ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարներ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը:
Վարչապետը հանգամանալից կերպով ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը: Վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները: