Եթե դավաճանություն է եղել, ինչու ԱԱԾ նախկին տնօրենը հանցագործության մասին հաղորդում կամ հրաժարական չի տվել. Վարչապետի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին. ՄԱՍ II. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Եթե դավաճանություն է եղել, ինչու ԱԱԾ նախկին տնօրենը հանցագործության մասին հաղորդում կամ հրաժարական չի տվել. Վարչապետի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին. ՄԱՍ II. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ազատություն» ռադիոկայան - Ասում են՝ կա աքսիոմ, որ պարտված վարչապետը պետք է հեռանա: Անկախ նրանից՝ ի՞նչ օբյեկտիվ պատճառներում  է եղել այդ պարտությունը, անկախ բոլոր հանգամանքներից, անկախ 30 տարվա ընթացքում տեղի ունեցածից, պարտությունը եղել է Ձեր ժամանակ, Դուք եք եղել հայտարարությունն ստորագրողը: Պարտված վարչապետը պետք է հեռանա: Սա են պնդում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն այդ հարցին պատասխանեցի: Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա՞, թե՞ չհեռանա, հարցն այն է, թե ով է որոշում, թե ո՞վ է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի: Եվ, իմիջիայլոց, մեղավոր, անմեղ, պատասխանատու, ոչ պատասխանատու՝ ո՞վ է դատավորը, ո՞վ պետք է լինի դատավորը: Հենց այդ եմ ասում: Այսօր այդ տեսակետն առաջ մղողների 75-80 տոկոսն այն մարդիկ են, ովքեր 2018 թվականի հունիսից ասում են, որ վարչապետը պետք է հեռանա, կառավարությունը պետք է հրաժարական տա: Նրանց համար, ըստ էության, ոչ մի բան չի փոխվել: Այդ նույն ուժերը, ասենք, 2019 թվականի դեկտեմբերին ի՞նչ էին ասում, այդ նույն ուժերը 2019 թվականի գարնանը ի՞նչ էին ասում, այդ նույն ուժերը 2018 թվականի դեկտեմբերին ի՞նչ էին ասում: Ասում էին նույն բանը:

«Ազատություն» ռադիոկայան –  Լավ, պարոն վարչապետ: Արտահերթի թեման փակելով՝  Դուք ակնարկել եք մի քանի անգամ, որ, այո, գնում է ձեր ուժը, ու մենք տեսնում ենք «Ընտրական օրենսգրքի» շուրջ քննարկումներ, «Կուսակցությունների մասին» օրենքի շուրջ, բայց հստակ չի ասվել, որ, այո, լինելու է արտահերթ: Հիմա կարող եք դա ասե՞լ՝ եթե այո, ապա ե՞րբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չէ, գիտեք, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ: Դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն:

«Ազատություն» ռադիոկայան - Ո՞ւմ հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ, և պետք է ձեռք բերվի համաձայնություն:

«Ազատություն» ռադիոկայան - Ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ասում է՝ մենք միայն մի հարցով ենք պատրաստ Ձեզ հանդիպել՝ Ձեր հրաժարականի պայմանները քննարկելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես ասում եմ՝ ինչո՞ւ նրանք չեն պահանջում, և ինչո՞ւ նրանք չեն խոսում արտահերթ ընտրությունների մասին: Ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունում: Հարցը իմ հրաժարականի և ոչ հրաժարականի թեման չէ: Հարցն այն է, թե ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանում: Ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրաժարականը և հրաժարականին կարող է հասնել միայն ժողովուրդը, միայն ժողովուրդը՝ ապացուցելի կամարտահայտման միջոցով: Այսինքն՝ ի՞նչ է փորձ արվում անել: Փորձ է արվում ժողովրդից խլել իշխանություն ձևավորելու մանդատը, իրավունքը և այդ մեկ տարին օգտագործել՝ ըստ էության ընտրակեղծարարության մեխանիզմները վերականգնելու և հետագայում հանգիստ գործարկելու համար: Ես էլի եմ ասում՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր պահանջում են հրաժարական չտալ: Ի վերջո, այդ մարդկանց ձայնը ես պիտի՞ լսեմ, թե՞ պիտի արհամարհեմ:

 

«Ազատություն» ռադիոկայան - Ամեն դեպքում արտահերթն ինչպե՞ս է լինելու: Դուք տալու եք հրաժարական, և երկու անգամ վարչապետ չի ընտրվելու, թե այլ մեխանիզմ: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետությունում արտահերթ ընտրություն անցկացնելու այլ մեխանիզմ ուղղակի գոյություն չունի:

«Ազատություն» ռադիոկայան - Անվստահության տարբերակ կա նաև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Արտահերթ ընտրություն անցկացնելու այլ մեխանիզմ գոյություն չունի: 2018 թվականին այդ սցենարը կիրառվել է, և Հայաստանի Սահմանադրությամբ գործող այլ մեխանիզմ պարզապես գոյություն չունի:

«Ազատություն» ռադիոկայան - Իսկ դուք ժամկետները պատկերացնո՞ւմ եք, պարոն վարչապետ: Օրինակ, ընդդիմությունն ասում է՝ մեկ տարի հնարավոր չէ: Դուք կարծում եք՝ հաջորդ մեկ տարում հնարավո՞ր է, օրինակ, ամռանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կարծում եմ, որ դա ոչ թե ժամկետի հարց է, այլ իրադրության հարց: Այսինքն՝ խնդիրը ժամկետը չէ: Պարզ է, որ ընթացակարգային որոշակի ժամկետներ գոյություն ունեն: Դրանք Սահմանադրությամբ և օրենքով սահմանված են, բայց խնդիրն ավելի շատ իրադրության մասին է: Ինչո՞ւ, օրինակ, հենց հիմա արտահերթ ընտրություններ հնարավոր չեն կամ չարժե անել: Մի պարզ պատճառով, որովհետև արդեն ասացի՝ կա գերիների չլուծված հարց, կան որոնողական աշխատանքներ, որոնք ահավոր դժվար են գնում և հասկանալի պատճառներով, այդ թվում՝ Հայաստանի ներքին իրավիճակը լարելու համար Ադրբեջանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում այդ աշխատանքների համար: Իսկ այդ արտահերթ ընտրությունների ընթացքում քարոզարշա՞վ է տեղի ունենալու: Բա այդ հարցերն ի՞նչ են լինելու: Ո՞վ է զբաղվելու այդ հարցերով:

«Ազատություն» ռադիոկայան – Եթե թույլ կտաք, անցնենք առաջ, քանի որ շատ են հարցերը: Ձեզ մեղադրում են դավաճանության մեջ՝ տարբեր խմբեր, պարոն վարչապետ: Վերջերս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հրապարակեց տեղեկություն՝ պնդելով, որ 2018-ի հոկտեմբերին Դուբայում ԱԱԾ նախկին տնօրենը հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչին և ստացել ինչ-որ փակ ծրար, որում առաջարկվել է 5 միլիարդ դոլար՝ Արցախին հարակից 7 շրջանների դիմաց: Ի՞նչ կասեք այս մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ, այդ կապի մասին ժամանակին ես հայտարարել եմ հրապարակային: Բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ, և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո: Այսինքն՝ այդտեղ որևէ գաղտնիք ընդհանրապես չի եղել: Երկրորդը, ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ, և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա, այսինքն՝ ինչո՞ւ ցուցմունք, թող հրապարակային պարզաբանումներ տա:

«Ազատություն» ռադիոկայան - Նաև խոսել է այդ մասին, ասել է՝ այո, եղել է նման բան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եղել է և Ազգային անվտանգության ծառայության տնօրենն առնչվել է դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի՞ հարուցել և ձերբակալելու փորձ չի՞ արել դավաճանին: Ուրեմն ինքն է դավաճան, կամ առնվազն համադավաճան: Կամ, ենթադրենք, ինքը վարչապետին ենթակա մարմնի ղեկավար էր՝ հանցագործության մասին հաղորդում չի՞ տվել Հատուկ քննչական ծառայություն կամ Դատախազություն, կամ այդ պահին հրաժարական չի՞ տվել, չի՞ գնացել, ասուլիս արել, ասել՝ վայ, դավաճանություն է տեղի ունենում: Դա հո ասելո՞վ չէ:

Ես համաձայն եմ՝ եկեք պարզ, բաց, թափանցիկ քննություն անենք, տեսնենք՝ ո՞վ է դավաճան, և ո՞վ դավաճան չէ: Կամ ասում են՝ 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը և հողերը վաճառել է: Հետաքննություն արեք: Ես պատրաստ եմ, ես ժամանակին, իմիջիայլոց, այդ առաջարկը բոլորի համար եմ արել՝ թուղթ ստորագրել, լիազորագիր տալ, որ գնան, ամբողջ աշխարհում իմ և իմ ընտանիքի ունեցվածքն ստուգեն: Թող ստուգեն իմ՝ վարչապետ եղած ժամանակում իմ ընտանիքի նյութական վիճակը արդյոք որևէ կերպ բարելավվե՞լ է, որևէ կերպ:

«Ազատություն» ռադիոկայան - Պարոն վարչապետ, Ձեր հրաժարականը պահանջողները՝ որպես հիմավորում, բերում են նաև Ադրբեջանի նախագահի որոշ հայտարարություններն անձամբ Ձեր հասցեին, որոնք վիրավորական, ծաղրական բնույթ ունեն և ասում են՝ սրանից հետո ինչպե՞ս եք գնալու նստեք այդ մարդու դիմաց, մեկ սեղանի շուրջ, և Հայաստանն արժանապատվորեն ներկայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է Ադրբեջանի նախագա՞հը, այսինքն՝ Ադրբեջանի նախագա՞հն է որոշում, թե ով լինի: Իսկ գուցե Ադրբեջանի նախագահը միանգամից ասի՝ ո՞վ է վարչապետի իրենց թեկնածուն: Ի՞նչ վատ գաղափար է որ: Ադրբեջանի նախագահը թող ասի՝ այսինչ մարդը, կարծում եմ, հարմար թեկնածու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ լինելու համար, իր հետ արժանապատիվ բանակցություններ ես կվարեմ: Իսկ կարո՞ղ է համաձայնեցված է արդեն Ադրբեջանի նախագահի հետ վարչապետի միասնական թեկնածուն: Կարո՞ղ է վարչապետի միասնական թեկնածուն ոչ միայն Հայաստանի ուժերի վարչապետի միասնական թեկնածու է, այլ ներառյալ Ադրբեջանի նախագահի միասնական թեկնածու է:

Ընդ որում, ես սա այսպես կիսազավեշտական եմ ասում, բայց էլի ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը մի հանգամանքի վրա, որ արդեն բավական երկար ժամանակ, ընդ որում՝ երկար ամիսներ, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի ընդդիմադիր որոշ շրջանակների ասելիքը ճշգրիտ նույնն են: Երբեմն ակնհայտ է, որ, այսպես, փոխանցումներով են խաղում կամ աշխատում իրար հետ: Ես հենց դա եմ ասում, ասում եմ, որ այս պրոցեսի մեջ կա ուղղակի սպառնալիք պետականությանը: Որովհետև այդ խոսույթով մարդիկ ի՞նչ են ասում՝ ըստ էության, ասում են, որ Ադրբեջանի նախագահի կարծիքը վճռական նշանակություն ունի, թե ով լինի Հայաստանի վարչապետ: Դե թող միասնական ասեն՝ մենք համաձայնեցրել ենք այդ բոլոր հարցերը, թե ոնց ենք միասնական արժանապատիվ բանակցություններ վարելու:

«Ազատություն» ռադիոկայան - Գանք բանակցություններին, պարոն վարչապետ: Ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը: Ադրբեջանի նախագահն ասում է՝ նման հարց չկա օրակարգում, հակամարտությունը կարգավորված է: Մինսկի խմբին մենք տեսանք, ինչպես ընդունեց, բավական սառը, մեղմ ասած: Ի՞նչ է լինելու, ի վերջո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դե գիտեք, ի վերջո, բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս չի կարող լինել: Միշտ է ասել: Բայց դրա արդյունքում բանակցությունները, միևնույն է, շարունակվել են, և բանակցային գործընթաց տեղի է ունեցել: Եվ էլի ես վերադառնում եմ նույնին. ի՞նչ պետք է մենք անենք՝ պետք է կայունացնենք իրավիճակը: Պետք է կայունացնենք իրավիճակը, և դա հեշտ չի լինելու: Եվ պետք է բոլորս կենտրոնանանք իրավիճակը կայունացնելու վրա, որպեսզի հնարավոր լինի այդ հարցերը, այդ օրակարգը...:

  Տեսեք, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկան Երևան, ըստ էության, հարցեր, որ մենք իրենց հետ քննարկեցինք, հետևյալն էին՝ որ բովանդակային հարցեր քննարկելուց առաջ պետք է հումանիտար հարցերը լուծվեն՝ գերիների փոխանակման, որոնողական աշխատանքների հարցերը լուծվեն, որպեսզի մենք ըստ էության քննարկումներ ունենանք համանախագահների հետ: Որովհետև այս պայմաններում, երբ հումանիտար բազմաթիվ հարցեր կան չլուծված, ըստ էության բանակցությունների մասին խոսք դժվար, շատ դժվար կլինի: Շատ դժվար կլինի: Իսկ կարգավիճակի հետ կապված մեր տեսլականը ես իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի առաջին կետում ձևակերպել եմ:

«Ազատություն» ռադիոկայան - Դուք պատրաստվո՞ւմ եք այդ սպասվող բանակցություններում բարձրացնել Հադրութի շրջանի խնդիրը, օրինակ, և ԼՂԻՄ-ի այն հատվածների խնդիրը, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք բոլոր հարցերը, որոնք կարևոր են Արցախի հետագա բնականոն կենսագործունեության համար, պատրաստվում ենք, իհարկե, բարձրացնել:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, երբ Ձեր ուղղությամբ քննադատություն է հնչում, նաև շատ է օրինակ բերվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պարզաբանումը պատերազմից հետո: Մասնավորապես, նրա փոխանցմամբ՝ դեռ հունիս ամսին Ձեզ զեկուցվել էր, որ ամեն գնով պետք է խուսափել պատերազմից, քանի որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Ունենալով այս տեղեկությունը, պարոն վարչապետ՝ ինչո­՞ւ Դուք հուլիսին Տավուշում գնացիք իրավիճակի սրման ճանապարհով: Ինչո՞ւ այդ փոքր հաջողությունը Սարդարապատում ներկայացրեցիք որպես նշանակալի ձեռքբերում: Ինչո՞ւ էր ձեր պաշտպանության նախարարը խոսում «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևով, ինչո՞ւ էր Սևրի պայմանագրի մասին հիշատակվում: Ինչո՞ւ գնալ այս քայլերին, երբ Ձեզ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ասում է՝ մենք պատերազմի պատրաստ չենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք ինչ, մենք պետք է հասկանանք պատերազմից խուսափելու գինը. ի՞նչ գին էինք մենք պատրաստ վճարել պատերազմից խուսափելու համար: Բանակցային գործընթացը, ըստ էության, հասել էր մի կետի, երբ իրականության մեջ Ղարաբաղի 7 շրջանների վերադարձը դրվում էր որպես առաջնային հարց: Եվ պատերազմից խուսափելու տարբերակը, ըստ էության, Ղարաբաղի հետագա կարգավիճակից հրաժարվելն էր: Եվ մեզ առաջնորդում էր այն պարզ գիտակցումը, որն այսօր գործնականում ապացուցվում է՝ որ ցանկացած բան, որն ընդունելի է դառնում Հայաստանի համար, անընդունելի է Ադրբեջանի համար, և Ադրբեջանը ամեն անգամ բարձրացնում է իր պահանջների նշաձողը: Եվ, ըստ էության, իրավիճակը հասել էր մի կետի, երբ պատերազմն անխուսափելի էր: Պատերազմն ուղղակի անխուսափելի էր:

«Ազատություն» ռադիոկայան - Բայց մի՞թե թվարկածներս խուսափելու փորձեր էին: Սա տպավորություն է ստեղծում, թե, ընդհակառակը, մենք ավելի էինք սրում իրավիճակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք ինչ, մենք փորձ էինք անում և պիտի փորձ անենք տեր կանգնել մեր իրավունքներին: Մենք փորձ էինք անում և պիտի փորձ անենք տեր կանգնել մեր իրավունքներին: Որովհետև հակառակը ուղղակի հանձնվելն է: Պատերազմից խուսափելու տարբերակը հանձնվելն է: Եթե մենք համարում ենք, որ հանձնվելը պատերազմից խուսափելու ճիշտ տարբերակ էր, ուրեմն, այո, մենք սխալ ենք արել, որ չենք հանձնվել:

Թեմայի այլ նորություններ