Քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը քառակի նվազել է. Ռուստամ Բադասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը քառակի նվազել է. Ռուստամ Բադասյան

Քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը քառակի նվազել է. Ռուստամ Բադասյան

Մեկնարկել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում երկու հարց է՝ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին նախագիծը:

Ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման ընթացքը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ Կառավարությունը 2019-ին դեկտեմբերին հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, որը ներառում է 89 միջոցառում և թիրախավորում միջոցառումներ, ինչպիսիք են՝ արդար դատաքննության իրավունքի պաշտպանության, կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության, խոշտանգումների արգելքի հետ կապված խնդիրները, հավաքների ազատության մասով հիմնական գործողությունները, նաև միջոցառումներ՝ միտված իրավահավասարության ապահովմանը, խտրականության արգելքին, խոցելի խմբերի պաշտպանությանը:

Միջոցառումներ են նախատեսված նաև կանանց իրավունքների պաշտպանության, երեխաներին բռնությունից պաշտպանության նպատակով:

Նախարարի խոսքով՝ ներդրվել է ռազմավարական փաստաթղթերի իրականացման մոնիթորինգ հաշվետվողականության և գնահատման արդյունավետության համակարգ, ստեղծվել է համակարգող խորհուրդ, որի կազմում, բացի բոլոր շահագրգիռ պետական մարմիններից, պատգամավորներից և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, առաջին անգամ հավասար ձայնի իրավունքով ընդգրկվել է նաև յոթ հասարակական կազմակերպություն, որոնք ընտրվել են մրցույթով:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նորամուծությունը թույլ կտա բարձրացնել խորհրդի աշխատանքի արդյունավետությունը և ապահովել թափանցիկություն ու հաշվետվողականություն: ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է նաև կատարված գործողությունների ամփոփ տեղեկատվություն:

2020-ին նախատեսված է եղել իրականացնել 25 միջոցառում, ամբողջությամբ կատարվել են 15-ը, մասամբ՝ 8-ը և համավարակի և պատերազմի պատճառով չի իրականացվել 2 միջոցառում:

Անցած տարի, ըստ նախարարի, իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց կատարման ժամկետը 2021-2022 թթ. էր: Դրանց մեծ մասը վերաբերում է  Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերին: ՀՀ արդարադատության նախարարությունը 2021-ի սկզբից նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի փոփոխության գործընթաց՝ միտված պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրների վերհանմանն ու հասցեագրմանը:

Բադասյանը նաև ընդգծել է՝ առաջին ընթերցում անցած Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերով նախատեսվել են նաև դատավարական սուբյեկտների իրավունքների պաշտպանության առավել իրավունքակենտրոն կարգավորումներ, որոնք լուծում են տարիներ ի վեր իրավապաշտպանների բարձրացրած մի շարք խնդիրներ:

Քրեական նոր օրենսգրքով նախատեսվում է ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակ, որն ազատության սահմանափակումն է: Այս պատժատեսակը դատապարտյալին առանց հասարակությունից մեկուսացնելու, տնային պայմաններում հսկողության տակ պահելու այլընտրանքային պատիժ է, որը կարող է կիրառվել օրենքով նախատեսված որոշակի հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկվող անձանց նկատմամբ:

Դատապարտյալների զբաղվածության ապահովումը, նախարարի խոսքով, դեռևս ամենալուրջ խնդիրներից է, որոնց շուրջ մի շարք ծրագրեր են քննարկվում: Նախարարի խոսքով՝ քրեակատարողական համակարգում բուժօգնության որակը բարձրացել է. նույնիսկ Քովիդ-19-ի ռիսկերի պայմաններում նախորդ տարիների համեմատ մահացության թիվը զգալի նվազել է:

Քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը նվազել է 4 անգամ: Ռուստամ Բադասյանը նշել է, որ 2020-ին գրանցվել է մահվան ընդամենը 5 դեպք, մինչդեռ 2019-ին այդ թիվը 19 էր:

Թեմայի այլ նորություններ