Ղազախստանում իրավիճակը չի կայունանում. ՆԳՆ-ն հայտարարել է, որ անխնա կոչնչացվեն զենքը վայր դնելու պահանջին չենթարկվող ցուցարարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    66%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    88%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    79%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Ղազախստանում իրավիճակը չի կայունանում. ՆԳՆ-ն հայտարարել է, որ անխնա կոչնչացվեն զենքը վայր դնելու պահանջին չենթարկվող ցուցարարները

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկարգությունների այն մասնակիցները, ովքեր կդիմադրեն զենքերը վայր դնելու պահանջներին, կոչնչացվեն, հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։

«Զենքը վայր դնելու օրինական պահանջներին զինված դիմադրության դեպքում նրանք ոչնչացվելու են»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ղազախստանի շրջաններում ուժեղացվել է ոստիկանների և ազգային գվարդիայի ջոկատների պարեկությունը, տեղադրվել են անցակետեր, ձերբակալվում են իրավապահ մարմինների պահանջները չկատարող իրավախախտները, հայտնաբերվում և բերման են ենթարկվում հանցագործություններ կատարած անձինք:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, և տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հակաահաբեկչական շտաբի նիստից հետո հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Իրավապահ ուժերը քրտնաջան աշխատում են: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է»:

Ալմաթիի Հանրապետության հրապարակում ցուցարարների մի խումբ բարիկադավորվել է «Միր» հեռուստաալիքի շենքում, տեղեկացնում է Хабар 24-ը։

Կան զոհեր, մահացածների մարմիններն ուղղակի ընկած են փողոցում։

Տեղեկացվում է, որ ամբողջ գիշեր քաղաքում լսվել են կրակոցներ, որոնք այժմ էլ տեղ-տեղ կարելի է լսել Ալմաթիում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում ակիմատների (քաղաքապետարաններ) եւ ոստիկանական բաժանմունքների բոլոր շենքերը վերցված են իրավապահ մարմինների հսկողության ներքո։

Ավելի վաղ՝ հունվարի 6-ին, տեղեկացվել էր, որ ցուցարարների ամբոխը մտադիր է նորից գրոհել Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտի շենքը։ Ընդ որում՝ մեկ որ առաջ Ալմաթիում ցուցարարները փորձել էին զավթել ներքին գործերի դեպարտամենտը, ինչպես նաեւ  Աուեզի  ներքին գործերի շրջանային բաժանմունքի շենքը։

Նրանց հաջողվել էր ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ վերցնել Ալմաթիի օդանավակայանը եւ ջարդարարություն իրականացնել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցուցարարները հեռացել են օդանավակայանից, ուժայինները հատուկ գործողություն են իրականացնում։

Բացի այդ, Ալմաթիում ցուցարարները ներխուժել էին քաղաքապետարան, հրկիզել դատախազության շենքը, ինչպես նաեւ կառավարող կուսակցության գրասենյակը։ Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը նույնպես զավթվել էր։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ուժայինններն ազատել են պետական բոլոր հաստատություններն Ալմաթիում։

«Երկրի բոլոր շրջաններում: Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը: Բայց ահաբեկիչները շարունակում են զենք օգտագործել և վնասել քաղաքացիների գույքը: Ուստի հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների լիակատար ոչնչացումը»,- ասել է Տոկաևը։

Նիստին մասնակցել են նաև ՆԳ և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը։ «Ինչպես հաղորդել են անվտանգության գերատեսչությունների ղեկավարները, ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները սկսել են ժամանել Ղազախստան՝ օգնելու կարգուկանոն հաստատելու և ռազմավարական օբյեկտներում պահպանություն ապահովելու հարցում »,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։

Ղազախստանի նախագահը նաև մի շարք հրամաններ է արձակել երկրում իրավիճակի հետագա կայունացման համար։

Միացյալ Նահանգները հարցեր ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Ղազախստան ուժեր ուղարկելու վերաբերյալ: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը և հավելել, որ Կենտրոնական Ասիայի հանրապետության իշխանություններն ունեն սեփական ռեսուրսները:

«Վաշինգտոնը Նուր-Սուլթանին իրավունք է վերապահում խոսել Ղազախստանի տարածքում օտարերկրյա ուժերի տեղակայման վերաբերյալ»,-հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Եվրամիությունն էլ կոչ է արել Ռուսաստանին հարգել Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը՝ նկատի ունենալով զանգվածային բողոքները ճնշելու համար հանրապետություն ռուսական օդադեսանտային զորքեր ուղարկելը, գրում է DW-ն։

«Բռնությունը պետք է դադարեցվի: Մենք զսպվածության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կոչ ենք անում բոլոր կողմերին։ ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է աջակցել երկխոսությանը երկրում»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։

Անդրադառնալով Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ժամանանմանը, Բորելը նշել է, որ  դա  «հիշողություններ է արթնացնում, որոնցից պետք է խուսափել»։

Բորելի այս խոսքերին անդրադարձել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.

«Ինչպես ասում են՝ փչացած ժամացույցն էլ է օրը երկու անգամ ճիշտ ժամը ցույց տալիս։ Բորելը իրավացի է. պետք է խուսափել ծայրահեղականության ազատությունից և պետք է հիշել այդ մասին»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

Համեմատաբար երկար գիշերային լռությունից հետո Ալմաթիի կենտրոնական հրապարակում դարձյալ ինտենսիվ կրակահերթ է սկսվել:

Ինչպես հայտնում են Ղազախստանի հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից, իրավապահ մարմինները պահպանում են հասարակական կարգը, ազատում կենտրոնական փողոցները։

Ղազախստանի իշխանությունները ողջ հանրապետությունում սահմանել են ահաբեկչական սպառնալիքի կրիտիկական՝ կարմիր մակարդակ։ Այս մասին ուրբաթ հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունից։

«2022 թվականի հունվարի 6-ին Նուր-Սուլթան քաղաքում Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Երմեք Սագիմբաևը անցկացրել է ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական ​​օպերատիվ շտաբի (ROSH) խորհրդակցություն: Երկրի բոլոր շրջաններում հաստատվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ»,- մեջբերում է գերատեսչությանը Kazinform գործակալությունը։

Այդ կապակցությամբ պետական ​​մարմինների առաջին ղեկավարները միջոցներ են ձեռնարկել՝ ուղղված երկրում իրավիճակի կայունացմանը և անհատին ու պետությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիքի վերացմանը։

Ինչպես նշում է ղազախական Tengrinews գործակալությունը, ահաբեկչական վտանգի կարմիր մակարդակի հաստատման ընթացքում հատուկ ծառայություններին թույլատրվում է խուզարկել անհատներին, նրանց իրերը, տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել դրանց տեղաշարժը։ Բացի այդ, թույլատրվում է ազատ մուտք գործել բնակելի և այլ տարածքներ։ Կարող է ձեռնարկվել նաև հեռահաղորդակցության ուղիներով փոխանցվող խոսքի և այլ տեղեկատվության վերահսկում։ Ենթադրվում է նաև հատուկ ծառայությունների ողջ անձնակազմի լիարժեք մոբիլիզացիա և մարտական ​​պատրաստականություն, ինչպես նաև անվտանգության միջոցառումների ուժեղացում։

Թեմայի այլ նորություններ