ՀԿ-ները մտահոգված են, օրինագծի հեղինակները՝ հանգիստ. ինչ է փոխվել և ինչ տեսքով կընդունվի «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    19 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    19 կմ/ժ
  • Լոռի 12°C
    54%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    9 կմ/ժ
  • Արարատ 19°C
    27%
    20 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    72%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    67%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    33%
    23 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

ՀԿ-ները մտահոգված են, օրինագծի հեղինակները՝ հանգիստ. ինչ է փոխվել և ինչ տեսքով կընդունվի «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը

ՀԿ-ները մտահոգված են, օրինագծի հեղինակները՝ հանգիստ. ինչ է փոխվել և ինչ տեսքով կընդունվի «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը

Մի շարք լրագրողական կազմակերպություններ «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Ըստ հայտարարության տակ ստորագրած կազմակերպությունների՝ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը «խոր մտահոգության տեղիք է տալիս»։ «Այն ոչ միայն միտված չէ հեռարձակման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, այլ նաև խիստ թերի է՝ կիրառված սկզբունքների և մոտեցումների, դրանց ձևակերպումների առումով։ Օրինագծում նախատեսվում է հանրային մուլտիպլեքսով վերգետնյա հեռարձակման համար լիցենզավորման անարդյունավետ մրցութային կարգ, չեն ապահովվում մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման իրատեսական մեխանիզմներ, չեն լուծվում մարզերում գործող, բայց թվայնացումից դուրս մնացած մոտ 10 տեղական հեռուստաընկերությունների խնդիրները, չի ստեղծվում հանրային հեռարձակողի բարեփոխումների հնարավորություն և այլն»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ որոշ լրագրողական կազմակերպություններ մի քանի տասնյակ առաջարկություններ են ներկայացրել փաստաթղթի հեղինակներին, և դրանց մեծ մասը ընդունվել է, այդուհանդերձ ակնհայտ է, որ նախագիծը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին և չի լուծում ոլորտի առանցքային խնդիրները։ «Հիմնական պատճառն այն է, որ օրինագիծը կառուցված է խնդրահարույց հայեցակարգային հիմքերի վրա և այդ առումով վերանայման կարիք ունի»,- ասված է հայտարարության մեջ։

Լրագրողական կազմակերպությունները խնդրահարույց են համարում նաև այն, որ փաստաթղթի հեղինակները չցանկացան անսալ իրենց հորդորներին և ուղարկել նախագիծը միջազգային փորձաքննության՝ Եվրոպայի խորհուրդ և/կամ ԵԱՀԿ։ Սակայն հայտարարություն տարածած լրագրողական կազմակերպությունները կոչ ենք արել «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության, լիցենզավորման հերթական մրցույթները հետաձգելու նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքում, ինչպես նաև հեռարձակման ոլորտի զարգացման հայեցակարգ և դաշտը կարգավորող նոր օրենք մշակելու նպատակով նախաձեռնել քննարկումներ և ձևավորել աշխատանքային խումբ՝ ԱԺ պատգամավորների, լրագրողական կազմակերպությունների, հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների մասնակցությամբ։

 

Նշենք, որ օրինագիծն առաջին ընթերցումից հետո ենթարկվել է բավական փոփոխությունների, լրամշակվել է և երկրորդ ընթերցման այն ներկայացվելու է բոլորովին նոր տեսքով։ Մասնավորապես, օրինագծի համահեղինակների խոսքերով՝ կարևոր փոփոխություններից է հեռարձակողների կողմից էթիկայի կանոնագրի կազմումն ու կարգավորող պետական մարմին ներկայացնելը, որը հանդիսանալու է լիցենզիայի պայման: Այն լինելու է հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ սեփական էթիկական նորմերի վերաբերյալ:

Կարգավորող պետական մարմնին տրվում է լիազորություն՝ ստուգելու հեռարձակողի կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված էթիկայի կանոնագրի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Հեռարձակողները նաև հայտին կցում են փաստաթուղթ՝ հեռարձակողի նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ, որը նույնպես լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանա լիցենզիայի պայման: Նշված պայմանների խախտումը կհանգեցնի պատասխանատվության:

Նախատեսվել է սահմանափակում հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը 25 տոկոսից գերազանցելու վերաբերյալ: Այսինքն` հեռարձակողը քաղաքական կամ այլ՝ ոչ տեսալսողական բիզնեսի դրդումներով չի կարող նույն թեմայի կամ անձի վերաբերյալ լուսաբանել:

Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը իրենց վերգետնյա հաճախությունների սփռման տարածքներին համապատասխան տարածման իրավունքով անվճար տրամադրվելու են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց՝ անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Ընդ որում` ծրագրերի հերթականությունը սկսվելու է Հանրային հեռարձակողների ծրագրերից: Այսինքն՝ որպես օրինակ, «Ռոստելեկոմը» չի կարող չտարածել «Արմենիա» հեռուստաընկերության արտադրանքը, կամ «Յուքոմը»՝ «Շանթ»-ի արտադրանքը:

Այլևս հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողի տեսալսողական ծրագիրը սփռման ամբողջ տարածքում որևէ ձևով չի կարող փոփոխվել: Այսինքն` որևէ հեռարձակող չի կարող ամբողջ հանրապետության տարածքում հեռարձակել մի ծրագիր, սակայն մի մարզի տարածքում՝ այլ ծրագիր:

Օրինագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը և բարձրացրած մտահոգություններին, նկատեց, որ սկզբունքորեն ՀԿ սեկտորից եկող ցանկացած հայտարարության կամ քննադատության դրականորեն են վերաբերում, դրանք միշտ օգտակար են ինչ-որ պարագայում: «Վերջին հայտարարության մասով առնվազն կարող եմ ասել, որ շնորհակալ եմ, որ այն արվեց օրենքի նախագծի ընդունումից ընդամենը մի քանի օր առաջ՝ ըստ էության այն ժամանակ, երբ այդ հայտարարության մեջ նշված պահանջը կատարելն այլևս տեսականորեն նույնիսկ անհնար էր: Դա մեզ տրված հնարավորություն էր այդ պահանջը կտրականապես մերժելու: Օրենքի նախագծի մասով կարող եմ ասել, որ ՀԿ սեկտորի ներկայացուցիչներն էլ իրենց հոգու խորքում, կարծում եմ, գիտեն, որ խորքային մտահոգությունների կարիք չկա, և նախագիծն, այնուամենայնիվ, լուծում է ոլորտի մի շարք առանցքային խնդիրներ, այլ հարց է՝ թե ինչ հայեցակարգով»,- ասաց Թևոսյանը՝ հավելելով, որ, ի սկզբանե ՀԿ սեկտորի ներկայացրած և իրենց որդեգրած հայեցակարգերը չեն համընկել միմյանց հետ, և դա բազմիցս քննարկվել ու բացատրություններ են տրվել այդ մասին:

«Ընդ որում, մեզ ներկայացվող հայեցակարգն անընդունելի էր ավելի շատ դրա կիրառման անհնարինության պատճառով, ինչի մասին նույնպես բազմաթիվ զրույցներ ու քննարկումներ են եղել: Կարող եմ ասել, որ հայտարարության հեղինակ կազմակերպություններից մի քանիսի ղեկավարների հետ այս նախագիծը գրելիս ես ավելի շատ եմ շփվել, քան կառավարության կամ կարգավորող մարմնի մեր գործընկերների հետ, առաջարկությունների 90 տոկոսից ավելին ընդունել ենք, իհարկե, այս հայեցակարգի շրջանակում: Իրենց՝ կազմակերպություններին, շատ դրականորեն եմ վերաբերվում և համարում եմ գործընկերներ, բայց նույնիսկ գործընկերների միջև կարող են լինել լուրջ հայեցակարգային տարաձայնություններ: Նորմալ է»,- ընդգծեց պատգամավորը։

Մեր դիտարկմանը՝ հայտարարության հեղինակ կազմակերպությունները խնդիր են տեսնում նաև նրանում, որ նախագիծը չուղարկվեց միջազգային փորձաքննության և կոչ են անում նախագիծը հանել շրջանառությունից և ուղարկել միջազգային փորձաքննության, Թևոսյանը նկատեց, որ ինքը, եթե լիներ հայտարարության հեղինակների եվրոպական գործընկերների փոխարեն, շատ կտարակուսեր, եթե նման հայտարարություն չհնչեցվեր: «Դա ՀԿ-ների աշխատանքի մի մասն է, եթե հայտարարությունը չլիներ, գուցե նշանակեր, որ ՀԿ-ներն իրենց գործը լավ չեն կատարում: Այո՛, նախագիծը միջազգային փորձաքննության չի ուղարկվել, փոխարենը դրա վրա աշխատել են տասնյակ տեղական փորձագետներ, որոնք լավ տեղյակ են միջազգային փորձից և ունեն իրավական ակտերի հետ աշխատանքի նախանձելի հարուստ պրակտիկա: Ուսումնասիրվել և օգտակար են եղել նաև հետխորհրդային այնպիսի երկրների օրենքներ, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան: Օգտագործվել է նաև եվրոպական փորձագետների կողմից իրականցված կարիքների գնահատման փաստաթուղթը, որի ստացման ուղղությամբ մեծ օժանդակություն են ցուցաբերել նույն ՀԿ-ները»։

Վահագն Թևոսյանը ընդունեց, որ նախագծի ստեղծման «անմարդկային արագ տեմպը» պայմանավորված է նրանով, որ մոտենում են մրցութային ժամկետները: Այդ մասին բազմիցս խոսվել է: Եվ իրենք չեն պատրաստվում փոփոխություններով երկարաձգել գործող օրենքը։ Փոխարենը նոր օրենքը տարեցտարի ավելի կբարելավվի։ «Բայց նախագծի ներկա տարբերակը, կարծում եմ, բավարար մշակված է այս պայմաններում լավ օրենք դառնալու համար»,- եզրափակեց օրինագծի համահեղինակ պատգամավորը։

Աղբյուր՝ 1in.am

Թեմայի այլ նորություններ