստ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման:

  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախցիներին կացարան տրամադրող կազմակերպությունները մարտ-մայիս ամիսներին յուրաքանչյուր հյուրընկալվողի հաշվով կստանան ամսական 30 հազար դրամ աջակցություն:

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչն անհանգստացնող է:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Վերջին ընթացքում մենք ունենք հիվանդացության աճ. երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե մենք հունվար, փետրվար ամիսների սկզբին ունեինք թեստավորվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, հիմա արդեն 16 տոկոս է, և մեր կանխատեսումներով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կավելանա»,-նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. «Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնենք, որ առաջիկա օրերին՝ Մարտի 8-ի հետ կապված, ունենալու ենք բավական շարժի ավելացում և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում, ուստի խնդրում եմ, հորդորում եմ և վերահսկողական մարմինների առանձնակի ուշադրությունն եմ հրավիրում՝ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողությունն պետք է իրականացվի: Եվ անկախ հսկողությունից էլ, մեր կարգապահությամբ պիտի ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը: Մենք այսօր արդեն իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Հընթացս կավելացնենք մահճակալների թիվը: Բայց անգամ եթե մենք ի վիճակի լինենք բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, գիտեք, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթաց»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ այսօր քննարկում է նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թիրախային վերահսկողությունն ուժեղացնելու համար: «Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով՝ ամռանը, նաև աշնանն ենք կարողացել դիմանալ: Հույս ունեմ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Փաշինյանը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ նորություն կա պատվաստանյութերի հետ կապված: Ի պատասխան նախարարը նշել է, որ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, բանակցությունները շարունակվում են. «Որոշակի դանդաղում կա գործընթացների, բայց մեր գործընկերների, այլ երկրների հետ փորձում ենք այնպես անել, որպեսզի հասանելիությունը զարգացող երկրներին ապահովվի: Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք: Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կքնման փուլում է: Ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը»:

Առողջապահության նախարարը, պատվաստանյութերի ներկրման և պատվաստման գործընթացին զուգընթաց, մեկ անգամ ևս կարևորել է դիմակների կրումը և նշել. «Դա մեր որոշումը չէ, համընդհանուր մոտեցում է, որը նաև մենք պիտի պահպանենք: Մի այսպիսի թյուրըմբռնում էլ կա, որ եթե մարդիկ վարակվել և լավացել են, ապա ավելի դժկամությամբ ենք դիմակներ կրում: Բայց մենք ապացուցված որևէ գիտական մոտեցում չունենք, որ այս շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է: Ուստի խնդրում եմ, անգամ եթե վարակվել և առողջացել են քաղաքացիները, պահպանեն այս կանոնները»:

Կառավարությունը շարունակում է տնտեսավարողների
մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմման ուղղված գործընթացը

Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսավարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6 ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա միջոցառման շահառուների համար ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ՝ չափանիշները բավարարող շահառուներին աջակցությունից օգտվելու համար դիմումների ներկայացման և փոխհատուցման ժամկետները փոփոխելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը սպասարկող, տրանսպորտային ընկերությունների տնտեսական գործունեության հայտարարագրած դասակարգիչների ցանկում լրացում կատարելու նպատակով: Ըստ այդմ՝ կփոփոխվի միջոցառման դիմումների ներկայացման ժամկետը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 16-ը, իսկ միջոցառման պոտենցիալ շահառուներին կընձեռվի մինչև 2021 թ. մարտի 14-ը դիմում ներկայացնելու հնարավորություն: Բացի այդ, միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը կհամալրվի մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթի և լիզինգի դասիչի ներքո աշխատող ընկերություններով:

Գումար կհատկացվի ՀՀ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշմամբ Տավուշի մարզպետարանի կհատկացվի ավելի քան 234 մլն դրամ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին հրետակոծությունից վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար: «Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կհատկացվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պորակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլ դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքերն ավարտելու համար՝ 161.6 մլն դրամ»,-ասել է նախարարը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել իրականացվող աշխատանքների, այդ թվում պուրակի վերաբերյալ. «Ձեր հանձնարարությունից անմիջապես հետո մենք քննարկումներ ենք ունեցել և պարոն Պապիկյանի, և մարզպետարանի հետ: Խնդիրները լուծված են, ձևակերպումները մեկ հողամասի ավարտված է, մյուսն ավարտման փուլում է: Որոշումն ընդունելուն պես մենք անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարությունը: Չինարիում բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Այս որոշմամբ տրամադրվող գումարով մինչև աշուն կիրականացվեն տան ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ ենք, որոնք նախատեսվում ենք ավարտել մինչև տարեվերջ: Դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով»:

Անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներին՝ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ դրանք նույնպես ավարտվել են: «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի նույնպես մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

Օրենսդրական նախաձեռնություն. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել վարչական դատավարության արդյունավետությունը, նվազեցնել Վարչական դատարանի և Վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, երաշխավորել ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը և դատավարական խնայողությունը: Օրենսգրքում ներդրվում են գրավոր ընթացակարգեր: Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, գրավոր ընթացակարգը վարչական դատավարությունում ներդնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ Վարչական դատարանում չափազանց մեծ քանակով վիճարկվում են Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված տուգանքների վերաբերյալ որոշումները: «Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում երկու վարչական դատավարության օրենսգիրք է ընդունվել և գործել, և երկուսով էլ գրավոր ընթացակարգ առհասարակ նախատեսված չի եղել, ինչը մեր գնահատմամբ էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա: Բացի այդ, այն գործերը, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, մեր կարծիքով բանավոր քննության անհրաժեշտություն չկա և կարող ենք սահամանափակվել գրավոր ընթացակարգով: Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն, վերջին տարիներին վիճարկման հայցերը, չորս հայցատեսակ կա վարչական դատավարությունով, ամենաշատը հենց վիճարկման հայցերն են, երբ վիճարկվում են վարչական մարմինների վարչական ակտերը: Շուրջ 566 տոկոսով ավելացել են: Եվ եթե 2018-2020թթ. վիճակագրությունը նայենք, այն գործերը, որոնցով մենք գրավոր ընթցակարգ ենք ներդնում, կազմում է ընդհանուր գործերի 80 տոկոսը և ավելին: Մասնավորապես՝ 2019թ. 7165 դատական ակտ է կայացվել վիճարկման հայցերով և 5755 դատական ակտը վերաբերել է այն հոդվածներին, որոնց մասով առաջարկում ենք գրավոր ընթացակարգ ներդնել: 2020թ.՝ 4957, որից 3247-ը կրկին այս հոդվածներով է: Հետևաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթը և այս իրավախախտումներով գործի քննության համեմատաբար պարզ լինելը, մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում ևս հնարավորություն ընձեռնել ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով»,-նշել է նախարարը:

Ըստ այդմ, նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով, 123.5-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ և 124.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության պարտադիր գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր: Այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսվել է գրավոր ընթացակարգ կիրառելու վարչական դատարանի հայեցողություն: Վարչական վերաքննիչ դատարանին տրված է հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված դատական ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով:

ՀՀ կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Խախտումների վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումների հետ կապված՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «Հայփոստ»-ը ներկայումս աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նամակի իրավաչափ ծանուցման մեխանիզմ ներդնելու ուղղությամբ: «Այս մասով նույնպես արդարադաության նախարարության հետ աշխատանք է տարվում: Այստեղ հարցը կապված է ծանուցված համարվելու փաստը արձանագրելու իրավական հիմքի հետ, և այդտեղ տեխնոլոգիական նորարության հարց կա: Այս պահին, իհարկե, ավտոմատացված համակարգով թղթային տարբերակով ծանուցումներն ուղարկվում են, սակայն այն ամբողջությամբ թվայնացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,-ասել է Հակոբ Արշակյանը:

Այլ որոշումներ. խրախուսվում եմ հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը բավարարել է «ԱԱ տրանզիտ» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2018 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է կարագի և բուսական մարգարինի արտադրությամբ՝ Գյումրիում: Ամսական նախատեսվում է ներմուծել մինչև 650 տոննա կաթնային սերուցք Իրանական մի քանի ընկերություններից: Արտադրանքի հիմնական մասը՝ ամսական 300-450 տոննան, նախատեսվում է արտահանել ՌԴ: ՀՀ տարածքի վաճառքի կանխատեսումը և կնքված նախնական պայմանագրերը կազմում են մոտավորապես 200 տոննա: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 299 մլն դրամի կապիտալ և 41․6 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 6․3 մլրդ դրամ, որից 3․5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է արտահանել ՌԴ։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 45 նոր աշխատատեղ` 290 հազար դրամ միջին աշխատավարձով:

«ԷյԲիՍի տեքստիլ» ՍՊԸ-ի ընկերությունը ևս կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2017 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է սրբիչների արտադրությամբ: Ընկերությունն առաջարկում է սրբիչների մեծ ընտրանի ամենաճանաչված ապրանքանիշերից, որոնք սպասարկում են տարբեր ոլորտներ, ներառյալ՝ տնային, բժշկական, հյուրանոցային և մանրածախ ոլորտները: Ընկերության գործընկերները գրավում են լայն աշխարհագրական դիրք ՌԴ-ում, ԱՄԷ-ում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Օմանում, վերջինիս բիզնես գործընկերները բազմամյա կապ են հաստատել իրենց հաճախորդների հետ՝ ներշնչելով ապրանքների դիզայն և կայուն աճ: Ընկերությունը համապատասխան արտոնագրի ներքո արտադրում և ներկայացնում է այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Cannon-ը, Fieldcrest-ը, Disney-ը, Waverly-ն և Charisma-ն: Ընկերության ապրանքանիշերն են՝ Valentini-ն, Royale-ը, Dream-ը, Savoy-ը և Classic-ը: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 4 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4․3 մլրդ դրամ, որից 730 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2․3 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 1․1 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 76 նոր աշխատատեղ` 160-200 հազար դրամ միջին աշխատավարձով:

Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Մուրադ-սար» ՍՊԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պոլիվինիլքլորիդե պրոֆիլների արտադրության համար (դռների և պատուհանների արտադրություն): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել շուրջ 6 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 41 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 5-10 նոր աշխատատեղ` 350,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 6․5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․1 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 378 մլն դրամ:

  • ՀՀ էկոնոմիկայի նախարարություն. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը բարեփոխվեց, շահառուների ցանկն ընդլայնվեց: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շահառուներին իրենց դիմումի հիման վրա կտրամադրվի վարկերի մարման արտոնյալ 6-ամսյա ժամանակահատված։

Հակաճգնաժամային 25-րդ ծրագրի փոփոխությունների համաձայն՝ զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններն աջակցություն ստանալու համար կարող են դիմել մինչև 2021 թվականին մարտի 14-ը։ Շահառուների ցանկը կհամալրվի մարդատար ավտոմոբիլների, թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթի և լիզինգի դասիչի ներքո աշխատող ընկերություններով:

  • ՀՀ արդարադատության նախարարություն․ Վարչական դատարանում ներդրվում են գործերի քննության գրավոր ընթացակարգեր:

 Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որով նախատեսում ենք գրավոր ընթացակարգ ներդնել մի շարք գործերի քննության համար (դրանք հիմնականում վերաբերում են ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող վարչական իրավախախտումների վիճարկմանը)։ Վարչական արդարադատության շուրջ 13 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործել է վարչական դատավարության երկու օրենսգիրք և երկուսում էլ գրավոր ընթացակարգ նախատեսված չի եղել, ինչը, մեր գնահատմամբ, էականորեն ազդում է դատարանի ծանրաբեռնվածության վրա։

Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման համաձայն` վերջին տարիներին վիճարկման հայցերը շուրջ 566%-ով ավելացել են։ Եվ եթե նայենք 2018-2020 թվականների վիճակագրությունը, այն գործերը որոնց համար ներդնում ենք գրավոր ընթացակարգ, կազմում են ընդհանուր գործերի 80 և ավելի տոկոսը։ Օրինակ՝ 2019 թվականին վիճարկման հայցերով 7 հազար 165 դատական ակտ է կայացվել, որից 5 հազար 755-ը վերաբերել են նշածս գործերին։

Հետևաբար, հիմք ընդունելով այս գործերի բնույթը և այդ իրավախախտումներով գործերի քննության համեմատաբար պարզ լինելը` մենք նպատակահարմար ենք համարում նշված գործերի քննության համար սահմանել բացառապես գրավոր ընթացակարգ ինչպես առաջին ատյանում, այնպես էլ հնարավորություն ընձեռել այդ ակտերի վերանայումը վերաքննիչ դատարանում ևս իրականացնել գրավոր ընթացակարգով: Իսկ վերաքննիչ դատարան, օրինակ 2019 թվականին 5 հազար 755 ակտից բողոքարկվել է 2 հազար 84-ը, որից 35 տոկոսը՝ Ճանապարհային ոստիկանության կողմից։ Այսպիսով, նախագծով առաջարկում են․

  1. Վարչական դատավարության օրենսգրքում ներդնել գործի քննության գրավոր ընթացակարգ,
  2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննել պարտադիր գրավոր ընթացակարգով, եթե առկա չեն գրավոր ընթացակարգը բացառող հիմքեր,
  3. այլ վարչական գործերի քննության դեպքում ևս նախատեսել հնարավորություն վարչական դատարանի համար կիրառել գրավոր ընթացակարգ,
  4. Վերաքննիչ վարչական դատարանին տալ հնարավորություն Վարչական դատարանում գրավոր ընթացակարգով քննության արդյունքում կայացված ակտերի վերանայումն իրականացնել գրավոր ընթացակարգով,
  5. բացառիկ դեպքերում դատական նիստով կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու համար անհրաժեշտ լուծումներ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ սա էականորեն կբերի դատական համակարգի բեռնաթափմանը, ինչպես նաև վարչական դատարանի դատավորների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքները՝ Նախագիծը կառավարության որոշմամբ ճանաչվեց անհետաձգելի: 

  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն․ Կառավարությունը Տավուշի մարզպետարանին տրամադրեց 234 մլն 228 հազար դրամ՝ հուլիսյան հրետակոծությունների հետևանքները վերացնելու համար:

Կառավարությունը Տավուշի մարզպետարանին տրամադրեց 234 մլն 228 հազար դրամ՝ հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար։ Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կհատկացվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պորակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլ դրամ և 89 տների վերականգնման աշխատանքերն ավարտելու համար՝ 161.6 մլն դրամ:

Թեմայի այլ նորություններ