Օրվա ամփոփում․ նոյեմբերի 19-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    87%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 19-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 19-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Նոյեմբերի 19-ին ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։ Նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդյունավետ քայլեր ձեռնակրելու անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։ [ԱՀ ԱԳՆ]
 
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Լավրովը և Լե Դրիանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ իրավիճակը, միջնորդական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանը՝ հակամարտության գոտում ռազմական բոլոր գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման համար: Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական առաջնահերթություններն են ներքին տեղահանվածների ու փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը, մարդասիրական աջակցության ցուցաբերումն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը: [ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայություն] 
 
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին հանձնվող տարածքներում հայ ժողովրդի պատմական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար:[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվան]
 
Կրակի դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի արձանը: Խստորեն դատապարտելի է նաև Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: [ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին]
 
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։ ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։ [ՀՀ ՊՆ]
 
Իտալիայի Ապրիլիայի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ [Իտալիայում Հայաստանի դեսպանություն]
 
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի այն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում եւ հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում: Նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, եւ այս ընթացքում արդեն 130-ից ավելի հայտ է ստացվել: Հինգ նախագիծ արդեն հաստատվել է, սկսվել է դրանց ֆինանսավորումը՝ ընդհանուր 30.050 ԱՄՆ դոլար: [«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամ]
 
Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ բնակչության սոցիալական աջակցության ծրագրերի և ենթակառուցվածքների վերականգնման խնդիրների թեմայով: Նա նշել է, որ օր առաջ պետք է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում, պետք է գործադրել բոլոր ջանքերը բնակիչների վերադարձի կանոնավոր կազմակերպման և անհրաժեշտ գույքով ապահովելու ուղղությամբ: Առաջին փուլում պետք է լուծել ՀՀ տարածքում նրանց կեցության խնդիրները՝ համագործակցելով ՀՀ պետական լիազոր մարմինների հետ: [ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
 
Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Նախարարը հայտնել է, որ արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկի միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որը նախատեսված է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար: Մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը։ Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է, որ Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և հայ ժողովրդին, մանրամասնել է, որ խոսքը կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի մասին է՝ հաշվի առնելով նաև պատերազմի մնայուն հետևանքները: [Սոցապ նախարարարություն]
 
Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո էլ կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալիզմի ենթարկվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում ենք օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները հուշարձանները փրկելու համար՝ դրանց անհրաժեշտ կարգավիճակ տալով և ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ [Ռուսաստանի մշակույթի գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին] 
 
Այսօր այցելեցի Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը: Տիգրանակերտի մասով մեծ ցավ եմ ապրում, որ պատմամշակութային ժառանգությունն ու պատմական ապացույցները որևէ նշանակություն չունեն քաղաքականության ու հայրենատիրության հարցերում: Մենք պարզապես պարտավոր ենք երկարատև պայքարով տեր կանգնելու մեր Հայրենիքին, արժեքներին ու իրավունքներին։ [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան]
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակիցները քննարկել են պատերազմի արդյունքում սոցիալական և քաղաքացիական ենթակառուցվածքների ոլորտներում առկա իրավիճակն ու խնդիրները: Քննարկման հիմնական թեման ՀՀ-ում Արցախից տեղահանվածների, ինչպես նաև արդեն Արցախ վերադարձած անձանց կացարանային ապահովման հետ կապված հարցերն էին: [ՀՀ կառավարություն]
 
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 23-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Բարձրաստիճան ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և երկու երկրների համընդհանուր շահերին վերաբերող խնդիրներ, այդ թվում՝ Սիրիային, Աֆղանստանին վերաբերող թեմաները, ինչպես նաև Պարսից ծոցում տեղի ունեցող վերջին զարգացումները: [ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա]
 
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Կողմերը կարևորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ իրականացվող զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները: [ՀՀ ՊՆ]
 
Արցախում բնակարաններ կորցրած անձինք պետք է մշտական կապի մեջ լինեն համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։՝ Բնակության համար պետք է Արցախ վերադառնալ միայն նշված մարմինների ցուցումով։ Մինչև Արցախ վերադառնալը, ՀՀ-ում կեցության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065։[Արցախի տեղեկատվական շտաբ]
 
Նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Լավրովը շնորհավորեց նախարար Այվազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը: [ՀՀ ԱԳՆ]
 
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով առաջարկվում է պահպանել 2020թ. հունվարի 1-ից հետո գերության մեջ հայտնված զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 75 «կողմ» ձայնով:
 
ՀՀ ոստիկանությունը կրկին կոչում է սթափության և օրինապահության։ Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի՛ դիմեք ու մի՛ տրվեք սադրանքների։ Պահանջում ենք բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները: Հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, այլ գործողությունների դիմողները կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության: [ՀՀ Ոստիկանություն]
 
Չեմ կարծում, որ այն (Ղարաբաղի հարցը) լուծվել է առանց ԱՄՆ-ի մասնակցության, քանի որ երեք համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը հայտնի էր, և մինչև նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրումը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս քննարկվել էր ինչպես նախագահների, արտգործնախարարների, այնպես էլ համանախագահող երկրների հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում մեր արևմտյան գործընկերներին, նրանց ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա ակնհայտ է։ Հետևաբար, նրանք կարևոր քաղաքական դերակատարում են ունեցել պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում։ [ՌԴ ԱԳ նախարար]
 
Facebook-ի «Dawaasuren Nymsuren» էջի օգ­տատերը տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնա­բանություն­ներում տարածում է հայտարարություն, որում ներկայա­նալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսա­կան կառույցի աշխատա­կից՝ աջակցու­թյուն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորու­թյունների կա­տարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆի­նանսական դժվարություն­ների հաղթահարման հարցում: Փաստացի, շահավետ պայմաններով գու­մար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստա­նալ ամբողջական անձ­նական տվյալներ: [ԱԱԾ]
 
ԵՄ-ը բոլոր կողմերին (ԼՂ հակամարտության- խմբ․) կոչ է անում շարունակել խստորեն հարգել հրադադարի ռեժիմը` մարդկային հետագա կորուստները կանխելու նպատակով, տարածաշրջանի բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարի ռեժիմը, կոչ է անում նաև տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին: ԵՄ-ն ուշադիր կհետևի հրադադարի պայմանների իրականացմանը, մասնավորապես՝ կապված մշտադիտարկման մեխանիզմի հետ: [ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ]
 
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [Ոստիկանություն]
 
Գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյուքնում ֆիքսվել է Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: Գլխավոր դատախազի կողմից ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]
 
Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե վարչապետը ՌԴ նախագահի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել, մինչդեռ վարչապետի պաշտոնական կայքում հրապակված են վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին մամուլի հաղորդագրությունները: Վարչապետը իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ։ [ՀՀ վարչապետի խոսնակ]
 
Հակաօդայիններ, ավագ լեյտենանտ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Կամոյի Բաբայանն ու սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը, գրագետ ու ներդաշնակ գործողությունների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ոչնչացրել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: Թշնամական 1 տանկ ոչնչացվել է սերժանտ Արտիկ Ալեքսանի Լալայինի կողմից: Իսկ մայոր Հակոբ Ռուդիկի Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 տանկ: [ՊԲ]
 
Հայաստանը և Ադրբեջանը նոյեմբերի 13-ից փոխանակել են 385 զոհվածների մարմիններ: [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] 
 
ԶՈւ զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները։ Նրանց կողքին են նաև գնդերեցները։ [ՊՆ]
 
Ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ ԶՈՒ կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային և այլ տեխնիկա: Միջոցները բաշխվել են ըստ անհրաժեշտության: Կարևորելով նվիրաբերված միջոցները հետագայում ևս նպատակային կիրառելու անհրաժեշտությունը՝ հորդորում ենք ՊՆ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան։ [ՊՆ]
 
Մեր հոգաբարձուների խորհուրդը որոշել է հավաքագրված գումարի մի մասը փոխանցել կառավարությանը՝ գնումների գործընթացն ավելի արագ և օպտիմալ կատարելու համար։ Պատերազմի այդ պահին շատ էին պահանջները, գնումների կարիքները, հիմնադրամն այդքան մեծ չափի գնումների գործընթացում մտնելու հնարավորություն չուներ։ Կամ էլ պետք է դառնար մեծ նախարարություն՝ հարյուրավոր աշխատակիցներով, ովքեր կսկսեին այդ ծավալի գնումներ կազմակերպել։ [«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն] 
 
Մենք դա (ԼՂ հարցը- խմբ․) քննարկել ենք ֆրանսիացի պաշտոնյաների հետ, կտեսնեք հայտարարությունը, որը ողջունում է ակտիվ ռազմական գործողությունների և բռնությունների ավարտը: Հիմա ունենք հրադադար, որը պահպանվում է առնվազն մի ամբողջ շաբաթ: Դեռ հստակ չգիտենք, թե ինչ համաձայնագիր են մշակել ռուսները: Մենք, ինչպես ֆրանսիացիները, նվիրված ենք Մինսկի համանախագահներին և գործընթացին։ Կարծում եմ, որ այդ գործընթացի մեր ներկայացուցիչները կհանդիպեն այս շաբաթ: [ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ]
 
Տեղեկությունը, թե Շիրակի զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին՝ ցույցերին մասնակցելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Շիրակի զինկոմիսարիատը երեկ համակարգել է արձակուրդից հարավային ուղղությամբ մարտական ծառայության վերադարձող զինվորների փոքր խմբի տեղաշարժը։ [Շիրակի մարզպետարան]
 
Այս պահին խոսքը քաղաքացիական բեռների տեղափոխության թույլտվության մասին է, ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների տարածքով մենք կամ իրենք (Ադրբեջանը- խմբ․) տեղափոխում են իրենց բեռները: Սա նույնիսկ սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է, ոչ մի սմ հողի սուվերենություն չի զիջվել ՀՀ Սյունիքի մարզից, ընդամենը տրվել է թույլտվություն, որ մեր տարածքով քաղաքացիական բեռներ անցկացնեն։ [«Իմ քայլ»-ից Արմեն Եղոյանը՝ Նախիջևանից Ադրբեջան Մեղրիով միջանցք ապահովելու մասին]
 
Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին: «2018 թ․ հետո մենք պետական կառավարման համակարգից դուրս բերեցինք համակարգային կոռուպցիան և օլիգարխիան, բայց չկարողացանք նույնքան արդյունավետ արդեն իսկ այլ տրամաբանության մեջ գոյություն ունեցող համակարգեր ձևավորել: Սրա համար կային օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, որովհետև օրինակ՝ ԱԱԾ-ի դեպքում ինձ համար ամենամեծ մարտահրավերը եղել է այն, որ մի կողմից պետք է այնպես անել, որ համակարգը, կներեք բառի համար, չջարդվի, մյուս կողմից, որ համակարգը համապատասխանի նոր ժամանակների մարտահրավերներին»,- ասել է վարչապետը:
 
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերության մեջ։ Օրենքը հետադարձ ուժ ունենալու է և տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գերության մեջ են: 
 
Կարող էր լինել 2 մոտեցում` անհաջողությունների փուլում ճանաչիենք այն, ինչ մնացել էր (Արցախից- խմբ․), կամ սպասեինք բեկման և, երբ ուժեղ կլինեինք, այդ ժամանակ ճանաչեինք: Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը որոշ բաներ կարող էր փոխել դեպի լավը կամ դեպի վատը: Մենք փասtացի Արցախը ճանաչել ենք, Արցախին, օրինակ, միջպետական վարկ ենք տրամադրում: Չգիտեմ, թե որքանով դե-յուրե Արցախի ճանաչումը կազդեր մարտական գործողությունների կամ Արցախի հետագա ճանաչման գործընթացի վրա: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյան]
 
Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին և շնորհակալություն հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: Արա Այվազյանը նշել է, որ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ:
 
ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ին եղել է առաջարկ թույլ տալ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները: Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ծանր է ռազմաճակատում, համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը գումարել է նաև Շուշին: Հայկական կողմը քննարկել է և մերժել՝ որոշում կայացնելով շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Մեզ համար դա անընդունելի էր, քանի որ եթե Շուշիի 80 տոկոսն ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին: [ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյան]
 
Վարչապետի որոշմամբ՝ Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ։
 
Ռազմական դրության մասին նախագիծ բերել է Կառավարությունը, մենք այն ընդունել ենք գործադիրի գնահատականով և որոշմամբ, այս պահին նրանց կողմից չունենք ազդակ, որ այն պետք է չեղարկել, ուստի այդ նիստին չենք մասնակցելու: [ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյան]
 
Նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 121979 դեպք, որոնցից 88388-ն` առողջացած, 1870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31243 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 475986 թեստավորում: Երեկ կատարվել է 3796 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1520 նոր դեպք: Ունենք 8319 առողջացած և 31 մահվան դեպք:
 
Անդրանիկ Քոչարյանը անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում։ Օրինակ՝ պատերազմի ընթացքում ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների կիրառության մասին գերզգայուն հարցադրումները պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ փակ դռների ետևում քննարկելու փոխարեն պարոն Քոչարյանն անում է հրապարակային հարցադրումներ, որոնց պատասխանները, այս պարագայում, գաղտնիք են հանդիսանում։ Ի՞նչ է ակնկալում Անդրանիկ Քոչարյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները գաղտնիք են։ [ՊՆ]
 
Երեկ ՀՀ տարածքից ԼՂ է վերադարձել ևս 936 փախստական: Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է արդեն վերադարձել ավելի քան 2600 բնակիչ, որոնք նախկինում լքել են իրենց տները։ [ՌԴ ՊՆ]
 
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
 
Եթե հիշենք կորոնավիրուսի հետ կապված ամառային փոքրիկ բարելավումը, միևնույն է, այդ ժամանակ ևս առողջապահական համակարագի վիճակը բարդ էր: Դրա հետ մեկտեղ, եթե անդրադառնանք կոնկրետ բուժօգնություն ստացող քաղաքացիներին՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին, պատերազմի հետևանքով վիրավորվածներին, ապա մենք մինչ օրս էլ կարողացել ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել: Մի բան ակնհայտ է` առողջապահական համակարգն աշխատում է սահմանային վիճակում: Այսինքն՝ սրանից ավելի ռեսուրս՝ լինի մարդկային, մահճակալային, սարքավորումային, ինչու ոչ ֆինանսական, հնարավոր չէ գործնականում ավելացնել: [Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան] 
 
Հայաստանի համար դժվար ժամանակներ են։ Աշխարհաքաղաքականությունն իրենն անում է: Բռնակալներն և բարբարոսները այժմ բարձրաձայնում են այդ մասին: Բայց ես կասկած չունեմ իմ ժողովրդի ուժի, տոկունության և իմաստության վրա: Մենք միասին կբարձրանանք, կվերականգնվենք և կշարունակենք ապրել հպարտությամբ ու արժանապատվությամբ: Աստված օրհնի Հայաստանը։ [ԱԳՆ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյան]
 
Այսօր Փարիզի քաղաքապետարանի կողմից ԱՀ ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ: Այն ստորագրել են Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը: [Արցախի ԱԳՆ]
 
Այսօր Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողների հարազատներին փոխանցել է, որ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են, համապատասխան կառույցների հետ համատեղ ԶՈւ ներկայացուցիչներն իրականացնում են տվյալների հավաքագրման աշխատանքներ։

Թեմայի այլ նորություններ